Հայաստանում այս օրերին անցկացվող հանրահավաքներին եւ բողոքի ցույցերին միջազգային հանրության արձագանքը խոսուն էր: Նախկինում ԱՄՆ-ը, ԵՄ-ն ու ՌԴ-ն միաժամանակ չէին արձագանքել բողոքի ցույցերին, եւ կողմերից (հասկանալի է՝ առաջին հերթին իշխանություններից) չէին պահանջել զսպվածություն ցուցաբերել: Նրանց արձագանքները հիմնականում եղել են ուշացած, երբ արդեն իշխանությունները դիմել էին բռնությունների, կամ միշտ չէ, որ ե՛ւ Արեւմուտքը, ե՛ւ ՌԴ-ն նույնկերպ են արձագանքել: Մինչդեռ երեկ ընդհակառակը. «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ ե՛ւ Արեւմուտքի, ե՛ւ ՌԴ-ի տոնայնությունը համահունչ էր: ԱՄՆ պետքարտուղարությունն իր հաղորդագրության մեջ անհանգստություն էր հայտնել մինչեւ հիմա ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումների առնչությամբ, ու նշել. «Կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել եւ խուսափել որեւէ լարվածությունից կամ բռնի գործողություններից»: ՌԴ-ն ՀՀ-ում կատարվող իրավիճակին անդրադարձել է նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի միջոցով. «Եւ ամենակարեւորը, մենք հույս ունենք, որ ամեն ինչ ընթանում է օրինականության շրջանակներում»,- ասել է նա: Եւ վերջապես, ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունն ու ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները հայտարարություն են տարածել` կարեւորելով, որ «ներգրավված բոլոր կողմերը շարունակեն դրսեւորել զսպվածություն եւ պատասխանատվություն»: ԵՄ-ն շեշտել է ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների, օրենքի գերակայության ներառյալ դատաիրավական համակարգի ամրապնդման ուղղությամբ քայլերի անհրաժեշտությունը: Նկատենք նաեւ, որ բողոքի ցույցերի ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը մշտապես հայտարարել է թավշյա իշխանափոխության մասին` ընդգծելով, որ իրենք մերժում են բռնությունը, հակաօրինական քայլերը եւ իշխանությունների ուժին հակադրելու են միայն ժպիտ: Իսկ իշխանությունները երեկ արդեն փողոց են դուրս բերել զրահատեխնիկա եւ ջրցան մեքենաներ, որոնք գիշերային ժամին «պտտեցնում էին» մայրաքաղաքի կենտրոնում:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է ընդունել առաջնահերթության կարգով քննել հայաստանյան մի շարք աղմկահարույց քրեական գործերի շրջանակներում կալանավորված անձանց բողոքները: Բայց այդ որոշումն ընդունելուց հետո քննություն չի իրականացվում: Եւ հիմա մի շարք իրավապաշտպաններ եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիներ ստորագրահավաք են սկսել՝ ուղղված ՄԻԵԴ-ին: Մեզ հայտնի դարձավ, որ խոսքը Անդրիաս Ղուկասյանի եւ Վահան Շիրխանյանի գործերի մասին է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ա. Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը նշել է. «Նամակներ ստացանք, որ շուտով կսկսվի կոմունիկացիաների փուլը, բայց փաստ է, որ ինչ-որ խնդիր կա, եւ մեզ չեն պարզաբանում: Այս իրավիճակը կարող է սուբյեկտիվ գործոններով պայմանավորված լինել: Եթե սուբյեկտիվ գործոնը ապացուցվի, ՄԻԵԴ-ը դա վեր պետք է հանի եւ լուծում տա»:
ԵԽԽՎ ապրիլի 23-ին կայանալիք նստաշրջանում հայաստանյան պատվիրակության անդամներին լուրջ փորձություն է սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մի շարք հասարակական կազմակերպություններ Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված հանրահավաքի եւ ցուցարարների դեմ իրականացված բռնությունների մասով նամակ են ուղարկել ԵԽԽՎ ու սպասում են արձագանքին: Հիմա հայ պատվիրակները պետք է առերեսվեն իրականության հետ: Բնական է՝ իշխանական անդամները փորձելու են ամեն կերպ արդարացնել տեղի ունեցածը, պաշտպանել Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրության փաստը, դժվար է լինելու ընդդիմադիրների գործը. ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, «Ելք» խմբակցությունից Էդմոն Մարուքյանը դեմ քվեարկեցին Սերժ Սարգսյանի վարչապետությանը: Բայց մյուս կողմից նրանք չեն միացել այս օրերին Երեւանում ընթացող բողոքի ցույցերին: Ավելին՝ Մարուքյանը, ինչպես հայտնի է, իր խմբակցության ղեկավար Փաշինյանի հետ տարաձայնություններ ունի պայքարի մեթոդների հետ կապված: Հետաքրքիր է՝ արդյո՞ք ԵԽԽՎ-ում Մարուքյանը կպաշտպանի Փաշինյանին, թե՞ ոչ:
Պարզվում է` վերջին տարիներին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը ընդերքի եւ օգտակար հանածոների օգտագործման համար տրված արտոնագրերի, թույլտվությունների դիմաց վճարները թերի է հավաքագրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2016 թվականին պետական սեփականություն հանդիսացող ընդերքի եւ օգտակար հանածոների օգտագործման համար տրված արտոնագրերի, թույլտվությունների դիմաց պետական բյուջեով նախատեսվել է հավաքագրել 749 մլն 500 հազար դրամի պետական տուրք: Սակայն նախարարությանը հաջողվել է հավաքագրել ավելի քիչ՝ 527 մլն 130 հազար դրամ: Պարզվում է` անցած տարվա ընթացքում առանձին ընկերություններ սնանկ են ճանաչվել եւ լուծարվել են, ինչի արդյունքում դրանց պարտավորությունները չեն արտացոլվել: Միաժամանակ տեղեկացանք, որ վերջին տարիներին նվազել են հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների իրացման շրջանառությունը: Օրինակ` 2014 թվականի տարեկան 618.8 մլրդ դրամ իրացման շրջանառության համեմատությամբ` 2016 թվականին այն նվազել է 46.9 մլրդ դրամով եւ կազմել 569.9 մլրդ դրամ:
ԱՆՀԱՍԿԱՑՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՂ ՊԱՏԸ
Եւ այսպես` Սերժ Սարգսյանը երրորդ անգամ զբաղեցրեց երկրի ղեկավարի պաշտոնը (պարզապես այս անգամ վարչապետի կարգավիճակում, քանի որ նոր Սահմանադրությամբ հենց կառավարության ղեկավարն է համարվում երկրի առաջին դեմքը): Երրորդ անգամ եւս Սերժ Սարգսյանն իր պաշտոնը ստանձնեց փշալարերից այն կողմ՝ շրջապատված ոստիկաններով, ջրցան մեքենաներով, ցուցարարների բողոքի ներքո:
Ու հիմա պետք է փաստենք` 2008թ. կեղծված նախագահական ընտրություններից, մարտի 1-ի սպանդից հետո իշխանության եւ հասարակության մեջ խոյացած անհասկացողության պատն այս տարիներին չի վերացել, չնայած տասը տարի առաջ Սերժ Սարգսյանը խոսում էր այդ պատը քանդելու մասին: Ընդհակառակը, անհասկացողության պատն այս ընթացքում ավելի է վեր բարձրացել, ավելի հաստացել ու դեռ երկար, շատ երկար այսպես է շարունակվելու: Շարունակվելու է, որովհետեւ իշխանություններն ընտրել են ժողովրդին արհամարհելու տարբերակը (հավանաբար կարծելով, թե ընտրություններին ընտրակաշառքի միջոցով իրենց օգտին քվեարկել ստիպելուց հետո իրավունք են ստացել նույն այդ մարդկանց հետ վարվել ուզածի պես):
Բայց իրավիճակն այսպես շարունակվելու դեպքում հետեւանքներն արդեն կարող են անդառնալի լինել հենց պետության համար` խարխլելով վերջինիս հիմքերը: Ի վերջո, այսօր փողոց է դուրս եկել ՀՀ քաղաքացին, հիմնականում՝ երիտասարդությունը: Փողոց է դուրս եկել հասարակության այն հատվածը, որը մեր պետության վաղվա օրն է, պետության շարժիչ ուժը: Մինչդեռ հիմա իշխանությունները, երիտասարդների նկատմամբ բռնություն գործադրելով, ոստիկանություն նրանց բերման ենթարկելով, նրանց պահանջն արհամարհելով, պարզապես քար են նետում նույն վաղվա օրվա, ապագայի վրա: Չզարմանաք, եթե վաղը այդ նույն երիտասարդը հավաքի իրերն ու հեռանա երկրից, երբ տեսնի իր պայքարն արդյունք չի տալիս, ընդհակառակը, ճնշվում է ուժային մեթոդներով: Վաղը կհեռանա նաեւ նույն այդ ոստիկանը, որ տարիներ շարունակ որպես գործիք ծառայել է ռեժիմի ձեռքին:
Հետո՞: Հետո ավելի վատ է լինելու, շատ ավելի վատ, քան կարելի էր պատկերացնել, որովհետեւ պարզ է՝ Հայաստանի ամենագլխավոր խնդիրն այսօր ոչ թե սոցիալ-տնտեսական վիճակն է, ոչ թե վատ կառավարումը, այլ նախ եւ առաջ հուսալքությունը, քաղաքացու օտարումը պետությունից, դրա հետեւանքով՝ հասարակության մեջ պետության նկատմամբ պատասխանատվության գիտակցության նվազումը:
«Ի՞նչ անել» հարցի պատասխանը տվյալ դեպքում շատ պարզ է. անհապաղ գնալ փոխզիջումների` երկխոսություն սկսելով հասարակության հետ: