ՀՀԿ-ից զանգվածային արտահոսք է սկսվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացիական անհնազանդության լայն գործողությունները երեկ վերսկսվել էին նաեւ Շիրակի մարզում: Վաղ առավոտից ցուցարարները փակել են Գյումրի մտնող բոլոր ճանապարհները: Փակ են եղել նաեւ Բավրայի անցակետն ու տարբեր գյուղեր տանող ճանապարհները: Ցույցին միացել են դպրոցներ, արտադրամասեր, խանութներ ու պարզապես անհատներ, որոնք մինչ այս պահը չէին հավատում, որ հնարավոր է երկրում ինչ-որ բան փոխել: Գյումրիում զուգահեռ հայտարարված էր համաներման օր. անձինք, որոնք հանդիսանում են ՀՀԿ անդամ, ձեռք բերեցին հնարավորություն` ազատվելու կուսակցական անդամատոմսից, դուրս գալու այդ կուսակցությունից ու միանալով պայքարող ժողովրդին:

Վարդանանց հրապարակի կենտրոնում թել, կամ ինչպես գյումրեցիներն են ասում,«չվան» էր անցկացվել, որի վրա հերթով կախում էին ՀՀԿ անդամատոմսերը: Ու կարճ ժամանակում այդ պարանի վրա հայտնվեցին մի քանի տասնյակի հասնող ՀՀԿ անդամատոմսեր. ՀՀԿ-ական էին դարձել ստիպողաբար՝ աշխատանքից զրկվելու սպառնալիքով, երեկ կատարեցին իրենց քայլը. շպրտեցին ՀՀԿ անդամատոմսն ու դուրս եկան այդ կուսակցությունից: Նրանցից մեկն էլ ՀՀԿ անդամ Արտակ Առաքելյանն է, որը երկար տարիներ ղեկավարել է հանրապետականների Գյումրիի երիտասարդական թեւը: Նա հայտարարություն է տարածել, որ դուրս է գալիս կուսակցությունից ու միանում ժողովրդի պայքարին. «Որոշմանս պատճառը այն է, որ կուսակցությունն ապրիլի 17-ից հետո սկիզբ առած համաժողովրդական պայքարի շրջանակներում ժողովրդի օրինական եւ արդարացի պահանջին ականջալուր չի լինում, որը, ըստ իս, հակասում է ՀՀԿ հիմնական սկզբունքին՝ կուսակցությանս հետ, բայց ազգիս համար։ Իրոք, ցավում եմ, որ կուսակցության քաղաքական ընթացքն այս ուղղությամբ է ընթանում»,- ասել է նա։

Քաղաքացիների՝ ՀՀԿ-ից դուրս գալու որոշումը բնականաբար ջերմ ընդունվեց: Ցուցարարներից Ղարիբ Հարությունյանը երեկ արձանագրեց. «Հանրապետական կուսակցությունը վերջնականապես հեղինակազրկված է: Այն անձինք, որոնք ուզում են ազատագրվել այդ կուսակցությունից, կարող են ազատվել այդ խարանից, կարող են հանձնել կամ ոչնչացնել դրանք: Բնակչությունը կտեսնի, թե ինչպես է մինչեւ հիմա կուսակցությունը անդամագրել մարդկանց ու բռնի պահել»: Ի դեպ, Շիրակի մարզի բնակիչները, գյումրեցիները երեկ հպարտանում էին, որ իրենց պատգամավորներից Ֆելիքս Ցոլակյանը ՀՀԿ խմբակցությունից միակը եղավ, որ կողմ քվեարկեց համաժողովրդական թեկնածու Նիկոլ Փաշինյանին: Եւ նրանք կոչ էին անում ՀՀԿ խմբակցության մյուս պատգամավորին՝ Արման Սահակյանին եւս ընդունել սխալ քվեարկությունը, շտկել այն:

ՇՈՒՇԱՆԻԿ ՕՀԱՆՅԱՆ




Լրահոս