ԱՍՈՒՄ Է` ԱՏՐՃԱՆԱԿ ՉԻ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` ապրիլի 15-ին հրապարակում եղավ այն մասին, որ Արայիկ Խանդոյանի նկատմամբ հետապնդում է իրականացվել: Մասնավորապես «Սասնա ծռեր» խմբավորումը հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ Արայիկ Խանդոյանին ցանկացել են սպանել. «Մեզ հասած տեղեկությունների համաձայն` 2-3 շաբաթ առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հիվանդանոցային հատվածում, որտեղ գտնվում է նաեւ «Սասնա ծուռ» Արայիկ Խանդոյանի խուցը, մեկ այլ կալանավորի խցի խուզարկության ժամանակ հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ: «Նուբարաշեն»-ում ներքին խոսակցություն է շրջանառվում, որ այդ կալանավորը խոստովանել է, թե ատրճանակն իրեն տվել է ղեկավարությունը` Արայիկ Խանդոյանին սպանելու նպատակով: Նույն խոսակցության համաձայն` այդ կալանավորը կապ ունի ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանի հետ:

Այս հայտարարությունից կարճ ժամանակ անց գործին խառնվեց ՀՀ գլխավոր դատախազությունը` հայտնելով. «ՀՀ գլխավոր դատախազությունը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հիվանդանոցային հատվածում կալանավորներից մեկի խցում խուզարկությամբ ինքնաշեն ատրճանակ հայտնաբերելու մասին եւ Արայիկ Խանդոյանի սպանության մտադրության վերաբերյալ համացանցային մի քանի լրատվամիջոցների հրապարակումներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն` դրանցում ներկայացված հանգամանքներն ստուգելու նպատակով»:
Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամները բռնության են ենթարկվում: 2017 թվականի հունիսի 28-ին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ոստիկանների կողմից ծեծի էին ենթարկվել ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներից չորս ամբաստանյալներ Մխիթար Ավետիսյանը, Արեգ Կյուրեղյանը, Գագիկ Եղիազարյանը, Արայիկ Խանդոյանը:
Արդյունքում` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ կետի` պաշտոնեական դիրքը չարաշահելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: Սակայն շուտով կլրանա գործով քննության մեկ տարին, եւ մինչ օրս գործով մեղադրյալ չկա, իսկ ՀՔԾ-ում նախաքննությունը շարունակվում է:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ ԱՆ ՔԿՀ պետ Սերոբ Հարությունյանի հետ:
-Պարո՛ն Հարությունյան, «Սասնա ծռեր» խմբավորումը հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ Արայիկ Խանդոյանին ցանկացել են սպանել: Որպես «Նուբարաշեն» ՔԿՀ ղեկավար՝ կբացատրե՞ք, թե ինչ է կատարվում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:
-Նշված խնդրի հետ կապված քրեակատարողական հիմնարկի վարչությունը համապատասխան տեղեկատվություն տարածել է եւ հերքել է նման փաստը:
-ՔԿՀ պետը Դուք եք, եւ հաղորդագրության մեջ հստակ նշված է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ներքին խոսակցություն է շրջանառվում, որ կալանավորը խոստովանել է, թե ատրճանակն իրեն տվել է ղեկավարությունը Արայիկ Խանդոյանին սպանելու նպատակով: ՔԿՀ ղեկավարն էլ Դուք եք, ումի՞ց ի՞նչ հրահանգ եք ստացել, ե՞րբ եք ստացել եւ ինչի՞ համար:
-Նման իրավիճակ չի կարող լինել, այլ հարցեր խնդրում եմ չտալ, չեմ կարող պատասխանել:
-Վստա՞հ եք, որ նման բան չկա «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հիվանդանոցային հատվածում, որտեղ գտնվում է նաեւ «Սասնա ծուռ» Արայիկ Խանդոյանի խուցը, մեկ այլ կալանավորի խցի խուզարկության ժամանակ հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ: Կարո՞ղ եք ասել, որ ատրճանակ էլ չի եղել:
-Քրեակատարողական ծառայության ամբողջ գործունեության ընթացքում երբեւիցե ատրճանակ ինքնաշեն եւ այլ իրեր չի հայտնաբերվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:
-ՀՀ գլխավոր դատախազությունը գործի ընթացք է տվել, իսկ եթե հակառակը ապացուցվի, ի՞նչ եք անելու, ի վերջո, հայտարարության մեջ նշված է, որ ՔԿՀ ղեկավարությունն է կալանավորին ատրճանակը տվել:
-Բացառված է, հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում, եւ ինքնաշեն ատրճանակ չի հայտնաբերվել մեր կողմից:
-Միգուցե իրավապահները մինչեւ գործին խառնվել են, աղմուկը բարձրացել է, հետքերը մաքրել եք, ի վերջո, Դուք նախկինում ոստիկանության Կոտայքի մարզի վարչության պետն եք եղել եւ գիտեք բոլոր նրբությունները:
-Ձեր ոչ մի հարցին էլ չեմ պատասխանի` հարգելով Ձեր լրագրողական գործունեությունը, այլ հարցեր մի՛ տվեք:
Այդ ասելուց հետո Սերոբ Հարությունյանն անջատեց հեռախոսը:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ԿԵՂԾ ԴԻՊԼՈՄՆԵՐ ՊՆ-ԻՆ
Պաշտպանության նախարարությունում, մասնավորապես զորամասերում, պաշտոն ստանալու նպատակով կեղծ դիպլոմներ ներկայացնելու գործընթացը շարունակվում է: Եվ այսպես` «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արտակ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա լինելով ՀՀ ՊՆ զորամասի ճաշարանի պետ-խոհարար` ծառայության մեջ առաջխաղացման կարգով նույն զորամասում սպայական պաշտոնի նշանակվելու նպատակով 2016 թվականի հունիս ամսին օգտագործել է ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղն ավարտելու վերաբերյալ դիպլոմի նոտարական վավերացմամբ պատճենը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի փաստաթղթեր կեղծելու հատկանիշներով, եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալը: Վերջինիս մասով քրեական գործը քննելու է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Մուշեղ Հարությունյանը:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ կեղծ դիպլոմով ՊՆ ներկայանելով կարողանում են պաշտոն ստանալ: Գրել էինք, որ Գեղամ Բադալյանը, ով եղել է ՀՀ ՊՆ զորամասի պարետային եֆրեյտոր Բադալյանը, ոմն Արամից ութ հարյուր դոլար գումարի դիմաց ձեռք է բերել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դիպլոմ: Այնուհետեւ նշված դիպլոմի վավերացված պատճենը ներկայացրել է ՊՆ զորամասի համալրման բաժանմունքի պետ մայոր Արման Գեւորգյանին եւ հանձնելով քննությունը` ստացել զինվորականի լեյտենանտի կոչում, ապա աշխատանքի անցել ՀՀ ՊՆ զորամասերից մեկում որպես ինժեներասակրավորային վաշտի ինժեներատեխնիկական դասակի հրամանատար:

 

 

ԿԵՂԾ ՀԻՄՔԵՐՈՎ ԱՆՁՆԱԳԻՐ
Ստեփանավանի պաշտոնատար անձանց դեմ քրեական գործերը շարունակվում են: Մեզ հայտնի դարձավ, որ Վահագն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Ստեփանավանի անձնագրային խմբի առաջատար մասնագետի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ` Հայաստանի Հանրապետությունից բացակայող Արամ Հովհաննիսյանին հաշվառել է կեղծ հիմքերով, իսկ անհայտ անձին տրամադրել է Արամ Հովհաննիսյանի ՀՀ քաղաքացու անձնագիրը: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից ստորագրությամբ չհեռանալու մասին:

 

 

ԼՐԱԳՐՈՂԸ ԾԵԾԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
Երեկ Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ծեծի է ենթարկվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի լրագրող Տիրայր Մուրադյանը: Նա տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Մուրադյանի փոխանցմամբ` քաղաքացիական հագուստով ոստիկաններ են իրեն ծեծի ենթարկել: Մարդու իրավունքերի պաշտպանի գրասենյակը հաղորդել է, որ Տ. Մուրադյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ տեղեկություններով` սկսվել է քննարկման ընթացակարգ: ՀՀ գլխավոր դատախազությունը Տ. Մուրադյանի` բռնության ենթարկվելու մասին ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունը ուղարկել է քննչական կոմիտե` քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ընթացքը լուծելու նպատակով: Մուրադյանը երեկ «Ազատություն» ռ/կ-ին տեղեկացրել է, որ քաղաքացիական հագուստով ոստիկաններն իրեն ծեծի են ենթարկել հենց համազգեստավոր ոստիկանների ներկայությամբ, եւ որեւէ մեկը չի փորձել միջամտել կատարվածին: Նշենք, որ երեկ համացանցում հրապարակվել էին Մուրադյանի դեմ հարձակում գործածների լուսանկարները:

 

 

ԵՐԵՔԻՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵՑԻՆ
Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ պարզվել են Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում ապրիլի 17-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զանգվածային անկարգությունների անմիջական մասնակիցներից երեքի ինքնությունը։ Երեկ երեք անձ ձերբակալվել է։ «Զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել են 2000 թ. ծնված Վ. Բարսեղյանը, 1986թ. ծնված Ռ. Մուրադյանը եւ Զ. Բաղդատյանը»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ խոսքը իշխանությունների ուղարկած սադրիչների խմբի մասին է, որոնք ապրիլի 17-ի ուշ երեկոյան մետաղյա ձողերով հարձակվել են ոստիկանների վրա, նաեւ վնասել խաչմերուկի լուսաֆորը, աղբարկղերը, ճանապարհային նշանները, որպեսզի խաղաղ ցուցարարների նկատմամբ հարձակումներ կատարելու նպատակով հիմքեր ստեղծեն ոստիկաններ համար:

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ ՄԱԶՄԱՆՅԱՆԻՆ
Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանի պաշտպան Արա Ղարագյոզյանի փոխանցմամբ` վերջինիս նկատմամբ մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը): Հիշեցնենք, որ Տ. Մազմանյանը ձերբակալվել է երեք օր առաջ` կասկածվելով Հանրային ռադիոյի շենքի մոտ զանգվածային անկարգություններին մասնակցելու եւ շենքի գույքը վնասելու, ոչնչացնելու մեջ:

 

 

ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ
Երեկ Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի համայնքապետ, ՔՊ անդամ Գարիկ Սարգսյանին բերման են ենթարկել Վեդիի բաժին` Հյուսիս-հարավ մայրուղու Արարատի հատվածում ճանապարհը փակելու համար: Բերման է ենթարկվել նաեւ ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանի կինը` Գոհար Աբաջյանը, Կոմիտասի պողոտան փակելու համար:

 

 

«ՍԻՆՈՓՍԻՍ»-Ը ՄԻԱՑԵԼ Է
«Սինոփսիս» ընկերությունն իր ընկերությունից հանել է Սերժ Սարգսյանի բոլոր նկարները: Նշենք, որ երեկ «Սինոփսիս»-ի աշխատակիցները փակել էին Արշակունյաց փողոցը. նրանք ավտոերթով միացել էին «Քայլ արա, Մերժիր Սերժին» նախաձեռնությանը:




Լրահոս