Երևանում վիճաբանության ժամանակ անչափահասին պատճառվել են ծանր մարմնական վնասվածքներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու Երևանում անչափահասին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները:

2018թ. ապրիլի 28-ին՝ ժամը 21։00-ին, «Արմենիա բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի և հետույքի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 2001թ. ծնված բնակիչը:
Նախնական տվյալներով՝ անչափահասը ծանր մարմնական վնասվածքներն ստացել է դեպքի օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, անձնական հարցերի շուրջ մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ՝ Երևան քաղաքի Տիգրան Մեծի փողոցում:
Դեպքի առթիվ ոստիկանությունում մայիսի 3-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է մայիսի 4-ին և նույն օրը վարույթ ընդունվել։

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է վիճաբանությանը մասնակից անձանցից մի քանիսի ինքնությունը:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում միջադեպին մասնակից անձանց գործողությունները հստակեցնելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ:

ՀՀ քննչական կոմիտե




Լրահոս