Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի ամենադաժան բռնակալն է. պատմաբան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստեղծված ներքաղաքական իրավիճակի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է պատմաբան Վահրամ Թոքմաջյանի հետ:

-Պարոն Թոքմաջյան, խորհրդարանում մայիսի 1-ին ՀՀԿ-ականների պահվածքն ինչպե՞ս եք գնահատում, երբ դեմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանին:

-Ես առանձնապես հույս չունեի, որ Հանրապետականն ընտրելու է Փաշինյանին վարչապետ: ՀՀԿ-ն այժմ խաղում է շատ դավադիր խաղ: Ցանկացած պարագայում կարող են լինել անակնկալ, կտրուկ գործողություններ: Մենք տեսել ենք, ճանաչում ենք այդ կազմակերպությանը` իր բոլոր վատ կողմերով: Իսկ չընտրեց ինչու. եթե ուշադիր լսենք իրենց ելույթները, արտահայտությունները, ակնհայտ է, որ այդ մարդիկ հասկանում են, որ իրենք 10 տարի կառավարել են եւ իրենց հանդեպ կուտակվել է հասարակական շատ վատ վերաբերմունք: Այս դեպքում մտածում են` ինչպես անել, որ այդ բացասականից խուսափեն: Իրենք չեն մտածում պետության մասին, իրենք մտածում են իրենց նեղ անձնական շահերի մասին: Արդեն ակնհայտ է, որ իշխանափոխությունից հետո իրավական բոլոր ճանապարհներով այդ մարդիկ պատասխան են տալու: ՀՀԿ-ում շատ քիչ անմեղ մարդիկ կան. ես չգիտեմ` քանի անմեղ, քանի մեղավոր կա: Իրենք պետությունը տարել են ճգնաժամային հանգրվանի: Եվ սա երբեւէ լավ տեղ չի տանի, եթե այսպես շարունակեն:

-Ամեն դեպքում շարժումը շարունակվում է, եւ մարդիկ չեն պատրաստվում ետ կանգնել:

-Խնդիրն այն է, որ շարժումը մտել է մեխանիկական ռիթմի մեջ: Մարդիկ պատրաստ են մի ամիս, երկու, երեք ամիս, որքան որ պետք է` լինել փողոցներում: Մենք չգիտենք` իշխանությունը մինչեւ ուր կգնա, որովհետեւ մենք իրենց շատ վատ տեղերում շատ վատ կողմերից տեսել ենք, մեր մաշկի վրա զգացել ենք: Այս անգամ թե ինչ ծայրահեղության կգնան, թեկուզ զոհողության կգնան, չգիտենք: Հատկապես որ իշխանության ներսում կան հին ու նոր իշխանությունների, պայմանական ասած, թեւեր կան, որոնք նույնպես հասկանում են, որ շարժման ձեւակերպված հաղթանակի դեպքում իրենց համար լուսավոր ապագա ամեն դեպքում չի սպասվում:

-Տեսնում ենք, որ 2-րդ նախագահ Ռ. Քոչարյանը նույնպես ասպարեզում է եւ սկսել է հայտարարություններով հանդես գալ: Նա որքանո՞վ կարող է ազդեցություն ունենալ այս իրավիճակի վրա: Մանավանդ որ Մարտի 1-ի դեպքերն իր անվան հետ են կապվում, քանի որ, ի վերջո, նա էր այդ շրջանում նախագահը:

-Գիտեք` ինձ դատարանի որոշում պետք չի, որպեսզի ես իմանամ, որ Մարտի 1-ի գլխավոր կազմակերպիչներից մեկը Քոչարյան Ռոբերտն է: Ես ինքս մասնակցել եմ այդ շարժմանը, շարունակում եմ մասնակցել ցանկացած քաղաքացիական ու քաղաքական գործընթացի: Այո՛, Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի 3-րդ հանրապետության ամենադաժան բռնակալն է: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Հիշենք` քանի քաղաքական սպանություններ, «պատահական» սպանություններ են եղել: Անգամ բռնակալները շատ դեպքերում չեն համարձակվում կրակել իրենց ժողովրդի վրա, ինչն արեց Քոչարյան Ռոբերտը: Եվ հասկանալի է, որ Ս. Սարգսյանի եւ ՀՀԿ-ի` իշխանությանը մնալով` երբեւէ չի բացահայտվի այդ ամենը: Այսինքն` Քոչարյանը կարող է իրեն ապահով զգալ այնքան ժամանակ, քանի դեռ այս իշխանությունը կա: Եվ այս իշխանությունը կա նաեւ իր գործողությունների հետեւանքով եւ անկախ այն հակասություններից, որ եղել են 2015թ. սահմանադրական փոփոխությունների ժամանակ, որով դե յուրե եւ դե ֆակտո Սարգսյանը փորձեց Քոչարյանի ետ գալը կանխել, իրենք համատեղ ունեն բազմաթիվ գործարքներ, որպեսզի ինչ-որ մի պահի իրար գցեն: Դրա համար են Քոչարյանի ջղաձգումները եւ կծկումները: Եվ կարծում եմ` պատահական չէին դրսեւորումները` ռուսական «Գազպրոմի» եւ Կարեն Կարապետյանի տեսքով: Այսինքն` բազմաշերտ խաղ է, ամեն ինչ պարզ չէ, բյուրեղացած չէ: Եվ միմյանց մեջ կա խնդիր, եւ միմյանց դեմ կա պայքար, բայց երբ հարցը հասնում է իշխանափոխությանը, ժողովրդին, իրենք միավորվում են:

Վահրամ Թոքմաջյան

-Այսինքն` Քոչարյանը որոշակի շահերից ելնելով` այժմ փորձում է միջամտե՞լ:

-Քոչարյանը ոչ միայն ունի շահեր, այլ շատ լուրջ ռեսուրսներ: Դա ես չեմ ասում. ռուսական լրատվամիջոցներն են ասում: Բազմաթիվ հրապարակումներ են եղել այդ մարդու կարողության վերաբերյալ: Հիմա ինչ-որ մեկը պիտի պատասխան տա, թե այն ժամանակ ընդամենը 600.000 դրամ աշխատավարձով նախագահ աշխատած մարդը 4,5-5 մլրդ դոլար կապիտալ ինչպե՞ս է կուտակել: Ինչպե՞ս է ստացվել, որ իր ընտանիքի որոշ անդամներ նոր բուհն ավարտած` 24, 25 տարեկանում, արդեն դոլարով միլիոնատեր էին: Իհարկե, նա ունի իր շահերը, իր լծակներն ուժայիններում, նաեւ դրսից «տղա բերելու» մոլուցքը միշտ եղել է: Մայիսի 1-ին խորհրդարանում` հանրապետականների ելույթներում, հենց ռուսաց ցարին դիմումը կարելի էր նկատել: Իհարկե, ռուսական միջավայրում էլ վերաբերմունքը միանշանակ չէ. նախագահական շրջանակում կան բազմաթիվ ուղղություններ, եւ այնտեղ, իմ կարծիքով, կոնսենսուս չկա, որից կարող էին օգտվել այստեղի իշխանությունները: Բայց այն, որ Ս. Սարգսյանին չի հաջողվել մինչեւ վերջ իր շրջապատը մաքրել քոչարյանական կադրերից, ակնհայտ է: Ե՛վ Արմեն Գեւորգյանը, ե՛ւ Վիգեն Սարգսյանը քոչարյանական կադրեր են, որոնք հավատարմության երդում էին տվել Ս. Սարգսյանին, բայց ներիշխանական համակարգում ի՞նչ երդում. ցանկացած պահի դա կարող է խախտվել: Իմ կարծիքով` ապրիլի 17-ին Սարգսյանի արած հայտարարությունը` հանգած հրաբուխների մասով, վերաբերում էր հենց Ռ. Քոչարյանին: Թե որքան շատ արյուն է սիրում Ռոբերտ Քոչարյանը, բոլորս գիտենք, նորություն չի: Պատահական չէ, որ այդ մարդուն որոշ շրջանակներում «վոյին» (ռազմիկ) են անվանում:

-Այս իրավիճակում կարծում եք` կրակելու հրաման կտրվի՞:

-Ես հույս ունեմ, որ Մարտի 1-ին բոլոր փամփուշտները սպառվել են: Ոչ ոք արյուն չի ուզում: Եվ ես հուսով եմ, որ ազգաբնակչությունը մինչեւ վերջ` ավելի զանգվածային, բոլոր շերտերն ընդգրկելով` կկանգնի փողոցներում: Կրակելու դեմ միակ զսպաշապիկը` շատ մարդիկ են փողոցներում: Ամեն մի մարդու ներկայությունը փողոցում 0,1 միլիոներորդականով նվազեցնում է կրակելու հավանականությունը: Հատկապես որ հիմա կոնկրետ պատասխանատու չկա: Եվ չեմ կարծում, թե Գասպարյան Վովան կենթարկվի, օրինակ, առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանին, որը չունի ուժային լծակ` ուժային կառույցներին ղեկավարելու:

-Եթե դիտարկենք այլ երկրներում եղած հեղափոխությունները, դա ի՞նչ է հուշում` մեզ մոտ կհաջողի՞ հեղափոխությունը, թե՞ ոչ:

-Ես չգիտեմ նման խաղաղ հեղափոխություն, որի ընթացքում որեւէ ցուցափեղկ չի կոտրվում, մեքենա չի այրվում: Անկախ ամեն ինչից` կարծում եմ, որ այս շարժումը մտնելու է միջազգային բուհերում դասավանդվող քաղաքագիտություն առարկայի մեջ: Լինի գունավոր հեղափոխություն, ֆրանսիական, թե այլ, չէի ուզի զուգահեռ անցկացնել: Ամեն դեպքում, մեր շարժումն ունի առաջնորդներ, եւ բանակցել կարող են իրենք. դա կլինի Ն. Փաշինյանը, Դ. Սանասարյանը, թե Ա. Գրիգորյանը: Իրենք են իրենց վրա պատասխանատվություն վերցնելու վերջնական հաջողության համար, իսկ հասարակությունից ինչ պահանջվում էր` նա արդեն արել է:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ




Լրահոս