ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ 10 ՏԱՐԻՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամեն անգամ, երբ իշխանություններին, Սերժ Սարգսյանին մեղադրում են վերջին 10 տարիների ընթացքում սոցիալ-տնտեսական ձախողումների մեջ, իրենք փորձում են հակառակը պնդել` նշելով, որ ոչ թե ձախողել են, այլ եղած ճգնաժամին դիմագրավել են: Շատ հաճախ հայտարարում են, որ մեծ արդյունքներ են գրանցել: Ու որպես ձեռքբերում ՀՀԿ-ականները` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, տարատեսակ թվեր են հրամցնում:

Օրինակ` Սերժ Սարգսյանը ՀՀ ազգային ժողովում վարչապետ ընտրվելու ժամանակ իր ելույթում ոգեւորված հայտարարեց. «2007-2017 թվականներն ընդգրկող տասնամյակում մենք երկու խոշոր տնտեսական ճգնաժամ ենք դիմագրավել, երկու պատերազմական իրավիճակ ենք հաղթահարել, մեր անվտանգությանը սպառնացող ներքին ու արտաքին լրջագույն մարտահրավերների ենք առերեսվել, ու այդ պայմաններում կարողացել ենք առաջընթաց ապահովել, բազմաթիվ բարեփոխումներ իրականացնել…»:
Կարճ ասած` ըստ Սերժ Սարգսյանի` տնտեսությունը տարեցտարի աճ է գրանցում, աշխատավարձերը բարձրանում են, սակայն մեր` շարքային քաղաքացիների կյանքի որակն այդպես էլ չի բարձրանում: Թե ինչպես են Հայաստանում աշխատավարձերը «աճում», բոլոր գիտեն. հաճախ ուղղակի թղթի վրա թիվ են ցույց տալիս: Բայց մյուս կողմից հարկային պահումները այնքան մեծ են, որ մարդիկ միեւնույն է` իրենց մաշկի վրա այդ բարձրացումը չեն զգում:
Բայց ամենակարեւորը` աշխատավարձի իբր բարձրացմանը զուգահեռ` այս տարիների ընթացքում հետեւողականորեն բարձր գնաճ է արձանագրվել: Օրինակ` եթե 2007 թվականին էլեկտրաէներգիայի սակագինը 25 դրամ էր, այժմ այն 44.9 դրամ է: Եթե 2007 թվականին գազի սակագինը 1 խմ համար 59 դրամ էր, հիմա` 139 դրամ: Ջրի սակագինը 2007թ. 1 խմ համար եղել է 130.5 դրամ, հիմա այն դարձել է 180 դրամ: Աղբահանությունը եթե այն ժամանակ մեկ անձի համար եղել է 119 դրամ, հիմա դարձել է 200 դրամ: Այսինքն` այս տասը տարիների ընթացքում ահռելի աճել են սակագները: Էլ չենք խոսում նոր հարկերի, հարկային դրույքաչափերի մասին: Ավելին` Հայաստանի բնակիչների ծախսերի մեջ տարեցտարի գնալով ավելացել են բնակկոմունալ ծառայությունների համար վճարվող գումարները, փոխարենը նվազել են ե՛ւ սննդի, ե՛ւ առողջապահության, ե՛ւ առավել եւս կրթության համար ծախսերը: Այլ կերպ ասած` մարդիկ աշխատում են, որպեսզի հասցնեն իրենց կոմունալ վճարումները կատարել, նաեւ վարկային պարտավորությունները մարել եւ միայն դրանից հետո մտածում են ապրուստի, հագնվելու մասին: Ըստ պաշտոնական վիճակագրության` 2004 թվականին բնակկոմունալ վճարումները կազմել էին ամսական ծախսերի 6 տոկոսը: Արդեն 2008 թվականին դրանք ավելացել են` 9.1 տոկոս, 2014 թվականին` 13.5 տոկոս, 2015 թվականին` 13.5 տոկոս, իսկ արդեն 2016 թվականին` 14 տոկոս:
Բացի այս, եթե 2004 թվականին մեկ շնչի հաշվով ամսական ծախսերի մեջ սննդի համար վճարը կազմել է 56.1 տոկոս, ապա 2008 թվականին` Սերժ Սարգսյանի պաշտոնավարման առաջին տարում սննդի համար ծախսը կազմել է ամսական միջինի 51.9 տոկոսը: Հետագա տարիներին այդ նպատակով ծախսերն էապես կրճատվել են, եւ արդեն 2014թ. մարդիկ սննդի համար ծախսել են գումարի 45.7 տոկոսը, 2015թ.` 43.6 տոկոսը, 2016թ.` 42.1 տոկոսը: Միաժամանակ նկատենք, որ սննդի համար ծախսերն ամենեւին էլ գների էժանացման հետեւանքով չեն պակասել: Ընդհակառակը, այս ոլորտում գները տարիներ շարունակ աճել են թռիչքաձեւ: Արդյունքում մարդիկ ստիպված են եղել կրճատել իրենց ուտելիքի համար ծախսը, ու հիմա ՀՀ-ում յուրաքանչյուր 3 բնակչից 2-ը համարվում է թերսնված: Քանի որ Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդատեսակները ոչ միայն տարեցտարի են թանկանում, այլեւ օր օրի:
Հայաստանի կաթնամթերքի շուկայում թանկացումների չափը հսկայական ծավալների է հասնում: Միայն թթվասերի 90 գրամանոց տուփը տարիներ առաջ վաճառվում էր 90 դրամով, իսկ հիմա այն արժի 140 դրամ: Պանրի մեկ կիլոգրամը տարիներ առաջ վաճառվում էր 1400 դրամով, այժմ այն ունի ավելի քան 2000 դրամ արժեք: Թանկացել է աղը, շաքարավազը, իսկ հացի ոչ թե գինն է բարձրացել, այլ քաշն է նվազեցվել: Չենք խոսում առողջապահական ոլորտում գրանցված թանկացումների մասին, երբ մարդը գումար չունի դեղ գնելու, առավել եւս բուժվելու համար:
Քանի որ Սերժ Սարգսյանը խոսել է իր պաշտոնավարման տարիներին ճգնաժամերը դիմագրավելու մասին, փորձենք հասկանալ, թե դա ինչպե՞ս է արվել: 2008թ. Հայաստանի անվանական ՀՆԱ-ն 11 մլրդ 662 մլն դոլար էր: Ու մինչեւ հիմա չի գերազանցել նախաճգնաժամային վիճակը: 2017թ. անվանական ՀՆԱ-ն կազմել է 11 մլրդ 303 մլն դոլար: Այլ կերպ ասած՝ այսօր ՀՀ անվանական ՀՆԱ-ն պակաս է 2008թ. ցուցանիշից:
Ահա Սերժ Սարգսյանի «անվտանգ, առաջընթաց եւ ապահով Հայաստանի» 10 տարիները:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԷԳՈՅԱՆԻ ԿՈՉԸ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այս օրերին Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի շրջանակներում «Քայլ արա» նախաձեռնության հանրահավաքի ժամանակ դիմել էր աշխարհահռչակ հայ արվեստագետների` կոչ անելով գալ Երեւան եւ միանալ ընդդիմության շարժմանը: Factor.am-ը կապ է հաստատել կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի հետ` փորձելով պարզել, թե ինչ է նա մտածում Փաշինյանի կոչի մասին եւ արդյոք պատրաստվում է գալ Հայաստան: «Ցավոք, ես չեմ կարող գալ, քանի որ նախապես ստանձնած մասնագիտական պարտավորություններ ունեմ, որոնք չեմ կարող խախտել»,-հայտնել է Էգոյանը: Նա խնդրել է հանրությանը եւ Նիկոլ Փաշինյանին փոխանցել հետեւյալ ուղերձը.
«Երբ անցյալ տարի «Արդարադատությունը Հայաստանում» նախաձեռնության կողմից որպես դիտորդ եկանք Հայաստան, ուզում էինք սկիզբ դնել մեր ժողովրդի ներգաղթի գործընթացին: Մենք` որպես սփյուռքահայեր, հոգնել ենք մեր սուրբ հողից զանգվածային արտագաղթը տեսնելուց: Կարճ ասած` մենք տեսնում էինք իրական ժողովրդավարական արժեքների հնարավոր դեգրադացիա: Եթե այժմյան ցույցերը տեղի ունենային մեկ տարի առաջ, մենք ոչ միայն այդտեղ կլինեինք, այլեւ մեզ հետ կլինեին նաեւ այն հարյուրավոր սփյուռքահայերը: Ես այդտեղ եմ իմ ամբողջ սրտով ու հոգով, բայց թույլ տվեք պարզորոշ ասել, որ Հայաստանի ապագան սփյուռքի ձեռքում չէ, այլ Հայաստանի քաղաքացիների»:

 

 

ՎԵՐՋԱՊԵՍ ԱՐՁԱԳԱՆՔԵՑ
Երեւանում եւ Հայաստանի այլ բնակավայրերում վերջին օրերին ծավալված դրամատիկ իրադարձությունների առնչությամբ ուղերձով է հանդես եկել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը` բոլորին հորդորելով պահպանել զգաստությունն ու ողջախոհությունը: «Մեր երկրի ու ժողովրդի ներքին կյանքը վերջին օրերին ուղեկցվում է բուռն ու լարված իրադարձություններով` կապված ՀՀ վարչապետի ընտրության հետ: Մեր մտահոգությունն ենք հայտնում ստեղծված իրավիճակի առնչությամբ, որ խաթարում է հանրային բնականոն կյանքի ընթացքը: Անընդունելի եւ անթույլատրելի են ատելության եւ թշնամանքի հրահրումը եւ որեւէ տեսակի ընդհարում ու բռնության գործադրում: Հորդոր ենք ուղղում` պահպանելու զգաստությունն ու ողջախոհությունը, հայրենասիրության մեջ օրինահարգությունը եւ խաղաղության նախանձախնդրությունը»,-նշված է կաթողիկոսի ուղերձում:

 

 

ԿԽԹԱՆԻ
Արժույթի միջազգային հիմնադրամը հստակեցված կանխատեսմամբ կրկին հաստատել է համաշխարհային տնտեսության աճի հեռանկարները, բայց զգուշացրել է, որ հնարավոր մեծածավալ առեւտրային հակամարտությունը սպառնում է վաղաժամկետ խաթարել գլոբալ աճը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ ԱՄՀ-ում վստահ են, որ համաշխարհային տնտեսությունը կգրանցի 3,9 տոկոս աճ 2018 եւ 2019 թթ., այդպիսի ցուցանիշ էր նշվել նաեւ հունվարյան կանխատեսման մեջ, որն այժմ հաստատվում է եվրագոտում, Ճապոնիայում, Չինաստանում եւ Միացյալ Նահանգներում շարունակվող բարձր ցուցանիշների ֆոնին։

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ
Երեկ տեղի է ունեցել ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հանդիպումը ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի եւ ուսումնական հարցերի հանձնաժողովների անդամների հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հանձնաժողովների գործունեությանը, ինչպես նաեւ քննարկվել արդյունավետ ուղղություններ` հանձնաժողովների աշխատանքները նոր դատական օրենսգրքի պահանջներին համահունչ դարձնելու կապակցությամբ: Բարձրագույն դատական խորհրդի նախագահն անդրադարձել է «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով հանձնաժողովներին վերապահված լիազորություններին, դրանց լիարժեք իրագործմանը, կառուցակարգային այլ հարցերի:

 

 

ՄԻԵԴ-Ը ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) երեկ Ադրբեջանի վերաբերյալ 3 նոր վճիռ է հրապարակել: Վճիռներից մեկը կապված է ադրբեջանցի փաստաբաններ Աննագի Գաջիբեյլին եւ Ինտիգամ Ալիեւին անօրինաբար փաստաբանների ասոցիացիայից հեռացնելու, մյուսը` 2013 թվականի ձերբակալված մարդու իրավունքների պաշտպան Անար Մամեդլիի գործի հետ: ՄԻԵԴ վճիռներով Ադրբեջանը տուգանվել է մոտ 40 հազար եվրոյի չափով: Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման դեպքերը չափազանց լայն տարածում ունեն: Չնայած մյուս կողմից պետք է նկատենք, որ Հայաստանը եւս չի փայլում մարդու իրավունքների պաշտպանության առումով: Վերջին տարիներին ՄԻԵԴ-ը բազմաթիվ վճիռներ է կայացրել նաեւ ՀՀ-ի դեմ` ստիպելով փոխհատուցում տրամադրել իշխանությունների գործողություններից տուժած անձանց:

 

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԲԱՔՎՈՒՄ
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը եւ ՆԱՏՕ-ի գերագույն միացյալ հրամանատար Քուրթիս Սկապարոտին կհանդիպեն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում եւ քննարկեն Սիրիայի իրավիճակին առնչվող հարցեր: Գերասիմովն արդեն Բաքվում է: Ենթադրվում է, որ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան հրամանատարները կանդրադառնան նաեւ Եվրոպայում ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի ռազմական ակտիվությանը եւ, մասնավորապես, ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական հնարավոր ընդհարումները կանխելու հարցին:




Լրահոս