ՀԱՆՔԵՐԻՑ ԲՅՈՒՋԵ ԳՈՒՄԱՐ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՑԵԼ ՀԱՎԱՔԱԳՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը ընդերքի եւ օգտակար հանածոների օգտագործման համար տրված արտոնագրերի, թույլտվությունների դիմաց վճարները թերի է հավաքագրել:

Հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների իրացման շրջանառությունը վերջին տարիներին նվազել է: Օրինակ` 2014 թվականի տարեկան 618.8 մլրդ դրամ իրացման շրջանառության համեմատությամբ` 2016 թվականին այն նվազել է 46.9 մլրդ դրամով եւ կազմել 569.9 մլրդ դրամ: Շարունակական անկում է արձանագրվել նաեւ ոլորտի ընկերությունների կողմից պետական բյուջե վճարված հարկերի մասով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2016 թվականին պետական սեփականություն հանդիսացող ընդերքի եւ օգտակար հանածոների օգտագործման համար տրված արտոնագրերի, թույլտվությունների դիմաց 749 մլն 500 հազար դրամի պետական տուրք է պետբյուջեում նախատեսվել: Այն, ի դեպ, պետք է գանձեր ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը: Բայց «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վերահսկիչ պալատի հաշվետվությունից պարզեց, որ 2016 թվականին նախարարության կողմից հավաքագրումը տվյալ եկամտատեսակով կազմել է 527 մլն 130 հազար դրամ: Ասել է, թե նախարարությունը նախատեսվածից քիչ է հավաքագրել: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ պետական տուրքի մասով պարտավորություններ ունեն «Կեյ Էֆ Պրոդաքշն» ընկերությունը` 163 մլն 290 հազար դրամի չափով, «Վայոց Ձոր Ֆրուկտ»-ը` 145.5 մլն դրամ եւ «Նաիրիտ գործարան»-ն` 138.8 մլն դրամ: Իսկ ահա անցած տարվա հունվարի 1-ի դրությամբ պարտավորությունները պետական տուրքի մասով աճել են 320 մլն 287 հազար դրամով: Բայց անցած տարվա ընթացքում առանձին ընկերություններ սնանկ են ճանաչվել եւ լուծարվել են, ինչի արդյունքում դրանց պարտավորությունները չեն արտացոլվել: Ռեկուլտիվացիոն աշխատանքներ իրականացնելու նպատակով կատարվում են բնության եւ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի վճարներ: Ընդերքօգտագործողների կողմից դրամագլխին փոխանցումները կատարվում են համապատասխան պայմանագիրը ստորագրելուց հետո` մեկ ամսվա ընթացքում եւ չպետք է պակաս լինի ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշիվային արժեքի 15 տոկոսից: Բայց վերջին տարվա համար ընթացիկ հատկացումներ չեն կատարվել: Եւ ամենակարեւորը` ոչ մի ընդերքօգտագործման տեղամասում, այդ թվում` փակված հանքավայրերում, չեն իրականացվել բնապահպանական ռեկուլտիվացիոն միջոցառումներ:
Ոչ մետաղական հանքավայրերի մասով ընդերքօգտագործողների կողմից անցած տարվա հունիսի 1-ի դրությամբ դրամագլխին նախատեսվել է վճարել մոտ 471.7 մլն դրամ, փաստացի վճարվել է 241.1 մլն դրամ: Այսինքն` պարտավորությունը կազմել է 230.5 մլն դրամ, թվով 398 ոչ մետաղական օգտակար հանածո արդյունահանող տնտեսվարողներից շուրջ 3/4-ը: Այդ ընկերությունները 2012 թվականի ընթացքում ընդերքօգտագործման իրավունքը վերաձեւակերպել են, կնքել են ընդերքօգտագործման նոր պայմանագրեր: Մինչդեռ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը կարող էր դադարեցնել ընդերքօգտագործման իրավունքը, ինչը չի արվել: Արդյունքում չի ապահովվել «ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքի պահանջը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անցած տարվա հունվարի 1-ի դրությամբ 96 օգտակար