ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ` ՄԻԵԴ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի շարք իրավապաշտպաններ եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ստորագրահավաք են սկսել՝ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի գործողությունների հետ կապված: Բանն այն է, որ ՀՀ-ում մի շարք աղմկահարույց քրեական գործերով կալանավորված անձանց գործերը ՄԻԵԴ-Ը որոշել է քննել առաջնահերթության կարգով, սակայն որոշումը ընդունելուց հետո քննություն չի իրականացնում:

Ինչպես հայտնի է` 2016 թվականի հուլիսյան իրադարձությունների ժամանակ կալանավորվեց Անդրիաս Ղուկասյանը: Վերջինիս մեղադրանք առաջադրվեց Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, ինչպես նաեւ փորձել է միանալ 2016թ. հուլիսի 17-ին Երեւան քաղաքի Մ. Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված, ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները եւ տրանսպորտային միջոցները զավթած խմբին:
Ղուկասյանի պաշտպանները արդեն տեւական ժամանակ բարձրաձայնում են, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Դեռ 2017թ. Անդրիաս Ղուկասյանի պաշտպանները դիմում են ներկայացրել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան` նշելով, որ Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործով ապացույցներ չկան, նրան անհիմն պահում են կալանքի տակ, ասել է, թե նրա դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում: Դիմում է ուղարկվել ՄԻԵԴ, որ նրան անհիմն կալանքի տակ պահելու գործը քննվի առաջնահերթության կարգով: 2017 թվականի մարտի 24-ին ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Անդիաս Ղուկասյանի գործը առաջնահերթության կարգով քննելու մասին: Սակայն մինչ օրս քննություն չի իրականացնում:
Այս իրավիճակը խիստ մտահոգությունների տեղիք է տվել մի շարք հասարակական կազմակերպությունների մոտ, եւ վերջիններս ստորագրահավաք են սկսել, որը պատրաստվում են ներկայացնել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան` հասկանալու համար, թե ինչով է պայմանավորված քննությանն ընթացք չտալը:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի հետ, ինչին ի պատասխան` նա ասաց. «Փաստ է մեկ բան, որ մեկ տարի է լրացել ՄԻԵԴ-ի որոշումից, բայց կոմունիկացիա չկա: Նամակներ ստացանք, որ շուտով կսկսվի, բայց փաստ է, որ ինչ-որ խնդիր կա, եւ մեզ չեն պարզաբանում: Այս իրավիճակը կարող է սուբյեկտիվ գործոններով պայմանավորված լինի: Գտնում եմ, որ ստորագրահավաքը ճիշտ է, եւ այդ հանգամանքի մասին ՄԻԵԴ-ին պետք է տեղեկացնեն, եւ եթե սուբյեկտիվ գործոնը ապացուցվի, ՄԻԵԴ-ը դա վեր պետք է հանի եւ լուծում տա»:
Մեր այն հարցին, թե ովքեր կամ ինչպես կարող են ազդել ՄԻԵԴ-ի վրա, փաստաբանը ասաց. «Դա կարող է արվել այնտեղ մեր իրավաբանների միջոցով, հիմա չեմ ուզում ակամայից նրանց մեղադրել, որին հավանական են համարում, որ հենց նա կարող է լինել: Մի խոսքով, անուն այդպիսի պտտվում է, կասկածներ կան, բայց ես անուն չեմ կարող ասել»:
Ի դեպ, Կարեն Մեժլումյանից տեղեկացանք, որ ՀՀ վճռաբեկ դատարանը Անդրիաս Ղուկասյանի մասով նոր որոշում է կայացրել. «Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել նրան անժամկետ կալանքի տակ վերցնել: Մենք բողոքարկել էինք, որ դա կալանքի չափանիշներին չի համապատասխանում, եւ պետք է հիմնավորումներ ներկայացվեն: ՀՀ վերաքննիչը մեզ մերժեց, դիմեցինք ՀՀ վճռաբեկ դատարան, եւ ահա այսօր վճռաբեկ գործի վարույթը կասեցրել է պատճառաբանությամբ, որ դիմել է ՀՀ սահմանադրական դատարան, որ այն նորմերը, որոնք կիրառվել են Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ, Սահմանադրությանը հակասող ճանաչեն: Ընդունեցին իրենք, որ նորմերը Սահմանդրությանը հակասում են, ու գործը կասեցնում են` սպասելով, թե ՍԴ-ին ինչ որոշում կկայացնի, սա աբսուդ է»:
Նշենք, որ բացի Անդրիաս Ղուկասյանից` ՄԻԵԴ-ը առաջնահերթության կարգով որոշում է կայացրել քննել նաեւ ՀՀ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի գործը, սակայն քննություն չի իրականացնում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ
Մինչ Լոռու մարզի համայնքի ղեկավարներից ոմանց ձերբակալում են, մյուսների մասով հարուցված քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկում են դատարան: Եւ այսպես` «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ծաղկաշատ համայնքի ղեկավար Հրաչյա Պարանյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով համայնքի ղեկավարի պաշտոնում` իր ստորագրությամբ հաստատել եւ համայնքապետարանի կնիքով վավերացրել է կեղծ փաստաթղթեր: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին:

 

 

ԸՆԴԴԵՄ «ՆԱՐՍԱՆ»-Ի
ՀՀ ֆինանսների նախարարությունը դատի է տվել «Նարսան» ՍՊԸ-ին` վերջինիցս պահանջելով 1 միլիոն դրամ: Նկատենք, որ «Նարսան» ընկերության անունը հանրությանը առավել հայտնի դարձավ, երբ հատուկ քննչական ծառայությունը բացահայտել էր, թե ինչպես է ՀՀ քննչական կոմիտեի քննիչին «Նարսան» ՍՊԸ-ի փոխտնօրենը կաշառք տվել: Արդյունքում ե՛ւ քնիչը, ե՛ւ «Նարսան» ՍՊԸ-ի փոխտնօրենը կալանավորվել էին: Ի դեպ, այս գործով նախաքննությունը ՀՔԾ-ում դեռեւս շարունակվում է:

