Երեկ 41 պատգամավորի ստորագրությամբ ՀՀ վարչապետի պաշտոնում կրկին առաջադրվել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Ինչպես հայտնի է՝ Սահմանադրության համաձայն` երկրորդ փուլով վարչապետ ընտրելու համար արդեն անհրաժեշտ է պատգամավորների թվի 1/3-րդի ստորագրությունը, որն էլ տեղի ունեցավ «Ելք», «ՀՅԴ» եւ «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորների ստորագրության շնորհիվ: Նախօրեին ԱԺ ՀՀԿ խմբակցությունում Սերժ Սարգսյանի գլխավորությամբ անցկացված նիստից հետո հայտարարվեց, որ ՀՀԿ-ն քվեարկությամբ կօգնի, որպեսզի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուն ընտրվի: Փորձենք հասկանալ եւ վերլուծել, թե ովքեր են քվեարկելու Նիկոլ Փաշինյանի օգտին եւ ապահովելու նրա ընտրվելու համար անհրաժեշտ 53 ձայնը:
Իհարկե, Փաշինյանին առաջադրած խմբակցություններից եղել են նաեւ մարդիկ որ չեն ստորագրել, սակայն սա չի խանգարել, որպեսզի հավաքված ստորագրությունները նվազագույնից նույնիսկ ավելի լինեն: Սակայն ամեն դեպքում նշենք, որ յուրաքանչյուր խմբակցությունից էլ չստորագրած պատգամավորներ են եղել: Մասնավորապես ձեւաթղթի տակ չի ստորագրել անձամբ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Ստորագրահավաքին չի միացել ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը, որը երեկ վայր դրեց մանդատը. սա էլ այն պատճառով, որ նա քավորսանիկական հարաբերությունների մեջ է ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի հետ:
ՀՅԴ-ից 7 ստորագրության փոխարեն հավաքվել է 6-ը: Իսկ ահա «Ծառուկյան» խմբակցության 31 պատգամավորներից ձեւաթղթի տակ ստորագրել են 27-ը: Սակայն չորս պատգամավորները ոչ թե դիտմամբ չեն ստորագրել, այլ պարզապես բացակայել են երեկվա նիստից: Նրանք են՝ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը, Իշխան Զաքարյանն ու Մելիք Մանուկյանը:
Ընդգծենք, որ վերջին երկու պատգամավորները ԱԺ-ում ներկա չեն եղել նաեւ վարչապետի նախորդ քվեարկությանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` չի բացառվում` մայիսի 8-ին կայանալիք հատուկ նիստի ժամանակ արդեն ներկա լինեն նաեւ նախորդ նիստից բացակայած պատգամավորները: Մեր տեղեկություններով` Մելիք Մանուկյանն այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում առողջական խնդիրների պատճառով եւ դեռ նախորդ նիստի ժամանակ նաեւ գրություն է ուղարկած եղել խորհրդարան: Բայց այդ գրությունը հաշվի չեն առել, քանի որ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն` պատգամավորը նախապես գրավոր իր քվեարկության մասին կարող է հայտնել գործուղման մեջ գտնվելու դեպքում: Մեր տեղեկություններով` երեկվա դրությամբ Մանուկյանը խոստացել է, թե մինչ այդ օրը Հայաստանում կլինի եւ կներկայանա նիստին:
Չնայած նախորդ նիստի ժամանակ ամբողջ խմբակցության անդամներով փնտրում եւ չէին կարողանում գտնել Իշխան Զաքարյանին, սակայն մենք տեղեկացանք, որ վերջինս եւս իր գործընկերներին խոստացել է գալ եւ կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին: Ինչպես նախորդ անգամ, մայիսի 8-ին էլ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը եւս կմասնակցի նիստին: Այսպիսով` ստացվում է, որ վարչապետի քվեարկության ժամանակ «Ծառուկյան» խմբակցությունը կներկայանա իր ամբողջ կազմով` 31 հոգով:
Իհարկե, ոչինչ չի կարելի բացառել, եւ միայն այդ օրը պարզ կլինեն ներկաներն ու քվեարկողները, չէ՞ որ անակնկալներ միշտ կարող են լինել: Ի վերջո, դեռեւս իշխանության ղեկին գտնվող ՀՀԿ-ի բնույթը բոլորին է հայտնի. նրանք դեռ ատամներով կառչած են աթոռներից ու կրկին կփորձեն տորպեդահարել քաղաքական գործընթացները:
ՀՅԴ-ում եւս կարծես թե ամեն ինչ հստակ է. խմբակցության վեց անդամներն էլ պատրաստ են ներկայանալ նիստին եւ կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին: Չնայած այս կուսակցությունն էլ նախորդ նիստում ցույց տվեց, որ ունակ է անակնկալներ մատուցել, եւ Աղվան Վարդանյանի արարքն էլ դրա վառ ապացույցն է: Սակայն երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, թե ՀՅԴ խմբակցությունը միասնական է լինելու, եւ բոլորով կրկին կքվեարկեն Նիկոլ Փաշինյանի օգտին՝ առանց անակնկալների: Ստացվում է՝ արդեն առանց ՀՀԿ-ականների, Փաշինյանն ունի 46 ձայն, եթե այս ձայներին գումարենք դեռ նախորդ նիստում նրա օգտին քվեարկած ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանին, ապա կողմ ձայների թիվը 47 է լինում:
Իսկ ահա ՀՀԿ խմբակցությունում ամեն ինչ խառն է: Պատահական չէ, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի կողմից տարածած հաղորդագրության մեջ նշված էր, թե ՀՀԿ-ն կաջակցի, որպեսզի պատգամավորների 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուն ընտրվի վարչապետ: Եվ աջակցել բառն էլ այստեղ պատահական չէ: Երեկ լրագրողների հետ զրույցում այս առնչությամբ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել էր. «Աջակցել նշանակում է, որ կապահովի, որպեսզի վարչապետի թեկնածուն ունենա 53 ձայն կամ միգուցե ավել, որպեսզի դառնա վարչապետ»,- նշել է նա` հավելելով, թե դա ամենեւին չի նշանակում, թե բոլորը պետք է միասնական կողմ քվեարկեն: Ընդ որում, Շարմազանովը եւս մեկ անգամ հայտարարել է, թե մայիսի 8-ին միգուցե կրկին չտեսնելով Փաշինյանին վարչապետի եւ գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնում, ՀՀԿ-ն այդուհանդերձ չխոչընդոտի, այլ, հակառակը, աջակցի, որ նա ընտրվի վարչապետ: Անձամբ Շարմազանովն արդեն հայտարարել է, որ կրկին դեմ է քվեարկելու: Մեր տեղեկություններով` ՀՀԿ-ի քաղաքական թիմն, այնուամենայնիվ, դեմ կքվեարկի Փաշինյանին: Դեմ քվեարկողների թվում կարող են լինելնաեւ ոչ կուսակցականներ՝ Խոսրով Հարությունյանը, Արտաշես Գեղամյանը: Երեկ Գեղամյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, թե ինչ էլ որոշի խմբակցությունը, ինքը դեմ է քվեարկելու: Բայց ՀՀԿ-ում կհոգան, որ կողմ քվեարկողների թիվը հասնի մոտ 10-ի:
Կողմ են քվեարկելու ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ Արսեն Միխայլովն ու Կնյազ Հասանովը: Վերջինս երեկ մեր թղթակցի հետ զրույցում նույնիսկ խոստովանել է, թե անգամ մայիսի 1-ին էր ցանկանում կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանին, սակայն փաստորեն զոհ է գնացել խմբակցության որոշմանը: «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարում գրել էր, որ դեռ մայիսի 1-ից առաջ որոշում է եղել, որ հենց այդ օրը գործարար-պատգամավորները պետք է կողմ քվեարկեն եւ հենց այդ օրն էլ վարչապետ դարձնեն Նիկոլ Փաշինյանին: Սակայն վերջին պահին փոփոխություններ են եղել, ըստ որոշ տեղեկությունների` գործարարների վրա ազդել է ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանը, որպեսզի ԱԺ ընտրություններին ՀՀԿ-ն գնար` վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ձեռքին լծակներ ունենալով: Բայց չստացվեց այս սցենարը:
Հիմա գործարարները հայտնվել են անհարմար դրության մեջ: Մեր տեղեկություններով` նրանց մեջ վախ կա, որ ընտրվելուց հետո Փաշինյանը կարող է հաշվեհարդար տեսնել իրենց հետ: Սակայն նախօրեին Սերժ Սարգսյանը նրանց կրկին հավաստիացումներ է տվել, եւ որոշում է կայացվել մայիսի 8-ին արդեն քվեարկել այնպես, ինչպես որոշված էր եղել: Մեր տեղեկություններով, սակայն, գործարարների թեւում եւս անհամաձայնություն կա, եւ ոչ բոլորն են միանշանակ հայտարարել, թե պատրաստ են քվեարկելու, մասնավորապես, Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը: Գործարար թեւից զատ` Նիկոլ Փաշինյանին կողմ կարող են քվեարկել նաեւ գեներալ-պատգամավորները, ովքեր դեռ նախորդ նիստից հետո փոշմանած են եղել, որ չեն վարվել Ֆելիքս Ցոլակյանի պես: Երեկ էլ լրագրողների հետ զրույցում գեներալ Սեյրան Սարոյանը նշեց, թե միգուցե Ցոլակյանը դեռ այդ ժամանակ էր հասկանում, որ կողմ քվեարկելն է ճիշտ: Սարոյանը նաեւ ասել է, թե ինքը միշտ էլ հոգով ընդդիմադիր է:
Ուշագրավ է, որ երեկ Գեղարքունիքի մարզից վարկանիշային կարգով պատգամավոր Հակոբ Հակոբյանն իրեն պատկանող ՀԷԿ-ի ջուրը փակած քաղաքացիներին հայտարարել է, թե ինքն էլ է կողմ քվեարկելու, սակայն մեր տեղեկություններով` նման որոշում այս պահին առկա չէ:
Նաիրա Հովհաննիսյան