հանածո արդյունահանող կազմակերպությունների ընդերքօգտագործման իրավունքը դադարեցվել է: Դրանցից 4 դեպքում տնտեսվարողը դատարանի վճռով սնանկ է ճանաչվել, իսկ 92 ընդերքօգտագործման իրավունքի մասով պարտավորությունը կազմել է 121 մլն 184 հազար դրամ: Նշենք, որ թվով 40 դեպքում ընդերքօգտագործման իրավունքը դադարեցվել է «ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքի 80-րդ հոդվածի 7-րդ կետի հիմքով, որը ենթադրում է այս օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո` 12 ամսվա ընթացքում, այն է` 2012 թվականին ընդերքօգտագործման իրավունքի վերաձեւակերպում, ինչը չի կատարվել:
«ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքի 58-րդ հոդվածի համաձայն` ընդերքօգտագործողը, որը ցանկանում է հրաժարվել ընդերքի տեղամասի կամ նրա մի հատվածի նկատմամբ իրավունքից, համապատասխան դիմում է ներկայացնում լիազոր մարմին, այդ թվում` ֆինանսական պարտավորությունների կատարումը հավաստող փաստաթուղթ: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հրաժարման հավաստագրերը տրամադրվել են առանց ֆինանսական պարտավորությունները հավաստող փաստաթղթերի: Արդյունքում խախտվել են «ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքի ՀՀ կառավարության որոշումների պահանջները: Տեղեկացնենք, որ 19 դեպքում ընդերքօգտագործման, մինչեւ իրավունքի վերաձեւակերպումը, կնքված պայմանագրերը բացակայել են: Իսկ ահա 6 դեպքում բացակայել են ինչպես նախկին, այնպես էլ վերաձեւակերպումից հետո կնքված պայմանագրերը: Թվով 91 դեպքում ընդերքօգտագործման իրավունքի վերաձեւակերպման կամ նոր տրված իրավունքի ժամանակ կնքված պայմանագրերում չի նշվել դրամագլխին վճարման ենթակա գումարի չափը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՄԻՊ-Ի ԱՐՁԱԳԱՆՔԸ
ՀՀ Մարդու իրավունքների պաշպանն անդրադարձել է նախօրեի գիշերը ցուցարարի անվան տակ սադրիչների խմբի կողմից Երեւանի Թումանյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում factor.am կայքի գլխավոր խմբագիր Արեւիկ Սահակյանի մասնագիտական գործունեության խոչընդոտմանը` տեղի ունեցածը համարելով անթույլատրելի: ՄԻՊ հաղորդագրությունում ասվում է. «Արեւիկ Սահակյանի փոխանցմամբ` որոշ անձինք ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը փորձել են ծեծի ենթարկել, քաշքշել, պոկել իր լրագրողական վկայականը, վնասել օպերատորի տեխնիկան: Ըստ լրագրողի` տարածքում գտնված ոստիկանները չեն կանխել իր նկատմամբ ոտնձգությունը: Լրագրողի մասնագիտական աշխատանքի խոչընդոտելու ցանկացած դեպք պետք է անհապաղ կանխվի, իսկ խոչընդոտած անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության խիստ միջոցների: Դեպքի վերաբերյալ հրապարակված տեղեկությունները Պաշտպանի աշխատակազմի կողմից ամփոփովել եւ ուղարկվել են քրեական հետապնդման մարմնին»:
Հիշեցնենք, որ նախօրեին` ուշ երեկոյան, Մաշտոցի պողոտա-Թումանյան խաչմերուկում ցուցարարների շարքերը իշխանությունների ուղարկած սադրիչները ձողերով եւ մետաղյա իրերով զինված ջարդել են լուսաֆորները, աղբարկղերը, ճանապարհային նշանները, փորձել են փակել ճանապարհները: Factor TV-ի խմբագիր Ա. Սահակյանի տպավորությամբ` այդ գործողությունները սադրիչներ են իրականացրել: Նրանք նաեւ լրագրողի վրա էին հարձակվել ու քաշքշել: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, թե սադրիչ խմբեր են հայտնվել, որոնք ցանկություն ունեն բռնություններ հրահրել: Սադրիչներից մի քանիսը ձերբակալված են:

 

 

ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ
ՀՀ ՍԱՊԾ-ն Կոտայքի մարզի Առինջ գյուղում պաղպաղակի արտադրությամբ զբաղվող «Ձյան Փաթիլներ» արտադրական կոոպերատիվում իրականացված վերահսկողության ընթացքում հայտնաբերել էր ժամկետանց բուսայուղային սփրեդ: Ոչնչացվել էր ժամկետանց հումքը, նաեւ մինչեւ լաբորատոր փորձաքննության արդյունքներն ունենալը, կասեցրել պատրաստի արտադրանքի իրացումը:
«Ձյունիկ» եւ «Ձողիկ» պաղպաղակներից կատարված փորձաքննության արդյունքում պարզվել է, որ երկու տեսակներն էլ ունեն մանրէաբանական անհամապատասխանություններ` ԱՑԽՄ, եւ ստաֆիլակոկ ցուցանիշներ: Ընդհանուր 670 հատ պաղպաղակի իրացումը կասեցվել է եւ տեղում ոչնչացվել. արտադրանքը պահեստից իրացման ցանց չի հասել:

 

 

 

ԴԵՌ ՉԵՆ ՈՐՈՇԵԼ
Տավուշի մարզի 3 տարածաշրջանների Դիլիջանի, Նոյեմբերյանի, Բերդի տարածաշրջանների համայնքները խոշորացված են: Դիլիջանի եւ Նոյեմբերյանի համայնքները խոշորացվել են 2016թ.-ին, Բերդի համայնքները` 2017-ին: Դեռեւս որոշված չէ Իջեւանի տարածաշրջանի համայնքների խոշորացման ժամկետը: Տեղեկություններ կան, որ խոշորացված Իջեւան համայնքի կամ մի քանի համայնքների ղեկավարների ընտրությունները տեղի կունենան այս տարվա նոյեմբերին: Հայաստանի տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվել է, թե Իջեւանի տարածաշրջանի համայնքները խոշորացված մե՞կ համայնք են կազմելու, թե՞ մի քանի, ե՞րբ են կայանալու խոշորացած համայնքի կամ համայնքների ղեկավարների ընտրությունները: Նա ասաց, որ այդ հարցերը դեռ որոշված չեն: Անցած ուրբաթ օրը` ապրիլի 14-ին, Իջեւանի քաղաքի «Քարարտ» ռեստորանահյուրանոցային համալիրում կայացել է համայնքների խոշորացման վերաբերյալ քննարկում, որը նախաձեռնել է Հայաստանի հասարակական մի կազմակերպություն, դրան մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության տարածքային ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գալոյանը, Իջեւանի տարածաշրջանի համայնքների ղեկավարները: Միջոցառման ժամանակ համայնքապետերը կարծիքներ են հայտնել համայնքների առաջիկա խոշորացման վերաբերյալ: Օրինակ` Լուսաձոր համայնքի ղեկավար Վարդան Սարդարյանը հայտարարել է` լավ կլինի, որ Լուսաձորը մաս կազմի խոշորացված Աչաջուր համայնքի: Նշեմ, որ Լուսաձոր գյուղն ավելի մոտ է Իջեւան քաղաքին, քան սահմանամերձ Աչաջուր գյուղին: Նման հանդիպումները որոշումներ կայացնելու գործում էական նշանակություն չեն ունենում: Նախկինում Դիլիջանի տարածաշրջանի խոշոր համայնքների բնակչությունը, այդ համայնքների ղեկավարները, Նոյեմբերյանի եւ Բերդի տարածաշրջանի համայնքների ղեկավարների մեծամասնությունը դեմ էին համայնքների խոշորացմանը, սակայն այդ գործընթացը տեղի ունեցավ:

 

 

ՓՈՐՁԵԼ ԵՆ ԲԻԼԻԱՐԴԱՆՈՑԸ ՀՐԿԻԶԵԼ
Ապրիլի լույս 15-ի գիշերը Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կողբ գյուղի կենտրոնում, միջպետական ավտոճանապարհի հարեւանությամբ գտնվող «Ավագի ձոր» տեղամասում անհայտ անձը վառվող առարկա է նետել մշակույթի կենտրոնի հարեւանությամբ գործող բիլիարդանոցի տարածք: Բիլիարդանոցը չի վառվել, սակայն վառված առարկայի ծխից այն սեւացել է: Այդ օբյեկտի տարածքի տերը Կողբ գյուղի բնակիչ է, սակայն բիլիարդանոցն աշխատեցնում է Նոյեմբերյանի քաղաքի բնակիչներից մեկը: Դեպքի կապակցությամբ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում քննություն է կատարվում, քննվում են հրկիզման փորձի դրդապատճառների տարբեր վարկածներ: Պատճառված վնասի չափերը ճշտելու համար փորձաքննություն է նշանակված:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս