Ամիրյա′ն, հրաժարականը օյին չի. քա′յլ արա, հանձնի′ր ՀՀԿ անդամատոմսդ․ մշակութային գործիչների արձագանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը հրաժարական է տվել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այդ լուրը հաստատեց Արմեն Ամիրյանի մամուլի քարտուղար Ռուզաննա Խաչատրյանը:

Նշենք, որ թատրոնի եւ կինոյի մի շարք դերասաններ, մշակույթի այլ գործիչներ երեկ խնդրել էին հանդիպել մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ: Նրանք հորդորում էին նախարարին միանալ ժողովրդին եւ պահանջել Հանրապետական կուսակցության հրաժարականը:

«Ես մշտապես ժողովրդի հետ եմ եւ այս պահին կատարում եմ նախարարի ժամանակավոր պարտականություններ, չեմ կարող թողնել աշխատանքը: Ես կկատարեմ իմ պարտականություններն այնքան ժամանակ, մինչեւ նոր կառավարություն կնշանակվի, եւ կփոխանցեմ ամբողջ գործերը նոր կառավարությանը: Ես խնդրում եմ՝ մի պարտադրեք»,- ի պատասխան մշակույթի գործիչների հորդորների՝ սկզբում նշեց Ամիրյանը: Ավելի ուշ տարածվեց հրաժարականի մասին լուրը:

Ի դեպ, նախարարության մոտ հավաքվածների թվում էին նաեւ Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողներ: Հայտնիներից նրանց միացել էին դերասաններ Խորեն Լեւոնյանը, Սամվել Թադեւոսյանը, Արամոն, Տաթեւիկ Մելքոնյանը, Ելենա Բորիսենկոն, Իրինա Դանիելյանը, Արսինե Նավասարդյանը, դաշնակահար, կոմպոզիտոր Արթուր Ավանեսովը, նկարչուհի Անուշ Չուբարյանը եւ այլք:

Ելենա Բորիսենկոն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում շեշտեց. «Ես գիտեի, որ Արմեն Ամիրյանը հրաժարական կտա, որովհետեւ բոլոր նրանք, որոնց մեջ մարդկային ինչ-որ բան կա, չեն կարող այդ քայլը չանել, իսկ Ամիրյանի մեջ կա այդ մարդը: Շատ ուրախ եմ եւ շնորհակալ եմ նրան: Սա մեծ քայլ էր»:

Այլ է գրող Արթուր Հայրապետյանի տեսակետը: Նա Ամիրյանին հորդորեց քայլ անել, այլապես հրաժարականը, ինչպես ինքն է ասում, «օյին չի». «Ո՞ւր է այստեղ կառավարություն, որ կառավարության անդամն էլ հրաժարական է տալիս, հետն էլ առիթը բաց չի թողնում՝ ծափահարողներ հավաքում։ Քայլ արա, Ամիրյան Արմեն, հանձնի՛ր ՀՀԿ անդամատոմսդ եւ միացի՛ր ժողովրդին, ու ես այդ դեպքում կծափահարեմ։

Թեեւ այս օրերին ժողովուրդը մի փոքրիկ բանից ուրախանում է, հասկանում եմ, բայց այս դեպքում ծիծաղելի է այն, որ Ամիրյանը որոշում է կրկին լավամարդ դուրս գալ։ Եվ սա այն դեպքում, երբ իր ղեկավարած նախարարությունը նման էր սիրուն տղայի, որն ամեն բան անում էր, որ իրեն գովեն, բայց ախր այդ մարդը մշակույթից գաղափար չուներ։ Հիմա ինչպե՞ս պատահեց, որ նրա հրաժարականը լսելով` ծափիկ-ծափիկ անողները սկսեցին հարգել նրա որոշումը։ Թեեւ ի՞նչ եմ ասում, այդ ծափահարողներից շատերը օգտվել են նրանից՝ ոսկորի զորությունը լավ գիտեն»,-մեկնաբանեց Արթուրը:

Հիշեցնենք, որ Ամիրյանն ԱԺ ընտրություններում ՀՀԿ ցուցակում 5-րդ հորիզոնականն էր զբաղեցնում:

Աննա Բաբաջանյան




Լրահոս