Այս օրերի ներքաղաքական իրադարձությունների մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ:
-Պարո՛ն Օհանյան, ինչպե՞ս եք գնահատում Ն. Փաշինյանի առաջնորդությամբ ծավալվող շարժումը:
-Շատ բարձր եմ գնահատում, որովհետեւ սա ժողովրդական մի զարթոնք է, գաղափարական շարժում, որ ժողովուրդը վստահեց Ն. Փաշինյանին, Ս. Միքայելյանին, Ա. Միրզոյանին եւ նրանց ընկերներին:
Ըստ էության, ժողովուրդը վստահեց ինքն իրեն, որովհետեւ բարձրաձայնեց բոլոր այն բոլոր խնդիրները, որ այսօր կան: Իհարկե, զարմանալի չէ, որ ճիշտ կշռադատող մարդիկ միշտ ասում են, որ նորօրյա պատմության ընթացքում մեր պետության կայացման բնականոն հունը մի քանի անգամ խաթարվել է. ընտրությունների միջոցով, ճիշտ գնահատականներ չտալու միջոցով, սահմանադրական բարեփոխումների ժամանակ, եւ ամենավերջին այդպիսի ոչ դրական քայլը 2017 թ. ԱԺ ընտրություններն էին: Դա կարծես թե վերջակետ դրեց բոլոր այն բացասական երեւույթներին, որ կային: Իհարկե, փորձեր արվել են գնալ ժողովրդավարության, բայց այս խորհրդարանական ընտրությունները, ի վերջո, ցույց տվեցին, որ տարիների այդ բնականոն հունի խաթարման գագաթնակետին հասցրինք մեր ժողովրդին դրամների բաժանմամբ, փողոցային տարբեր ոչ օրինական մարդկանց ճնշման ներքո եւ նախընտրական փուլում նույնիսկ անհատների, մտերիմների վրա ճնշմամբ, նաեւ այս ամենի արդյունքում մեր ժողովրդին տարանք նսեմացման, քաղաքական դաշտի ամբողջությամբ ոչնչացման:
Ես չեմ ուզում նորից ետ վերադառնալ անցյալին, բայց, այնուամենայնիվ, գնահատականն այդպիսին է: Եվ ճիշտ որոշումը ժողովուրդը կայացրեց. տարիներով անտրտունջ տանելով այդ ցավն իր վրա` որոշեց ազատվել այդ ցավից, ազատվել այն բոլոր բացասական երեւույթներից, որոնք կան Հայաստանում: Ես նկատի ունեմ մթնոլորտ, հարաբերություններ, տարբեր տեսակի ճնշումներ, տնտեսական վատ վիճակ, արտագաղթ եւ այլն: Եվ տեսնում ենք. զարթոնքի հետ միասին ժողովուրդն անձնավորված եւ ըմբոստ քայլերով փորձում է նաեւ ցավ պատճառել այն իրականությանը, որը բերել է այս աստիճանին: Ճիշտ ուղղությունը մեկն է. եթե ժողովուրդը վստահում է այս առաջնորդներին, ապա մենք պետք է համարձակություն ունենանք ասելու` դուք եք այսօրվա մեր առաջնորդը, անկախ նրանից, թե մեզնից ով ում հետ ինչ հարաբերություններ ունի, ով ինչ ճանապարհ է անցել: Նրանք արեցին այն ամենը, ինչ շատ-շատերը չկարողացան տարիների ընթացքում անել:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:
Մերի Մարտիրոսյան, Հովսեփ Հովսեփյան