Մայիսի 2-ին ՀՀԿ խմբակցությունը հայտարարեց, որ ՀՀ-ն մայիսի 8-ին ունենալու է սահմանադրական ճանապարհով ընտրված վարչապետ: ՀՀԿ-ն չի առաջադրելու վարչապետի թեկնածու եւ սատարելու է խորհրդարանի մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուին դառնալ վարչապետ: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է դերասան, երգիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանի հետ:
-Պարո՛ն Պողոսյան, ՀՀԿ-ի վերջին հայտարարությամբ պայմանավորված՝ կարելի՞ է համարել, որ հանրապետականները նահանջեցին, թե՞ սպասենք այլ զարգացումների:
-Անկեղծ ասած՝ ես վախենում եմ այլ զարգացումներից, որովհետեւ վախկոտները միանգամից նահանջել չեն կարող: Նրանք միշտ իրենց ետեւից պետք է մի բան փչացնեն, իրենց հետ մի բան տանեն: Նրանք չեն կարող այնքան գիտակցություն ունենալ, որ տղամարդու պես ասեն. «Մենք վերջացնում ենք մեր գործունեությունը, որը ժողովրդին պետք չի»: Նրանք ինչ-որ բաներ են հնարում: Ըստ իս, ամեն ինչի ետեւում կանգնած է Ռոբերտ Քոչարյանի թիմը, որն ինձ շատ ավելի վտանգավոր է թվում: Ես ուզում եմ, որ այն հրճվանքը, ոգեւորությունը, որն ապրում է ժողովուրդը, սրանք հանկարծ չփորձեն ինչ-որ կերպ փչացնել, ուղղակի համը հանել: ՀՀԿ-ականները, անգամ Շարմազանովի բալիկը, գիտակցում են, որ այս ամեն ինչը վերջացել է: Տղե՛րք, ուժ գտեք ձեր մեջ, տղամարդու պես ընտրեք Նիկոլին: Դրանից լավ առաջարկ այսօր չի կարող լինել:
-Բայց ՀՀԿ-ականները քննադատում են նրան՝ նշելով, որ Փաշինյանը վարչապետ լինելու համար չունի համապատասխան գիտելիքներ եւ փորձ:
-ՀՀԿ-ականներն իրենց ուրիշ ձեւ չէին կարող պահել: Նիկոլը շատ պատրաստված, կիրթ անձնավորություն է, շատ զուսպ, ինչն ինձ շատ է դուր գալիս: Ես համոզված եմ, որ նրա կողքին հիմա կան եւ աշխարհի տարբեր ծայրերից կավելանան այն տղերքը, որոնք կգան ու առողջ մթնոլորտի մեջ կղեկավարեն երկիրը: Ես հարյուր տոկոսով վստահ եմ դրանում:
-Ի՞նչ պետք է անի ժողովուրդը՝ իր հաղթանակը պահպանելու, ձեռք բերածը չկորցնելու, չհիասթափվելու համար:
-Չհիասթափվելը առաջին հերթին ղեկավարների արարքներից է կախված: Ժողովուրդն էլ ամեն ինչ ինտուիտիվ զգում է, լուրջ ինդիկատոր է, բոլոր սխալներին միանգամից արձագանքում է: Բայց ժողովուրդն էլ պետք է հասկանա, որ հանդարտ, զուսպ կերպով հարկավոր է նոր ղեկավարին ժամանակ տալ, որ նա հունի մեջ ընկնի:
Դա շատ կարեւոր է: Ու ես մի բան կարող եմ ասել՝ Նիկոլ Փաշինյանը աշխարհի մակարդակով պետք է ճանաչվի տարվա մարդ, որովհետեւ այն, ինչ նա արել է, ուղղակի անհնար էր պատկերացնել, ոչ ոքի գիտակցության, երեւակայության մեջ չէր կարող նման բան տեղի ունենալ: Հրաշքն արդեն տեղի է ունեցել, հիմա սկսելու է ամենադժվար փուլը՝ հետագայի խոչընդոտները հաղթահարելու շրջանը: Դա ամեն հայի ինքնագիտակցության խնդիրն է, եւ ես կարծում եմ, որ մենք այդ փուլն էլ կանցնենք: Գիտեք՝ հիմա երիտասարդների մեջ քանի նիկոլներ կան, եւ նրանք շատանում են: Ես հիացած եմ նրանց պոտենցիալով, ժամանակի ռիթմի զգացողությամբ, կիրթ լինելով:
-Պարոն Պողոսյան, Դուք այն արվեստագետներից էիք, որն անմիջապես արձագանքեց ներքաղաքական իրավիճակին, մասնավորապես բավական սուր էր Ձեր խոսքը՝ ուղղված Սերժ Սարգսյանին՝ Սարգսյան-Փաշինյան տապալված բանակցություններից հետո: Ի՞նչ կասեք այն արվեստագետներին, որոնք այս ընթացքում չեզոքություն պահպանեցին:
-Գիտեք՝ ամենակարեւոր բաներից մեկը դիմացինի հանդեպ ներողամտությունն է: Մենք նույնիսկ պետք է կարողանանք ներել հանրապետականներին, նրանցից ամեն մեկն իր չափով կործանված մարդ է: Եթե չկարողանանք ներել, չենք կարող առաջ գնալ: Ինչ վերաբերում է չեզոքություն պահպանած արվեստագետներին, պետք է ըմբռնենք, որ ամեն մեկն իր տեսակետն ու էներգետիկան ունի: Եթե մեկը դուրս չի եկել հրապարակ կամ հրապարակային ելույթ չի ունեցել, դա դեռ չի նշանակում, որ ինքը դեմ է Նիկոլին կամ սխալ է: Շատ են մատնանշում, օրինակ, Ավետ Բարսեղյանին, Նազենի Հովհաննիսյանին, պետք չէ այդպես անել: Չի կարելի, դա սխալ ճանապարհ է:
-Ի վերջո, այս շարժման գաղափարախոսության հիմքում ընկած է հենց սերը:
-Այո, այո: Մենք մինչեւ հիմա սիրով ենք ապրել, դրա համար էլ հասել ենք այս օրվան, եթե այդ միտումը չպահենք, ամեն ինչ կփչանա: Ես դրանից եմ վախենում, իսկ կորածը ետ բերել հնարավոր չի լինի: Ուստի չպետք է թույլ տանք, որ դա հնարավոր լինի:
Աննա Բաբաջանյան