Եթե պետք է ընտրեին Նիկոլ Փաշինյանին, ապա դա պետք է անեին մայիսի 1-ին. Գարեգին Նուշիկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ ՀՀԿ խմբակցությունը հայտարարել է, թե աջակցելու է, որպեսզի մայիսի 8-ին պատգամավորների 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուն ընտրվի վարչապետ: Երեկ արդեն պատգամավորների կողմից թեկնածու առաջադրվեց Նիկոլ Փաշինյանը, ում գլխավորությամբ մարտի 31-ից պայքար էր սկսվել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: Եվ կարծես թե պայքարը տալիս է իր հերթական պտուղները:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցեւմ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանը կարծիք հայտնեց, թե խորհրդարանը վարչապետ պետք է ընտրեր դեռեւս մայիսի 1-ին, եւ զարմանալի է համարում իշխող ուժի խմբակցության անդամների պահվածքը: Միեւնույն ժամանակ նախկին պատգամավորի խոսքով` պայքարի հաջողության գրավականն ընտրված մեխանիզմն ու ժողովրդի՝ ավելացող դժգոհությունն էր:

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանը:

-Պարո՛ն Նուշիկյան, ըստ Ձեզ` ո՞րն էր համաժողովրդական պայքարի հաջողության գրավականը:

-Դրա համար շատ պատճառներ կան: Առաջին հերթին այն, որ ժողովուրդն իսկապես դժգոհ էր, եւ, իհարկե, պայքարի ձեւն ու մեխանիզմները: Բոլորը միասին բերեցին հաջողության: Բնական է՝ պայքարի ձեւերը, մեխանիզմները մշակված էին, ինքնաբուխ չեղան դրանք, բայց պատճառը դա չէր, դա հետեւանքն էր: Իսկ պատճառը՝ ժողովրդի, դժգոհության, անբավարարվածության մեջ էր: Վերջին հաշվով ժողովուրդը ոտքի կանգնեց ու արեց այն, ինչ արեց:

-Այսինքն` Դուք լինելով նաեւ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր` չեք ժխտում, որ ժողովուրդը դժգոհ է եղել իշխող ուժի վարած քաղաքականությունից:

-Դժգոհ էր, որ այսպես եղավ: Եթե գոհ լիներ, ինչու պետք է պայքարեր: Չնայած փաստ է, որ բոլոր երկրներում էլ ժողովուրդներն իրենց իշխանություններից միշտ դժգոհ են, եւ դա լավ է ու ճիշտ, քանի որ դա է առաջ տանում, զարգացնում երկիրը: Ուղղակի մեզ մոտ այդ դժգոհությունները շատ ավելի մեծ էր, եւ այժմ ունենք այն, ինչ որ ունենք:

-Այն, որ ՀՀԿ խմբակցությունը հայտարարել է, որ մայիսի 8-ին կաջակցի պատգամավորների 1/3-րդի կողմից առաջադրված թեկնածուին, եւ այդ օրը կընտրվի վարչապետ, ամենաօպտիմա՞լ տարբերակն եք համարում:

Ես այժմ կասեմ իմ կարծիքը: Շատ ավելի օպտիմալ կլիներ, եւ ես սպասում էի, որ այդ ընտրությունը տեղի ունենար մայիսի 1-ին: Անկեղծ ասած` ինձ համար մինչեւ այս պահն անհասկանալի է, թե ինչու այդպես եղավ, եւ ինչու այդ հարցը ձգվեց: Միգուցե ինչ-որ քաղաքական նկատառումներից ելնելով է դա, չեմ կարող ասել, քանի որ ես այդ ամեն ինչի մեջ չկամ, դժվար է մեկնաբանել: Բայց իմ կարծիքով` ավելի լավ կլիներ, որ դա լիներ ամսի 1-ին:

-Այսինքն` կարծո՞ւմ եք՝ եթե միեւնույն է` պետք է ընտրեին, ինչո՞ւ երկարացրին:

– Բնականաբար: Եթե պետք է ընտրեին, ապա դա պետք է անեին մայիսի 1-ին: Գուցե շատ բաներ կան, որ ես տեղյակ չեմ, միգուցե եւ ճիշտն էլ դա էր, բայց իմ տեսակետից ճիշտ կլիներ այնպես: Ինչու եմ դա ասում, քանի որ նույն խմբակցությունում եւ կուսակցությունում շատ ու շատ պարկեշտ մարդիկ կան, որոնց այս ընթացքում պիտակավորեցին, եւ բացարձակ դա իրենց հարիր չէ: Նրանք այդ մարդիկ չեն, որոնց ժողովուրդը վիրավորված այդ պիտակավորումները կպցնում է: Ու որ այդ ամեն ինչը չլիներ, ճիշտ կլիներ մայիսի 1-ին ընտրելը:

-Պարո՛ն Նուշիկյան, իսկ նոր իշխանությունների պարագայում ի՞նչ հնարավոր խնդիրներ կարող են լինել, եւ այս իրադարձություններն ինչպե՞ս կանդրադառնան տնտեսության վրա:

-Ցանկացած երկրում եւ առավել եւս մեր նման երկրներում, իշխանափոխությունը տնտեսության զարգացման համար որոշակի արգելակում է առաջացնում, բայց երկրներ կան, որ այդ արգելակումից հետո շատ ավելի լավ տեմպերով է զարգացումը լինում, եւ երկրներ կան, որ ավելի ցածր է լինում, նայած թե այդ ժամանակվա իշխանությունն ինչ քաղաքականություն է վարում: Մեր բոլորի մոտ կա այդ ակնկալիքները, որ ավելի լավ է լինելու տնտեսության վիճակը, քան, ասենք, նախկինում: Թե չէ հակառակ դեպքում ինչու համար էր այս ամեն ինչը, եթե պետք է լավ չլինի: Ես շատ կուզենամ, որ հանկարծ մեր հասարակությունը չհիասթափվի, ինչպես եղավ 90-ականներին: Ես չգիտեմ՝ ինչպիսի կառավարություն է ձեւավորվելու, բայց մաքսիմալ պետք է փորձենք աջակցել, որ երկիրն ավելի զարգացում գնա ու ավելի բարձր տեմպերով:

-Ըստ Ձեզ` երկա՞ր ժամանակ է հարկավոր դրա համար:

-Համենայնդեպս չեմ կարծում, որ շատ կարճ ժամանակում մենք կկարողանանք: Մինչ կառավարության ձեւավորումը բավականին բացասական ազդեցություն կլինի, եւ ստարտային մեկնարկին հասնելու համար ժամանակ է հարկավոր, եւ առավել եւս երկար ժամանակ է հարկավոր ավելի առաջ գնալու համար:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս