ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ՆՅԱՐԴԵՐԻ ՊԱՅՔԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ներկայումս կատարվող իրադարձությունները հաճախ են համեմատվում ինչպես մեր, այնպես էլ համաշխարհային պատմության նախորդ շրջանների իշխանափոխության շարժումների հետ: Թեեւ յուրաքանչյուր իրադարձություն պատմության մեջ առանձնահատուկ է իր բնույթով, բոլոր դեպքերում կա ընդհանրություն` հասարակության ծարավն առ փոփոխություններ: Ինչպես գրեթե ամենուր, մեզանում նույնպես վերեւներն այլեւս չեն կարողանում կառավարել հին մեթոդներով, իսկ ներքեւները չեն ցանկանում ապրել հին ձեւով:

Քաղաքացիական զանգվածային ընդվզումների համաշխարհային փորձը ցույց է տալիս` յուրաքանչյուր նման իրադարձություն նախեւառաջ նյարդերի պայքար է: Եվ այն կողմն է հաղթում, որը դուրս չի գալիս հավասարակշռությունից ու, ինչպես ժամանակին առաջին նախագահն էր դիպուկորեն ձեւակերպել, ոչ միայն կանգնում է, այլեւ կանգնած է մնում: 2008թ. փետրվարի 20-29 Հայաստանում հենց նյարդերի պայքար էր, որտեղ չդիմացան իշխանության ջղերը, ու սկսվեց մարդկանց հրապարակային գնդակահարությունը: Իշխանությունը հաղթեց միմիայն միջազգային հանրության քար լռության պայմաններում, քանի որ եթե Հայաստանի քաղաքացին ունենար ժողովրդավարական աշխարհի աջակցությունը, իշխանությունը հաստատապես չէր մարսելու այդ մասշտաբի ոճիրը: Դրանից առաջ Վրաստանում Վարդերի հեղափոխությունը տեւել է 2003թ. նոյեմբերի 2-ից մինչեւ 2004թ. հունվարի 4-ը: Այն, ըստ էության, հաջողեց ժողովրդավարական աշխարհի ընդգծված աջակցության պայմաններում: Արաբական գարունը Եգիպտոսում տեղի ունեցավ 2011թ. հունվարի 25-ից 2011թ. փետրվարի 8-ը` համառությամբ հասնելով իշխանության փոփոխությանը: 2018թ. քաղաքացիական մասսայական անհնազանդությունները Հայաստանում մեկնարկել են ապրիլի 13-ից: Ըստ էության, դեռ 7 օրը չի լրացել, սակայն կա տպավորիչ հրապարակ, գործողությունների ցանցային մեխանիզմ: Տարածաշրջանում դերակատարություն ունեցող գրեթե բոլոր ուժային կենտրոնները հանդես են եկել հայտարարություններով` ընդգծելով, որ հետեւում են իրադարձությունների զարգացման ընթացքին, ինչպես նաեւ կարեւորելով օրինականության պահպանումը: Քաղաքացիական բողոքը խելամտորեն դուրս չի գալիս այդ սահմաններից` էականորեն խաթարելով զենքի դիմելու իշխանության ձգտումը:
2011թ. արաբական գարունը ցնցեց գրեթե ողջ Մերձավոր արեւելքը` մի շարք երկրներում հանգելով իշխանափոխության, իսկ Սիրիայում մինչեւ այժմ շարունակվում է պետության քայքայման գործընթացը: Արաբական գարնան եւ մասնավորապես Սիրիայի ներքաղաքական իրադարձությունների ակունքը իշխող վերնախավի սպառվածությունն է: Վերնախավը բթացած իշխանություն ունենալու արտոնությունից անկարող է պատկերացնել փոփոխությունների անհրաժեշտությունը հասարակության համար: Բացարձակ կոմֆորտի, ֆինանսական հսկայական շահույթների ու կառավարական անսահմանափակ լիազորությունների պայմաններում իշխանությունները օրինաչափորեն չեն էլ ցանկանում փոփոխություններ` հասականալով, որ վերջինների արդյունքում զրկվելու են իրենց վայելքներից: Սեփական գայթակղությունները զսպելը բնորոշ է պետականամետ վերնախավին, որը չի կարող պատկերացնել իր շահերի գերակայությունը պետական շահերի նկատմամբ: Արեւելյան տիպի պետություններում, սակայն, ապապետական էլիտայի առկայությունը օրինաչափություն է: Այսպիսի էլիտան, ըստ էության, կտրված է հասարակությունից, չի հասկանում, թե ինչու են մարդիկ բողոքում: Վերնախավը հետեւաբար վերածված է մակաբույծի, որին թվում է, թե շնորհ է անում իր կառավարմամբ, ինչի համար հասարակությունը պետք է լռելյայն շնորհակալ լինի:
Սերժ Սարգսյանի պահվածքը ապրիլի 9-ից ի վեր հենց այսպիսի վերնախավերի դասական օրինակ է: Խորհրդարանում իր ընտրության ժամանակ նա կիսաքնած վիճակում էր, ինչը ցույց է տալիս, որ բացարձակապես հետաքրքրված չէր գործընթացով: Խորհրդարանում ունեցած իր ելույթում Սարգսյանը բազմաթիվ խեղաթյուրված հայտարարություններ արեց` իբր համոզելու, թե որքան է բարգավաճել Հայաստանը նախորդ 10 տարիներին: Սակայն արտաքին պարտքի 5 անգամ ավելանալն ու ավելի քան 350 հազարի հասած արտագաղթը ինքնըստինքյան զրոյական են դարձնում թղթի վրա մնացած նրա աճը: Ավելին` Սարգսյանը գրեթե չանդրադարձավ իր վարչապետության դեմ ցույցերին` դրանք արհամարհելով ու դիտավորյալ աչքաթող անելով: Այդպես էր վարվում ժամանակին Վրաստանի Շեւարնաձեն, մինչեւ որ խորհրդարանում հենց իր աչքով չտեսավ ընդվզող քաղաքացիներին, Ուկրաինայի Յանուկովիչը, մինչեւ հրապարակում չտեսավ իր թիմակիցների փախուստը երկրից, Եգիպտոսի Մուբարաքը, մինչեւ զինվորականությունը չհրաժարվեց կատարել քաղաքացիներին գնդակահարելու հրամանը, Զիմբաբվեի Մուգաբեն, մինչեւ սեփական կուսակցությունը նրան չվտարեց իր շարքերից եւ այլն: Այս բոլոր օրինակները գալիս են փաստելու, որ իրականությանը վարդագույն ակնոցներով հետեւող վերնախավը թանկ է վճարում ինչպես պետական, այնպես էլ անձնական շահերի տեսանկյունից: Եվ միշտ չէ, որ այդ վերջաբանը կարող է Աբաշիձեի պես Մոսկվայում հանգիստ ծերություն խոստանալ: Ուստի այս պայմաններում հայկական վերանախավին ու մասնավորապես Սերժ Սարգսյանին մնում է ոչ թե Հայաստանի քաղաքացիների բողոքը մեկնաբանել տուրիստական գործակալության տնօրենի աչքերով, այլ նախ խորհել դրությունից խաղաղ ելք գտնելու հարցի շուրջ: Իսկ որքան իրավիճակը լարվում է, ոստիկանությունը բռնությունների է դիմում, Սարգսյանը անհամարժեք գնահատականներ է հնչեցնում իրադրության շուրջ, այնքան նեղանում է խաղաղ հանգուցալուծման պատուհանը: Սերժ Սարգսյանի ու իշխանության անադեկվատ պահվածքը, ինչպես համաշխարհային փորձն է ցույց տալիս, բումերանգի էֆեկտով կարող է հարվածել հենց իշխանությանը: Այսպիսով` հաշվի առնելով նախորդ փորձերը` 2018թ. հայկական շարժումը նվազագույնը 1-2 շաբաթ դեռ պետք է օրուարեւ չտա իշխանությանը: Ընդդիմության խնդիրն էլ, արդ, մնում է պահել տեմպը` նյարդերի պայքարում տեղի չտալու գիտակցությամբ:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ԹԱԼԱՆՎԱԾ, ԱՎԵՐՎԱԾ ԵՐԿԱԹԳԻԾ
1980-ական թվականներին Դիլիջան-Իջեւան երկաթուղին հարվածային կառույց էր, դրան մեծ նշանակություն էր տրվում: Երկաթուղու գործարկումով Հայաստանի հյուսիս-արեւելյան տարածաշրջանի տնտեսական կյանքն աշխուժացավ: Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից տրանսպորտային շրջափակման մեջ գտնվող Հայաստանի տնտեսական օրգանիզմի կարեւոր մի երակ ներկայումս կտրված է: Տավուշի մարզի Դիլիջան համայնքի մաս կազմող Հաղարծին գյուղի տարածքում հողի սողանքից ավերված է Դիլիջան-Իջեւան երկաթուղու հատվածը: Սողանքի հետեւանքով Աղստեւ գետի ձախ ափին գտնվող առանձնատների տերերը լքել են իրենց բնակարանները, նրանց պետական բյուջեից դրամական փոխհատուցում է տրվել: Դիլիջան-Իջեւան-Ադրբեջանի սահման երկաթգիծը 1990-ական թվականների երկրորդ կեսից թալանվել է, երկաթուղու ռելսերը տեղում են, սակայն էլեկտրական լարերը եւ այլ պարագաներ գողացվել-թալանվել են: Երկաթգիծը վերագործարկելու դեպքում Իջեւանի բենտոնիտ կոմբինատը, Իջեւանի գինու գործարանը, Իջեւանի եւ Դիլիջանի տարածաշրջանների այլ ձեռնարկություններ իրենց արտադրանքը կարող էին առաքել երկաթուղով, դեպի Երեւան եւ այլ քաղաքներ մեկնող մարդատար գնացքներ կաշխատեին:

 

 

ԴԻՄԵԼ ԵՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ
Ապրիլի 8-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղի «Ջրովքեր» տեղամասում ադրբեջանական գնդակոծությունից բաղանիսցի Սուրիկ Ալեքսանյանի կովը սատկել է, նրա մյուս 2 կովը վիրավորվել են, դրանք հարկադիր մորթի են ենթարկվել: Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանը հայտնեց, որ ինքը պատահարի վերաբերյալ տեղյակ է պահել համապատասխան մարմիններին: Բաղանիսի վարչական ղեկավարը հայտնեց, որ իր 3 կովից, ապրուստի միջոցներից զրկված Սուրիկ Ալեքսանյանին դրամական օգնություն ցուցաբերելու համար դիմել են Տավուշի մարզպետարան եւ սպասում են աջակցության: Տավուշի մարզպետարանը արդյոք ամբողջությա՞մբ կփոխհատուցի Սուրիկ Ալեքսանյանի կրած վնասը, թե՞ դրամական մասնակի աջակցություն կցուցաբերի:

 

 

ԳՈՂԵՐԸ ԴԵՌ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ՉԵՆ
Դիլիջան քաղաքի կենտրոնում «Մոբալյլ սենթրից» շուրջ 5 միլիոն դրամի ապրանքների գողությունը դեռեւս բացահայտված չէ: Ոստիկանության Դիլիջանի բաժինը հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ աշխատանքներ է կատարում: Առկա է գողության վերաբերյալ տեսագրություն, սակայն հանցագործները եղել են դիմակավորված, ինչը դժվարեցնում է նրանց ինքնության բացահայտումը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

ՇԱՀԳԱԼԴՅԱՆՆԵՐԻ ԱՆԾԱՅՐԱԾԻՐ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի 2017 թվականի տարեկան հայտարարագիրը բավական խոսուն է: Շահգալդյանը նախորդ տարվա ընթացքում 1 մլն 735 հազար դրամով եւ 2 մլն 284 հազար դրամով հողամասեր է գնել: Բացի այս` նա երկու հողամաս է վաճառել` ընդհանուր 1 մլն 360 հազար դրամով: Չարենցավանի հավերժ քաղաքապետի դրամական միջոցը անցած տարեվերջին կազմել է 38 մլն դրամ:

Իսկ ահա որպես եկամուտ նա հայտարարագրել է մեկ վայրից ստացած աշխատավարձը, որը ամսական կազմում է 156 հազար դրամ: Շահգալդյանը նախորդ տարվա ընթացքում վարձակալության դիմաց ստացել է 727 հազար 200 դրամ, իսկ մեկ ընկերությունից ստացած շահաբաժինը կազմել է 3 մլն դրամ: Բացի այս` նրա ստացած փոխառությունները, վարկերը կազմել են 10 մլն դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց նաեւ Շահգալդյանի պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը, ըստ որի` նա ունի երկու բնակարան, երեք ավտոտնակ, հասարակական նշանակության մեկ շինություն, 20 հատ հողամաս, Hyundai sonata 2.4, Hyundai Sonata 2.5 L մակնիշի ավտոմեքենաներ: Պարզվում է` քաղաքապետը միայն ստացած աշխատավարձի հույսին չէ: Նա մեկ ընկերությունում ունի 22 մլն 380 հազար դրամի բաժնետոմս, իսկ երկու ընկերություններում` ընդհանուր 200 հազար դրամի բաժնեմաս: Սա դեռ Շահգալդյանների ոչ ամբողջական ունեցվածքն է: Նրա որդին՝ Տիգրան Շահգալդյանն էլ իր հերթին է մինի-օլիգարխ: Որպես եկամուտ կրտսեր Շահգալդյանը հայտարարագրել է մեկ ընկերությունից ստացած 11 մլն 973 հազար դրամի շահաբաժինը եւ 830 հազար դրամ ստացած աշխատավարձը: Իսկ քաղաքապետի տիկինը՝ Արմինե Շահգալդյանը, հայտարարագրել է ձեռնարկատիրական գործունեությունից ստացած եկամուտը` 300 հազար դրամը: Ի դեպ, տեղեկացնենք, որ Շահգալդյանը նախորդ տարվա նոյեմբերի 5-ին համայնքի ղեկավարի ընտրություններին առաջադրել էր իր թեկնածությունը եւ վերընտրվել: Ավելին` Շահգալդյանը այժմ ոչ միայն կառավարում է Չարենցավանը, այլեւ եւս հարակից 5 գյուղերը, քանի որ Չարենցավանը խոշորացվել է: Մեկ փաստ էլ. այս տարվանից ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը պետք է քննության առնի պաշտոնյաների հարստացման հարցը` պարզելու՝ ունեցվածքը կուտակում են օրինակա՞ն, թե՞ անօրինական միջոցներով: Ու հիմա Շահգալդյանների ընտանիքն այս առումով կարող է թիրախում հայտնվել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս