ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արագած Ախոյանը սնանկ ճանաչվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արագած Ախոյանը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի` այս տարվա ապրիլի 10-ի վճռով ճանաչվել է սնանկ: Նույն դատարանի որոշմամբ` Արագած Ախոյանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Արտակ Հարությունյանը: Ի դեպ, պարտատերերի առաջին ժողովը նշանակվել է հունիսի 28-ին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախկին պատգամավորին սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել «Ամերիաբանկ»-ը: Խոսքը շուրջ 10 հազար դոլար պարտքի մասին է, որը նախկին պատգամավորին տրվել է դեռեւս 2012 թվականին` 17 տոկոս տոկոսադրույքով:

Նշենք, որ բացի «Ամերիաբանկ»-ից` Ախոյանին սնանկ ճանաչելու պահանջով դատարան էր դիմել նաեւ «Արդշինբանկը», կրկին վարկային պարտավորությունները չմարելու պատճառով: Արագած Ախոյանը, հիշեցնենք, զբաղվում է շինարարական բիզնեսով: Նա ժամանակին լքեց ԲՀԿ-ն, հետո ԱԺ վերջին ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվեց ՀՀԿ ցուցակով, սակայն չընտրվեց, ինչպես եւ ԲՀԿ-ն լքած եւ ՀՀԿ ռեյտինգային ցուցակում հանգրվանած մյուս նախկին պատգամավորները:




Լրահոս