Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 4-ին ստորագրել է հրամանագիր Թևան Պողոսյանին հասարակական հիմունքներով ՀՀ նախագահի խորհրդական նշանակելու վերաբերյալ: Հրամանագրում ասվում է.
«Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-264-Լ հրամանագրի 1-ին կետով հաստատված՝
Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 13-րդ կետի 3-րդ ենթակետը.
Թևան ՊՈՂՈՍՅԱՆԻՆ նշանակել Հանրապետության նախագահի խորհրդական՝ հասարակական հիմունքներով»:
Թևան Պողոսյանը ծնվել է 1972թ. դեկտեմբերի 2-ին Երեւանում: 1996թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի համակարգչային տեխնոլոգիաների ֆակուլտետը: Ճարտարագետ-սիստեմատեխնիկ: Ճարտարագիտության մագիստրոս: 1996թ. ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Արվեստների մագիստրոս:
1996-1997թթ. եղել է ՀՀ կենտրոնական բանկի վաճառքի եւ պահուստների վարչության մասնագետ, 1997թ` ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռի վերլուծության եւ մեթոդաբանության բաժնի պետ: 1997-1999թթ. աշխատել է ԼՂՀ ԱԳՆ` ԱՄՆ-ում ԼՂՀ հանրային գործերի գրասենյակի տնօրեն (Վաշինգտոն): 1999-2000թթ.` «Հովնանյան ինտերնեյշնլ» ՍՊԸ մարկետինգի եւ վաճառքի բաժնի ղեկավար: 2000-2012թթ.` Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն: 2001-2012թթ.` Հայկական ատլանտյան ասոցիացիայի գործադիր տնօրեն: 2002թ. դասավանդում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում:
2012թ. հոկտեմբերի 5-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Ժառանգություն» կուսակցությունից:
Պարգեւատրվել է «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական մեդալով (2012թ., ՊՆ):
Գիտական մի շարք հոդվածների հեղինակ է:
Ամուսնացած է, ունի հինգ զավակ: