Քննչական կոմիտեի` Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի գործունեության մասով իրավապահների բացահայտումները շարունակվում են:
Եվ այսպես` «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ամբաստանյալի աթոռին է հայտնվել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Ռաֆիկ Կարապետյանը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց կողմից բռնություն գործադրելով` զուգորդված խուլիգանության միջին ծանրության հանցագործության վերաբերյալ իր վարույթում քննվող թիվ 15856017 քրեական գործով միասնական դիտավորությամբ կեղծել է ապացույցներ:
Մեզ հայտնի դարձավ, որ մի խումբ երիտասարդներ կռիվ են արել, իսկ քննիչը ինչ-ինչ շահագրգռվածությունից ելնելով` նշել է, թե տղաները կռիվ չեն արել: Այս արարքի համար քննիչ Ռաֆիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 349 հոդվածի 2-րդ մասի` ապացույցներ կեղծել, հատկանիշներով: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին:
Հիշեցնենք նաեւ` 2017թ. նոյեմբերի 20-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Հայաստանի քննչական կոմիտեի` Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում: Բանն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազության դատախազները ծեծի էին ենթարկել քննիչի, իսկ ահա միջադեպը կապված էր աշխատանքային տարաձայնության հետ: Այս դեպքը քննվում է հատուկ քննչական ծառայությունում: Ըստ էության, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում անմխիթար վիճակ է: