ԲԱՂՐԱՄՅԱՆՈՒՄ ՍԿՍԵՑԻՆ, ԱՅՆՏԵՂ ԷԼ ԱՎԱՐՏԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է՝ Երեւանում շարունակվում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ցույցերը: Ընդ որում, հակառակ հոռետեսական կանխատեսումներին` ցուցարարների թիվը գնալով ավելանում է անգամ այն բանից հետո, երբ խորհրդարանում իշխող մեծամասնությունը քվեարկությամբ Սերժ Սարգսյանին հաստատեց երկրի փաստացի ղեկավարի պաշտոնում: Հատկանշական է փաստը, որ ցուցարարների մեջ բավական մեծ թիվ են կազմում երիտասարդները: Իսկ իշխանությունները, իրենց ձեռագրին հավատարիմ, հիմա փորձում են ահաբեկել հենց նոր կյանքի պայքարի բովում հայտնված երիտասարդներին՝ փորձելով նրանց մեջ կոտրել ոգին: Երեկ ոստիկաններն ավելի քան հարյուր հոգու էին բերման ենթարկել, ավելի ուշ ազատ արձակեցին:

Ինչեւէ, երեկ ցուցարարներն իրենց գործունեությունը սկսեցին վաղ առավոտյան, ընդ որում, առաջին «կանգառը» Բաղրամյան 26-ում էր՝ Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ: Եւ խորհրդանշական կերպով երեկվա ակցիան ավարտվեց կրկին Բաղրամյան պողոտայում: Եվ մինչ Նիկոլ Փաշինյանն իր համակիրներով Բաղրամյան պողոտայում էր, ոստիկանները բերման էին ենթարկում Ֆրանսիայի հրապարակում փողոց փակած ցուցարարներին: Եվ մինչ Փաշինյանը վերադարձավ հավաքի վայր, այն արդեն ոստիկանների հսկողության տակ էր գտնվում եւ այդպես էլ մնաց:
Երեկ եւս Փաշինյանը շարունակեց իրականացնել փողոցների եւ շենքերի շրջափակման ծրագիրը՝ երկար ժամանակ մնալով արտաքին գործերի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի շենքերի դիմաց: Երբ ակտիվիստները ԱԳՆ-ի դիմաց էին, աշխատանքային ժամն ավարտվում էր, եւ տարածքում ոստիկանների կողմից պատնեշ ստեղծվեց, որպեսզի աշխատակիցները կարողանան դուրս գալ շենքերից: Ուշագրավն այն էր, որ բոլոր աշխատակիցները, դուրս գալով շենքերից, գերադասում էին հեռանալ շենքի հետեւի մասով, որպեսզի դեմ առ դեմ չհանդիպեին ցուցարարներին, թեեւ իրականում նրանցից շատերը եւս դեմ են Սերժ Սարգսյանի վարչապետությանը, համակրանք ունեն այս օրերին անցկացվող ցույցերի նկատմամբ, բայց եւ իրենց կարգավիճակից դրդված` դեռեւս քայլ չեն անում՝ միանալու բողոքի ակցիաներին:
Օրը եզրափակվեց Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքով, որտեղ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ հետագա պայքարին: Ռազմավարությունը նույնն է, սակայն ավելի մեծ մասշտաբներ պետք է ընդգրկի:
Հանրապետության հրապարակում հանրահավաքին ելույթ ունենալիս Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ այն հարցին, թե ինչ է տեղի ունենում իրենց հայտարարած թավշյա, ժողովրդավարական հեղափոխության հետ, եւ կոնկրետ ինչպես են պատկերացնում այդ գործընթացի տրանսֆորմացիան իշխանափոխության:
«Նախ այն մասին, թե ինչ է տեղի ունենում` մեր հայտարարած հեղափոխությունը ալիքաձեւ տարածվում է Հայաստանի Հանրապետությունում եւ ողջ Սփյուռքում»,- ասաց նա եւ նշեց, որ այդ ամենը արտահայտվում է նրանով, որ իրենց աջակցության խոսքեր են ասում հայտնի մտավորականններ, ինչպիսիք են հայտնի երգահան Արմեն Մովսիսյանը, երգչուհի Լիլիթ Պիպոյանը, սիրված դերասան Հայկ Մարությանը եւ այսօր արդեն մարդկանց ողջունած սիրված դերասան Հովհաննես Ազոյանը:
Նա նշեց, որ այս գործընթացն ամեն օր նոր չափեր եւ ծավալներ պետք է ստանա: Նիկոլ Փաշինյանը հայտնեց նաեւ, որ Գյումրիում բազմամարդ ակցիա է տեղի ունեցել, եւ մարդիկ շրջափակել են մարզպետարանի շենքը, Բջնի գյուղում փողոցներ են փակել, եւ մարդիկ շարունակում են իրենց ֆինանսական աջակցություն ցույց տալ:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է կարողանան այնպես անել, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր նախարարության, գերատեսչության, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքերում, պետական բոլոր մարմիններում հարյուրավոր քաղաքացիներ սկսեն նստացույցեր անել, որպեսզի այդ մարմիններում տեղ չմնա այդ պաշտոնյաների նստելու համար:
«Հենց սա պետք է լինի իշխանափոխության մեր ռազմավարությունը։ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ նախարարը մտնում է իր աշխատասենյակ, բայց այնտեղ նույնիսկ նստելու տեղ չունի: Սա իշխանափոխություն է»,-ասաց նա: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հրապարակում ընթացող հանրահավաքի շարքերում նկատել է պաստառներ, որոնց վրա պատկերված են Շառլ Ազնավուրի եւ Սերժ Թանկյանի դիմանկարները:
«Պարզվում է` հիմա Սերժ Թանկյանն ուղիղ եթերով մեզ է նայում: Հենց հիմա: Սե՛րժ, մենք սպասում ենք քեզ»,- դիմեց Նիկոլ Փաշինյանը: Պատգամավորը ընթերցեց նաեւ Սերժ Թանկյանի գրառումներից մեկը ընթացող միջոցառումների մասին, որում Թանկյանը գրել է, որ այս պահին Հայաստանում անհավատալի բան է կատարվում՝ քաղաքացիական անհնազանդությունը թափ է առնում եւ վերածվում գործադուլի եւ դասադուլի՝ ընդդեմ անարդար, կոռումպացված իշխող էլիտայի։ Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց երթով գնալ դեպի Բաղրամյան պողոտա, ոստիկանական ուժեր կենտրոնացրին, սակայն ամեն ինչ ավարտվեց:
Միայն թե, նկատենք, մեծ հաշվով անհասկանալի են ընդդիմության հետագա քայլերը, եթե շենքեր շրջափակելու գործողություններն իրենց արդյունքը չունենան: Ի վերջո, պետք է փաստենք, որ անկախ «շրջափակումներից»` պետական մի շարք գերատեսչություններ շարունակում են իրենց աշխատանքը: Այնպես որ, այս օրերին կատարվող իրադարձությունները գնալով պետք է շատ ավելի լուրջ քաղաքական բովանդակություն ստանան:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՍԴ-ՈՒՄ ՊԱՐԱՊՈՒՐԴ Է
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հանրահավաքների արդյունքում պարապուրդի մեջ են հայտնվել մի շարք պետական գերատեսչություններ: Բայց սա ոչ թե այն պատճառով, որ հանրահավաքի մասնակիցները շրջափակել են այդ գերատեսչությունների շենքերը, այլ որովհետեւ այդպես է հրահանգել ղեկավար կազմը: Այդ գերատեսչությունների թվում է նաեւ ՀՀ սահմանադրական դատարանը. ապրիլի 17-ին ՍԴ աշխատակիցները աշխատանքի չեն գնացել: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` ՍԴ ղեկավար կազմը աշխատողներին հորդորել է ապրիլի 18-ին էլ աշխատանքի չգնալ: Մեզ հայտնի դարձավ, որ վերջին երկու օրերին շենքում ընդամենը մի քանի հոգի են եղել, նրանք, ովքեր ՍԴ շենքի մոտակայքում են ապրում: Նշենք, որ մի քանի օր է՝ ոստիկանությունը փակել է Բաղրամյան պողոտան` այդպես շրջափակելով նաեւ ՍԴ-ն: Տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՍԴ աշխատակազմի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի հետ, ով լսելով հարցը` արձագանքեց. «Երկու օրերին էլ ՍԴ աշխատողները եկել են աշխատանքի իրենց աշխատանքային ժամին եւ աշխատել են մինչեւ աշխատանքային օրվա վերջ: Նրանք երկու օրերին էլ բնականոն հունով աշխատում են»: Ի դեպ, տեղեկացնենք, որ Վլադիմիր Վարդանյանը նոր է այս պաշտոնին նշանակվել՝ Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ դառնալուց հետո:

 

 

ՀՐԱՀԱՆԳԵԼ ԵՆ ՉԽՈՍԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ճշտել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի դիրքորոշումը վերջին օրերի ներքաղաքական իրադարձությունների մասին: Սակայն նա հրաժարվել է խոսել` ասելով, թե ոչ մի լրագրողի հարցի չի պատասխանում: Նա պատճառաբանել է, թե «լրագրողները սուտ են խոսում»: Սակայն նկատենք, որ Հակոբ Հակոբյանի «նեղացվածությունը» բավական խորը ամրատներ ունի: Բանն այն է, որ անցած տարի թանկացումների շուրջ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորը այսպիսի հայտարարություն էր արել, թե. «Աղքատներին թանկացումը չի վնասում, քանի որ նրանք գումար չունեն եւ առեւտուր չեն անում»: Արդյունքում այս հայտարարությունից հետո, ըստ մեզ հասած լուրերի, իշխանությունները պատգամավորին արգելել են խոսել: «Ժողովուրդ» օրաթերթը Հակոբ Հակոբյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, Հակոբ Հակոբյանը պատասխանեց. «Ասում եմ Ձեզ` ես լրագրողներին բան չեմ ասում, քանի որ այն, ինչ ես չեմ ասել, վերագրում են ինձ եւ ինձ քննադատում են»: Հակոբ Հակոբյանը նեղանալու փոխարեն ճիշտ կաներ` եւս մեկ անգամ դիտեր իր հարցազրույցի տեսագրությունը, գուցե այս անգամ համոզվի, որ ինքն իրոք ասել է այն արտահայտությունները, որի համար եւ քննադատության արժանացավ:

 

 

ՉԵՆ ՑՐԻ
«Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ՀՀ ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը հայտարարել է, թե հավաքը դադարեցնելու մասին որոշում ունեն, բայց գործողությունների չեն դիմում, քանի որ հիմա հավաքը խաղաղ է։ «Լոկալ բռնություններ կամ ավելի լայնածավալ բռնություններ… ոստիկանությունը անպայման կարձագանքի:… Քանի դեռ հավաքը խաղաղ բնույթ է կրում, ոստիկանությունը չի միջամտելու»,- ասել է նա եւ հավելել, որ փոխարենը քաղաքացիների կողմից փողոցների շրջափակումը այլեւս չեն հանդուրժելու. «Ոստիկանությունը աստիճանաբար ուժեղացնելու է իր միջամտության սահմանները, որովհետեւ այդ գործողությունները եթե շարունակվեն, հասարակական անդորրը, հասարակական անվտանգությունը շարունակվի խախտվել, ոստիկանությունը գնալով իր գործողությունները կկոշտացնի, բերման ենթարկելու գործողությունները կշարունակվեն: Մենք այլեւս չենք կարող հանդուրժել Երեւան քաղաքի կենսական նշանակություն ունեցող փողոցների շրջափակումը»:

 

 

ՆՈՐ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ՀՀ փոխվարչապետներ է նշանակել. նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը նշանակվել է առաջին փոխվարչապետ: Փոխվարչապետներ են նշանակվել Վաչե Գաբրիելյանը, Արմեն Գեւորգյանը: Բացի այդ` երեկ նշանակվել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության ու ԱԳ նախարարները. Վիգեն Սարգսյանը կրկին ղեկավարելու է ՊՆ-ն, իսկ Էդվարդ Նալբանդյանը՝ ԱԳՆ-ն: Նշենք նաեւ, որ նախագահի հրամանագրով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակվել Վարդան Մակարյանը:

 

 

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Սերժ Սարգսյանի հետ եւ շնորհավորել նրան` կառավարության ղեկավարի պաշտոնում ընտրվելու եւ նշանակվելու կապակցությամբ, այս մասին տեղեկացրել է նախկին նախագահի գրասենյակի ղեկավարը` Վիկտոր Սողոմոնյանը: Նրա փոխանցմամբ` Ռոբերտ Քոչարյանը այս պահին Հայաստանում է:

 

 

ՊԲ-Ն ՀԵՐՔԵԼ Է
Ապրիլի 18-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր հայկական ուժերի կողմից Աղջաբեդիի շրջանի Գիյամեդդին գյուղի ուղղությամբ կրակ բացելու արդյունքում վիրավորում է ստացել 27-ամյա խաղաղ բնակիչ, իրականությանը չի համապատասխանում: Արցախի ՊՆ-ից հայտնել են, որ ԱՀ ՊԲ-ն հայտարարում է, որ բանակի առաջապահ ստորաբաժանումները խստիվ հետեւում են հրադադարի պահպանման ռեժիմին:




Լրահոս