Երեկ առավոտից Լոռու մարզի քաղաքային ու գյուղական մի շարք բնակավայրերի ճանապարհներ անանցանելի էին. մինչեւ ժամը 16:00-ն փակ է եղել Սպիտակ-Երեւան միջպետական մայրուղին, չի աշխատել նաեւ միջքաղաքային տրանսպորտը: Վանաձորում, Սպիտակում շարունակվել են քաղաքացիական անհնազանդության խաղաղ ակցիաները: Նշված վայրերում դասադուլն ու գործադուլը շարունակվել են, Սպիտակում ցուցարարներին են միացել նաեւ խանութների, սուպերմարկետների աշխատակիցները:
Սպիտակ քաղաքի երիտասարդ ցուցարարներին հաջողվել է շարժմանը ներգրավել թիվ 2 դպրոցի աշակերտներին, որոնք մինչ այս հնարավորություն չեն ունեցել իրենց միանալ: Նրանք երգ-երաժշտության ուղեկցությամբ, քայլերթով հասել են այստեղ, աշակերտներին ու ուսուցիչներին կոչ արել իրենց միանալ: Ցուցարարների համառության արդյունքում դպրոցի տնօրեն, ավագանու ՀՀԿ անդամ Լուսինե Մաթոսյանը թույլատրել է բացել դռները, եւ բազմաթիվ աշակերտներ կարողացել են միանալ դասադուլին, ապա նրանց են հետեւել տասնյակ ուսուցիչներ: Նրանք նախ քայլերթ են անցկացրել քաղաքի կենտրոնական փողոցներով, ապա շարժվել գլխավոր հրապարակ: Այստեղ հավաքված մի խումբ մանկավարժներ հրապարակավ հրաժարվել են ՀՀԿ անդամակցությունից, նրանցից մեկն էլ նշել է, թե կուսակցական պատկանելություն չունի, բայց ունի երկրապահի հուշամեդալ, ինչից նույնպես հրաժարվել է:
Սպիտակի թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչուհի Վերգինե Բունիաթյանը, ով հենց սկզբից միացել է «Իմ քայլը» շարժմանը, անդրադարձավ Աժ-ում տեղի ունեցած քվեարկությանը, որտեղ որոշվում էր Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու հարցը: «Ես ավելի շատ նմանեցնում էի դատական, քան ԱԺ նիստի: Բայց հիացած եմ Նիկոլի պատճառաբանված, առանց խառնվելու տրված ու տրամաբանված պատասխաններով: Այդ նույն ՀՀԿ-ականները առայժմ ստի ոտքը բռնած շարունակում են քարշ տալ իրենց գոյությունը, որովհետեւ ոչ մեկը ո՛չ ասեց այն, ինչ մտածում էր, ո՛չ էլ այն, ինչ ուզում էր: Ընդամենը ասացին այն, ինչ գրել տվել էին իրենց: Սա պիտի վերանա, մենք ուզում ենք ապրել ազնիվ, ճմարիտ կյանքով, իրար սիրելով, հանդուրժելով»:
Նշենք, որ երեկ, ի տարբերություն նախորդ օրերի, ցուցարարների շարքերը համալրել էին նշված դպրոցի եւ այլ ուսումնական հաստատությունների այնպիսի ուսուցիչներ, որոնց մինչ այդ արգելվել էր միանալ բողոքի ակցիաներին: «Մեր ազգը նեղություններից չի վախենում, եթե մինչեւ հիմա կաշառակերների պատճառով է տանջվել, հիմա ավելի ուրախ պիտի կրի իր խաչը: Եթե ժովուրդը միանա, Նիկոլը էդ ծանրությունը միայն իր վրա չի զգա»,-հայտարարել է թիվ 1 դպրոցի ուսուցչուհի Կարինե Դանիելյանը: Նա աշակերտներին հորոդորել է հրապարակ գալ իրենց քույրերի, եղբայրների ու ծնողների հետ, որպեսզի շարժումը օր օրի ավելի լայն մասշտաբների հասնի:
Մարջան Չոբանյան
Վանաձոր