Նախարարները դիմումներ գրած սպասել են վարչապետի ընտրությանը. նրանց դեմ կոմպրոմանտների տրցակներ կան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ կառավարության անդամների մի մասը, պայմանավորված ներքաղաքական իրադարձություններով, հրաժարականի դիմումներ է պատրաստել` ցանկություն հայտնելով միանալ ժողովրդին: Նախարարները դիմումները պատրաստ` սպասում էին Ազգային ժողովում վարչապետի ընտրություններին: Եթե այդ քվեարկության արդյունքում Նիկոլ Փաշինյանը հաղթեր, ապա նախարարները կներկայացնեին հրաժարականի դիմումները: Մեզ հասած տեղեկություններով` կառավարության ներկայացուցիչները ասել են, որ չեն ցանկանում ժողովրդի թշնամին լինել եւ պարզապես դիմում կգրեն եւ կգնան, սակայն դիմում գրած նախարարներին հասկացրել են, եթե այդ քայլին դիմեն, ապա քրեական պատասխանատվությունը չի ուշանա, քանի որ իրենց դեմ կոմպրոմատների հսկա տրցակներ կան, եւ ուրեմն անհրաժեշտ պահի դրանք գործի կդրվեն:

«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտեմ Ասատրյան

-Պարո՛ն Ասատրյան, մեզ հասած տեղեկությունների համաձայն` երկրում ստեղծված իրավիճակից ելնելով` մի շարք նախարարներ ցանկացել են հրաժարական տալ, սակայն վերջիններիս հիշեցրել են իրենց ոլորտում առկա բացահայտված չարաշահումները: Ձեզ, օրինակ, հիշեցրել են Մարի Իզմիրլյանի անվան մանկատան չարաշահումները, որոնց մեջ ներգրավված են Ձեր մտերիմները, Նորքի տուն ինտերնատի չարաշահումները եւ այսպես շարունակ:

– Լավ եղե՛ք:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Իգնատի Առաքելյան


-Պարո՛ն Առաքելյան, ասում են` Դուք ցանկացել եք գնալ, սակայն Ձեզ ասել են` եթե դիմում գրեք, ապա Ձեր ոլորտում առկա բացթողումները կհրապարակվեն եւ Ձեզ քրեական պատասխանատվության կկանգնեցնեն: Ձեզ սպառնացե՞լ են:

-Ո՛չ, չեն եղել:

-Եթե չի եղել, ինչո՞ւ չմիացաք ժողովրդին, մայիսի 2-ին Ձեր գործընկեր, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հրաժարական տվեց, եթե Ձեզ չեն սպառնացել, միանայիք, ի՞նչ խնդիր կար:

-Ես գտնում եմ, որ այսօր նպատակահարմար չէ պատասխանել այդ հարցին:

-Ինչո՞ւ, ինչի՞ն եք սպասում, թե ի՞նչ կասի ՀՀ փոխվարչապետ Կարեն Կարապետյանը, ի վերջո, երբ նա նշանակվեց վարչապետ, Դուք եկաք կառավարություն եւ համարվում եք նրա թիմակիցը:

-Երբ կառավարությունը ձեւավորվի:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյան

-Պարո՛ն Կարապետյան, Վերահսկիչ պալատը Ձեր ոլորտում չարաշահումներ էր հայտնաբերել, ավելին` այս օրերին ազգային անվտանգության ծառայությունում քննվում է բանակին կարագի փոխարեն մարգարին մատակարարելու քրեական գործը, որի արդյունքում մեղադրյալի աթոռի են հայտնվել Ձեր ղեկավարած ոլորտի պաշտոնատար անձինք: Ձեզ այս իրավիճակը չի՞ մտահոգում:

-Չեմ մեկնաբանում, քանի որ այդ մասով մեկնաբանություն եղել է:

-Ի՞նչ մեկնաբանություն:

-Որեւէ բան չեմ ասելու:

-Իսկ կարո՞ղ է Ձեզ սպառնացել են` ասելով` եթե դիմում գրեք, գնաք, ապա այս բոլոր քրեական գործերի համար լավ օրեր Ձեզ չեն սպասվում:

– Չեմ մեկնաբանում որեւիցե բան:

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Մարտիրոսյան


Պարո՛ն Մարտիրոսյան, ասում են, որ նախարարներին սպառնացել են` քրեական պատասխանատվության ենթարկելով, եթե միանան հասարակությանը եւ մերժեն իշխանություններին, Ձեզ սպառնացե՞լ են:

-Ո՛չ, չի եղել նման բան:

-Այսինքն` մտավախություն չունե՞ք` եթե միանաք, Ձեզ հիշեցնեն նախկինում կատարած արարքները:

-Ինչի՞ց մտավախություն ունենամ:

-Ձեզ հիշեցնեն նախկինում կատարած արարքները, եթե թիմին դեմ գնայիք:

-Չի եղել նման բան:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան

-Պարո՛ն Նազարյան, Ձեզ սպառնացե՞լ են` ասելով, եթե հրաժարականի դիմում գրեք, միանաք ժողովրդին, քրեական պատասխանատվության կենթարկվեք:

-Իմ մասով չի եղել, եթե երեկ հարցնեիք, կարող է պատասխանեի, արդեն ուշ է:

-Ի՞նչ է փոխվել:

-Դե, հիմա ամեն ինչ իր տեղն է ընկել, եւ հետո` ես դիմում չեմ կարող գրել, իմը 5 տարվա պաշտոնավարման ժամկետով է, ո՞ւմ դիմում գրեմ:

-Մի՞թե դժվար էր չսպասել պաշտոնավարման ժամկետին լրանալուն, եւ միանայիք հասարակությանը:

-Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել, թող դա մնա իմ խղճի վրա:

Քնար Մանուկյան




Լրահոս