 

 

ԶԵՆՔԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԿՈՐԵԼ
ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանից գողացված ատրճանակն այդպես էլ չի հայտնաբերվել: «Ժողովուրդ» օրաթերթը Մովսիսյանից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է իր անհետացած ատրճանակի գործը, ի պատասխան` նա ասաց. «Դա արդեն իմ խնդիրը չէ իրավապահներից հետաքրքրվեք: Երբ գտնեն, ինձ կկանչեն, դա նվեր է: Այդ զենքը չի կարող կորել: Եթե գտնեն, տեղյակ կպահեն»: Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի բնակիչ Առաքել Մովսիսյանը 2018 թվականի փետրվարի 27-ին` ժամը 21.40-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է տվել, որ փետրվարի 20-27-ին անհայտ անձը, օգտվելով իրեն պատկանող «Տոյոտա Լանդ Կրուիզեր» մակնիշի ավտոմեքենայի դռները բաց լինելու հանգամանքից, ավտոմեքենայի սրահում գտնվող ձեռքի պայուսակի միջից գաղտնի հափշտակել է «Բերետա» տեսակի 9մմ տրամաչափի իր անվանական ատրճանակը, որով պարգեւատրվել է դեռեւս 1993 թվականին: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 238 հոդվածի 1-ին մասով (զենք-ռազմամթերք շորթելը):

 

 

ՌԴ-ԻՑ ՄԻԱՑԵԼ ԵՆ
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայից հայերը միացել են «Իմ քայլը» ակցիային: ՀՀ քաղաքացիներին դեսպանատան ներսում չեն ընդունել` ասելով, թե ներսում տեղ չկա, հերթեր են, բայց քաղաքացիների փոխանցմամբ` ներսում նվազագույնը 150 մարդու տեղ կա, եւ անձրեւի ժամանակ իրենց չեն թողնում ներս մտնել: Նրանք ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան առաջ վանկարկել են «Սերժիկ հեռացիր»: Ավելի ուշ ոստիկանները բերման են ենթարկել ՀՀ մի քանի քաղաքացիների ՀՀ տարածք հանդիսացող դեսպանատան դիմացից:

 

 

ԳՈՐԾ ԵՆ ՀԱՐՈՒՑԵԼ
Նախօրեի գիշերը Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկ իշխանությունների ուղարկած սադրիչների կողմից զանգվածային անկարգությունների առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե: Ըստ պաշտոնական հաղորդագրության` մի խումբ անձինք Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում կոտրել են նշված տարածքում գտնվող ցուցանակները, լուսաֆորները եւ ճանապարհային նշանները, այնուհետեւ քարերով, մետաղյա իրերով հարվածներ հասցրել նշված վայր մոտեցած ոստիկանության երեք ծառայողական ավտոմեքենաներին՝ պատճառելով գույքային վնաս: Դեպքի առթիվ 2018 թվականի ապրիլի 18-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի հատկանիշներով, որը նույն օրը նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին եւ ընդունվել վարույթ: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, անկարգություններին մասնակից անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ, զննության են ենթարկվում դեպքի վերաբերյալ էլեկտրոնային հարթակներում առկա տեսանյութերը։

 

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ
Նախօրեին Ֆրանսիայի եւ Հունաստանի իրավապահ մարմինների ներկայացուցիչները ձերբակալել են վրացական կազմակերպված հանցավոր խմբի տասնյակ անդամների, որոնց թվում կան հայեր: Մասնավորապես Ֆրանսիայի Ռենում ձերբակալվել են 49-ամյա Արսեն Խաչատրյանը եւ 52-ամյա Կարեն Հարությունյանը: Իսկ Հունաստանում ձերբակալվել են 29-ամյա Ռուբեն Մխիթարյանը եւ Գուրգեն Եղիազարյանը: Մասնավորապես Ֆրանսիայում ձերբակալվել է անդրազգային կազմակերպված քրեական հանցախմբի 15 անդամ, որոնցից 14-ը Վրաստանի քաղաքացիներ են, մեկը` Հայաստանի քաղաքացի: Հունաստանում ավելի քան 20 վրացի քաղաքացիներ են ձերբակալվել, ովքեր բնակարաններից եւ խանութներից գողություններ են կատարել, ինչպես նաեւ պահել եւ իրացրել են գողացված ապրանքները եւ փողերի լվացումներով են զբաղվել: Կալանավորված անձանց հնարավոր հանցավոր գործունեության հետ կապված նյութական ապացույցներ են առգրավվել:

 

 

ԴԱՍԱԴՈՒԼ ՉԻ՞ ԵՂԵԼ
Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանի պնդմամբ` Գավառի պետական համալսարանում դասադուլ չի իրականացվել: «Դասերը սկսվել են սահմանված ժամին եւ ավարտվել ժամանակին, ոչ մեկ դասադուլ չի արել»,-ասել է նա: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտարարել էր, որ Գավառի պետական համալսարանի ներսում բռնությամբ պահվում են ուսանողներն ու դասախոսները: «Նրանց առջեւ փակել են դռները` թույլ չտալով դուրս գալ համալսարանից: Նրանք ներսում դասադուլ են իրականացնում»,-ասել էր Փաշինյանը` կոչ անելով ուսանողներին եւ դասախոսներին դուրս գալ պայքարի:




Լրահոս