ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանի կառավարության առաջին նիստն է, որը, հիշեցնենք, դռնփակ ռեժիմով է անցկացվելու: Ապրիլի 17-ին խորհրդարանի կողմից ընտրվելուց ընդամենը մեկ օր անց արդեն նա սկսել է ձեւավորել իր կաբինետը: Մասնավորապես վարչապետի ներկայացմամբ` նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով արդեն նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը նշանակվել է առաջին փոխվարչապետ, իսկ Արմեն Գեւորգյանն ու Վաչե Գաբրիելյանն էլ` փոխվարչապետեր: Նաեւ նախարարների նշանակումներ են եղել. Վիգեն Սարգսյանը նշանակվեց պաշտպանության նախարար, իսկ Էդվարդ Նալբանդյանն էլ` արտաքին գործերի նախարար:

Սահմանադրության 150-րդ հոդվածը սահմանում է կառավարության ձեւավորման կարգը: Մասնավորապես այդ հոդվածում ամրագրված է, որ կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին, որից հետո երկրի նախագահը եռօրյա ժամկետում նշանակում է փոխվարչապետների եւ նախարարների:
Սակայն հետաքրքիր է, որ Սերժ Սարգսյանը ընդամենը մեկ օր սպասեց եւ որպես վարչապետի թեկնածու` իր առաջին աշխատանքային օրն էլ նշանակումներ առաջարկեց Արմեն Սարգսյանին: Բնականաբար վերջինս էլ չէր կարող այդ առաջարկներին դեմ լինել ու բողոքարկել ՍԴ-ում, ուստի մնում էր միայն հրամանագրերը ստորագրելը:
Իսկ ինչ է սպասվում կառավարության այսօրվա նիստում: Սահմանադրությունում հստակ ամրագրված է, որ կառավարության նիստը վարում է վարչապետը: Այսինքն` այսօր Սերժ Սարգսյանը պետք է վարի նիստը: Նրա կողքին կլինի Կարեն Կարապետյանը՝ արդեն փոխվարչապետի պաշտոնում: Կառավարության օրակարգը դեռեւս մի քանի օր առաջ հրապարակվել էր. երեկվա դրությամբ օրակարգում 20 հարց էր առկա, սակայն նախորդ օրն օրակարգն այլ տեսք ուներ, եւ եղել են հարցեր, որոնք հետագայում դուրս են մնացել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` կառավարության օրակարգը խիստ գրաքննության է ենթարկվել, եւ փորձել են ոչ այնքան կարեւոր հարցերը հանել, որպեսզի առաջին օրով չծանրաբեռնեն նորընտիր վարչապետին: Ընդ որում, այն փակ է լինելու, եւ միայն սուղ տեղեկատվություն կհրապարակվի ներսում տեղի ունեցածի մասին:
Առայժմ հայտնի չէ՝ արդյո՞ք նախագահ Արմեն Սարգսյանը ներկա կգտնվի կառավարության նիստին` պարզապես ներկայացնելու նորանշանակ վարչապետին, թե, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանը կգնա մենակ: Ամեն դեպքում, նախկինում նախագահը մասնակցել է կառավարության առաջին նիստերին` տալով նաեւ աշխատանքային ցուցումներ: Բայց նոր օրենսդրությամբ նախագահի անունը չկա կառավարության նիստին մասնակցելու իրավունք ունեցողների ցանկում. նա այնտեղ կարող է գալ համապատասխան հրավերի դեպքում:
Ինչեւէ, նշենք նաեւ, որ Սահմանադրության 151-ը սահմանում է կառավարության ծրագրի հաստատման հարցը: Մասնավորապես կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետը պետք է ԱԺ ներկայացնի կառավարության ծրագիրը, որն էլ հաստատվելու է յոթնօրյա ժամկետում՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Իսկ եթե խորհրդարանը հավանություն չի տալիս կառավարության ծրագրին, ապա ԱԺ-ն արձակվում է իրավունքի ուժով: Բնականաբար, այս ամենը տեսության ժանրից է, քանի որ հազիվ թե այս խորհրդարանը հակառակվի իր իսկ ընտրած վարչապետին: Սահմանադրությունում ամրագրված է նաեւ կառավարության հրաժարականի հարցը: Կառավարությունը ՀՀ նախագահին ներկայացնում է իր հրաժարականը նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանի, կառավարությանը վստահություն չհայտնելու, կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը: Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը:
Ստացվում է՝ այսօր կայանալիք նիստին «գլուխները բարձր» կարող են մասնակցել երեք փոխվարչապետներն ու երկու նախարարները: Մյուսները պետք է ահուսարսափով սպասեն, թե ինչ որոշումներ կկայացնի Սերժ Սարգսյանը, եւ ինչպիսի ճակատագիր կսպասվի իրենց: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Սերժ Սարգսյանը նպատակ չունի կառավարության կազմում շատ փոփոխություններ իրականացնել եւ կբավարարվի միայն կոսմետիկ փոփոխություններով: Այս կերպ Սերժ Սարգսյանը ցանկանում է նաեւ ցույց տալ, թե գոհ է Կարեն Կարապետյանի կառավարության գործունեությունից եւ լրջագույն փոփոխությունների կարիք չի զգում: Միեւնույն է` որպես առաջին փոխվարչապետ` հենց Կարեն Կարապետյանն է շարունակելու ավելի սերտ աշխատել կառավարության կազմի հետ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԷԼ ԵՆ ՄԵՐԺՈՒՄ ՍԵՐԺԻՆ
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ցույց երեկ անցկացվեց նաեւ Գյումրիում՝ վաղ առավոտից: Նրանք որոշել էին կրկին փակել երթեւեկելի ճանապարհները, սակայն ոստիկանների հետ բախումներ տեղի ունեցան: Անգամ եղան բերման ենթարկվածներ: Սկզբում բերման ենթարկվեց Արման Գեւորգյանը, որին նախօրեին էլ Երեւանում էին ոստիկանները բերման ենթարկել: Ցուցարարները շաժվեցին դեպի Շիրակի մարզպետարան: Այն շրջափակել էին ոստիկանները: Մի քանի ժամ պահանջելուց հետո ցուցարարների հետ հանդիպման իջավ Շիրակի մարզպետ Խաչատրյանը: Ակտիվիստ Կարեն Պետրոսյանը պահանջեց ազատ արձակել բերման ենթարկվածին ու ոստիկանությանը կոչ անել առանց համազգեստի չքայլել ցուցարարների կողքից: Մարզպետը, սակայն, պատասխանել է. «Եթե ոստիկանությունը իր լիազությունները գերազանցել ու օրենքն է շրջանցել, ապա կարող եք դիմել համապատասխան մարմիններին, դատական կարգով հասնել արդարության»: Շիրակի մարզպետի հետ հանդիպումից հետո ցուցարարները «Ազատ, անկախ Հայաստան», «Մենք ենք տերը մեր երկրի» վանկարկումներով շարժվեցին դեպի ուսումնական հաստատություններ: Առաջինը եղան Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում, որտեղ ցուցարարների մուտքն արգելվել է, այնուհետ պարզվել է, որ բուհում դասերն ավարտված են: Դրանից հետո նրանք շարժվեցին դեպի Ակադեմիական վարժարան: Ցուցարարների մուտքն այստեղ էլ արգելվեց: Մոտ մեկ ժամ մուտքը վարժարան փակ էր: Անգամ աշակերտների դուրս գալն է խոչընդոտվել: Նրանք պատուհաններից գրություններ են նետել առ այն, որ իրենք եւս միանում են ակտիվիստներին: Ակտիվիստ Հայկ Բարսեղյանը հայտարարեց. «Այս ամեն ինչը նրա համար է, որ բոլորդ հասկանաք, որ վախենալու բան միայն նրանք ունեք, ոչ թե դուք: Երեխեք, Հայաստանն ու Լեննականը չենք թողնելու կյանքում, սիրեք ձեր հողը, ծառեր տնկեք, աղբը մաքրեք: Մարզպետարանը, քաղաքապետարանն ու ոստիկանությունը ձեզ են ծառայում, աշխատողները ձեր ծառաներն են, պայքարեք, սա մեր պայքարն է»: Գյումրիում ցուցարարներից մի քանի հոգու ոստիկանները երեկ բերման ենթարկեցին, սակայն ավելի ուշ նրանք ազատ էին արձակվել:
«Հարգելի պարոն ոստիկանապետ ու ոստիկանության աշխատակիցներ, առավոտյան մենք ձեզ հորդորեցինք ոչ իրավաչափ եւ ապօրինի գործողություններից զերծ մնալ, առավել եւս անչափահասների նկատմամբ: Ոստիկանական ցանկացած բռնի միջամտություն մեզ համար ընդունելի չէ, եւ մենք դատապարտում ենք»,- երեկ հայտարարեց ակտիվիստ Ղարիբ Հարությունյանը: Ցուցարարներն ավելի ուշ հավաքվել են Թատերական հրապարակում: Ժամը 18:00-ից մինչեւ 22:00 նրանք քայլերթով շրջել են տարբեր թաղամասերում, բարձր երաժշտության ներքո երգել, պարել ու խաղեր խաղացել, ինչպես նաեւ միանալու կոչեր հնչեցրել պատահական անցորդներին: «Քայլ արա, մերժիր Սերժին» վանկարկումերով ցուցարարները ավարտել են իրենց երթն ու պայմանավորվել հանդիպել նույն տեղում, նույն ժամին ու նույն պահանջով:

ՇՈՒՇԱՆԻԿ ՕՀԱՆՅԱՆ
Գյումրի

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՈՏ 100 ԳՅՈՒՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏ ՉՈՒՆԻ

Հայաստանում մոտ 100 համայնք չի սպասարկվում ներմարզային երթուղիներով: Ըստ ՀՀ տրանսպորտի, կապ եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության` միջմարզային երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների թիվը չի ավելացել: Գյուղերում տրանսպորտ չլինելը լուրջ խնդիր է հատկապես դպրոցահասակ երեխաների համար:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միայն ՀՀ Սյունիքի մարզում հանրային տրանսպորտից զրկված է 105 բնակավայր: Տրանսպորտ չունեցող մարզերից է նաեւ Արագածոտնը: Այս մարզի խոշորացված 22 գյուղում` 39 բնակավայրում, հանրային տրանսպորտ չի գործում: Իսկ ահա Լոռու մարզում ընդամենը 6 գյուղ հանրային տրանսպորտ չունի: Նշենք, որ գյուղերում հանրային տրանսպորտի բացակայության խնդրին անդրադարձել է նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Ըստ ՄԻՊ-ի` Տավուշի մարզի 24 բնակավայրում տրանսպորտի բացակայության խնդիրը կարգավորվում է մասնավոր հիմունքներով գործող տրանսպորտային միջոցների հաշվին: Ասել է, թե Տավուշի 24 գյուղի բնակիչներ երթեւեկում են մարդատար վճարովի տաքսիներով: Նշենք, որ Արմավիրի մարզի սահմանամերձ Բագարան եւ Երվանդաշատ գյուղերը հասարակական տրանսպորտ չունեն: Քանի որ գծատերը շահույթ չստանալու պատճառով հրաժարվել էր երթուղին սպասարկելուց: Արդեն 5 տարի է, ինչ այս գյուղերի բնակիչները 3000-4000 դրամ են ծախսում` Արմավիր քաղաք հասնելու համար: ՄԻՊ-ը դժգոհություններ ստացել է նաեւ կապված Երեւանի հասարակական տրանսպորտի հետ: Անցած տարում երեւանցիները հիմնականում բողոքել են ավտոբուսների եւ միկրոավտոբուսների շարժման մեծ միջակայքերից: Քանի որ նրանք ստիպված են լինում կանգառներում երկար սպասել տրանսպորտին: Իսկ ահա շաբաթ եւ կիրակի օրերին, երեկոյան ժամերին որոշ թաղամասերում երթուղիներ կան, որոնք չեն սպասարկում: Բացի այս` բողոքներ կան` կապված Երեւանի հասարակական տրանսպորտի վարորդների կողմից ուղեսրահում ծխելու, հեռախոսով խոսելու, ուղեւորների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի դեպքերի հետ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս