Խորհրդարանում Սահմանադրական դատարանի անդամի ընտրության քվեարկության արդյունքներով Էմիլ Բաբայանը ՍԴ անդամի պաշտոնում չընտրվեց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քվեարկության արդյունքները հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը:
Մելիքյանը հայտնեց, որ ՍԴ անդամի ընտրության քվեարկությանը Ազգային ժողովի 105 պատգամավորներից մասնակցել է 54-ը, քվեաթերթիկներից ոչ մեկն անվավեր չի ճանաչվել: Էմիլ Բաբայանի թեկնածությանը կողմ է քվեարկել 51, դեմ՝ 3 պատգամավոր: «Այսպիսով, Հայաստանի Սահմանադրական դատարանի դատավոր չի ընտրվում»,- հայտարարեց Գագիկ Մելիքյանը:
Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում ընտրվելու համար ՀՀ նախագահի կողմից առաջադրված թեկնածու Էմիլ Բաբայանը պետք է ստանար պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ը՝ 63 ձայն:
Մինչ քվեարկությունը, «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները հայտարարել էին, որ չեն մասնակցելու քվեարկությանը: