Հայաստանում որոշ գերատեսչությունների աշխատողները դարձյալ մատնվել են պարապուրդի: Պատճառը երկրում առկա ներքաղաքական զարգացումներն են: Պարապուրդը հիմնականում այն գերատեսչություններում է, որոնց նախարարների ժամանակավոր պաշտոնակատարները դեռեւս մեկ շաբաթ առաջ են հրաժարականի դիմում ներկայացրել:
Խոսքը դաշնակցական նախարարների ղեկավարած կառույցների մասին է. տարածքային կառավարման եւ զարգացման, կրթության եւ գիտության, բնապահպանության նախարարների ԺՊ-ների մասին է: Նաեւ օրեր առաջ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարի ԺՊ Հրաչյա Ռոստոմյանն է հրաժարականի դիմում ներկայացրել, իսկ երեկ արդեն պաշտոնից հրաժարվեց մշակույթի նախարարի ԺՊ Արմեն Ամիրյանը, որն անցած տարվա խորհրդարանական ընտրություններին զբաղեցրել էր ՀՀԿ համամասնական ցուցակի 5-րդ համարը:
Տեւական ժամանակ է, ինչ այս գերատեսչությունների ղեկավարները չկան, նրանց ենթակաները, ըստ էության, մատնվել են պարապուրդի: Օրինակ` տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունում նախօրեին փոխնախարար Վարազդատ Կարապետյանը հրաժարականի դիմումը չգիտեր, թե ում ներկայացներ: Տարածքային զարգացման և կառավարման, ինչպես նաեւ սպորտի նախարարությունում աշխատանքային կյանքը կարծես թե կանգ է առել: Ավելին` այս գերատեսչությունների պաշտոնական կայքէջերում պաշտոնաթող նախարարների ԺՊ-ի ուղերձներն են: Իսկ պաշտոնական լրահոսում այս նախարարության գործունեության մասին վերջին նորությունները տեղադրվել են ապրիլի 26-ին: Միայն բնապահպանության նախարարությունն է բնականոն աշխատել:
Սյունէ Համբարձումյան