ԱԺ նիստը ինքնախարազանման, ինչնամերկացման ու քաղաքական մազոխիզմի եզակի դրսեւորում էր. Հովիկ Չարխչյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին իրավունքի ուժով գումարված հատուկ նիստին Ազգային ժողովը դեմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանին՝ որպես վարչապետի թեկնածու՝ 45 կողմ, 56 դեմ քվեարկությամբ: Դեմ քվեարկեց մասնավորապես ՀՀԿ խմբակցությունը, կողմ՝ ՀՅԴ-ն եւ «Ծառուկյան» խմբակցությունները: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի հետ:

-Պարո՛ն Չարխչյան, Ազգային ժողովը, մասնավորապես ՀՀԿ-ն` մեկ բացառությամբ, դեմ քվեարկեց վարչապետի թեկնածությանը: Ի՞նչ տպավորություն ունեք այս պրոցեսից:

-ՀՀԿ քվեարկությունը Նիկոլ Փաշինյանի դեմ չէր: ՀՀԿ-ն քվեարկեց ժողովրդի կամքի դեմ` ապացուցելով, որ ինքը հակաժողովրդական երեւույթ է: Երկիրը վարչապետը չէ, երկիրը ժողովուրդն է: Մերժել նրա ցանկությունները, նշանակում է ոտքի տակ տրորել ազգային ու պետական շահերը: Աթոռներից կառչած մնալու հիվանդագին մոլուցքը կուրացրեց առողջ բանականությունը եւ խլացրեց իրավիճակը սթափ գնահատելու ինքնապաշտպանական բնազդը: Հիմա ՀՀԿ-ին այլեւս գերեզմանափոր պետք չէ: Այդ վայրկյանից ի վեր նրանք սկսել են փորել սեփական գերեզմանները: Բայց արդեն ոչ ոք հանգուցյալի համար արցունք թափելու ո՛չ ցանկություն ունի, ո՛չ պատճառ:

-Ի՞նչ կասեք նախօրեին Ազգային ժողովում հատուկ նիստի ժամանակ հնչած ելույթների առնչությամբ:

-Ազգային ժողովի նիստը` թե՛ Նիկոլ Փաշինյանի ելույթով, թե՛ հարցուպատասխաններով, թե՛ առանձին պատգամավորների տեսակետների շարադրմամբ, անչափ կարեւոր էր: Կարեւոր էր առաջին հերթին այն մարդկանց համար, ովքեր փողոց են դուրս եկել: Այդ հազարավոր մարդիկ մեկ անգամ եւս համոզվեցին, թե 10 տարի շարունակ այս երկիրն ինչ կեղտի մեջ է թաթախված եղել, եւ ովքեր են եղել այդ աղտեղության արտադրողները: Սրանից էլ ավելի ամրապնդվեց այն համոզմունքը, որ ախոռները մաքրել է պետք եւ անհապաղ: Ընդ որում, պետք է մաքրել մաքրություն իրականացնելու բոլոր հնարավոր ձեւերով ու եղանակներով: Խորհրդարանը նաեւ ցուցադրեց, թե ում տնօրինությանն ենք հանձնել մեր երկրի ճակատագիրը, եւ դա ինչպիսի մեծ ողբերգություն է ցանկացած ժողովրդի համար: Ավելի մեծ, ծանր ու կործանիչ հարված իշխանական թեւը հազիվ թե կարողանար ստանալ մեկ ուրիշից, որ նա ստացավ ինքն իր ձեռքից: Սա ԱԺ հատուկ նիստ չէր միայն: Սա ինքնախարազանման, ինքնամերկացման ու քաղաքական մազոխիզմի եզակի դրսեւորում էր: Այս պահից ի վեր մենք կարող ենք խոսել ոչ միայն համաժողովրդական շարժման կարեւորության, այլեւ այն մասին, թե անձնապես յուրաքանչյուրիս համար որքան մեծ կարեւորություն ունի այդ շարժման հաղթանակը, քանի որ դա բերելու է ոչ միայն նոր իշխանություն, այլեւ երկրի օդափոխություն: Ինչ-որ մեկը կարող է չսիրել Նիկոլին, բայց այդ մեկը չի կարող հրաժարվել իր թոքերն ու շնչառական համակարգը ախտահանելու հնարավորությունից:

-Ի՞նչ կասեք Նիկոլ Փաշինյանի հնչեցրած փաստարկների կապակցությամբ, դրանք, ըստ Ձեզ, համոզի՞չ էին:

-Որտե՞ղ պիտի Նիկոլ Փաշինյանը համոզեր` խորհրդարանու՞մ, թե՞ հրապարակներում: Երբ շարժումը սկսեց, այն օրերին եւս համոզում էր: Ո՞վ լսեց, ո՞վ համոզվեց: Շատ քչերը: Բայց նա եկավ ու համոզիչ դարձավ հազարավորների համար: Հիմա նույն պատկերը կրկնվում է Ազգային ժողովում: Ու՞մ պիտի համոզեր Նիկոլն այստեղ. ՀՀԿ-ականների՞ն, որոնք առանց Փաշինյանի խոսքը լսելու արդեն նիստի էին ներկայացել պատրաստի գրավոր ելույթներով եւ այնտեղ արդեն գրել էին, որ Նիկոլի խոսքն իրենց համար համոզիչ չէր: Երեկ գրել էին, որ այսօր չի համոզել: Եվ այս ամենով հանդերձ այլեւս էական չէ` Նիկոլը համոզի՞չ էր, թե՞ ոչ: Էականն այն է, որ ինչ-որ մեկին ինչ-որ բան համոզելու խնդիր ի սկզբանե դրված չէ:

-Հիմա ո՞րը պետք է լինի ժողովրդի անելիքը:

-Ժողովուրդը պիտի անի այն, ինչ արդեն անում է: Ամեն օր, ամեն ժամ պայքարել սեփական իրավունքների, երկրի բարեկեցության ու անվտանգության համար: Դա մի պայքար է, որը երբեք ավարտ չի ունենում:

Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի ցույցեր էին ընթանում Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: Վերջինս ԱԺ նիստում ընտրվեց ՀՀ վարչապետ, իսկ ապրիլի 23-ին հրաժարական ներկայացրեց։ Ընդդիմադիր շարժումը գլխավորում է ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս