ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանի որդու` Արման Սահակյանի գլխավորած ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը աճուրդի ենթակա ոչ բոլոր մեքենաներն է պահառության տվել կենտրոնացված պահատեղիում: Մասնավորապես այնտեղ չեն տեղափոխվել այն ավտոմեքենաները, որոնց տեխնիկական բնութագրերը գնահատվել են անբավարար: Մինչդեռ այս ամենի արդյունքում, ըստ ՀՀ վերահսկիչ պալատի, խախտվել է գնորդի կողմից աճուրդի լոտերին ծանոթանալու իրավունքը:
ՀՀ պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն ՊՈԱԿ-ի տվյալներով` 2016 թվականին օտարվել են 315, իսկ անցած տարվա 9 ամիսների դրությամբ 368 տրանսպորտային միջոցներ, որոնք եղել են ամրացված 38 գերատեսչություններին եւ պետական հիմնարկներին: Հիմնարկներին եւ կազմակերպություններին ամրացված յուրաքանչյուր միավոր մինչեւ 5 մլն դրամ գնահատված արժեքով շարժական գույքի օտարման գործընթացում գտնվելու ժամանակահատվածում գույքի պահառությունը պետք է իրականացնի «Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ը:
Մինչդեռ ոչ բոլոր մեքենաներն են պահառության տրվել այդ տարածքում, մասնավորապես, այնտեղ չեն տեղափոխվել այն մեքենաները, որոնց տեխնիկական բնութագրերը, ըստ փաստաթղթերի, գնահատվել են անբավարար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ոչ բոլոր մեքենաներն է պահառության տրվել Երեւանի Հաղթանակի 2-րդ փողոցի 79 հասցեում գտնվող տարածքում: Բացի այս, նշված ՊՈԱԿ-ի կողմից 2014-2017 թվականների առաջին եռամսյակում օտարվել է թվով 892 տրանսպորտային միջոց: Սակայն ՀՀ ճանապարհային ոստիկանություն տրամադրած տեղեկության համաձայն` կենտրոնի կողմից օտարված մեքենաների թիվը հաշվառվել է 309-ը: Պարզվում է` օտարվել եւ պետական հաշվառում չեն ստացել թվով 583 ավտոմեքենա:
Նշենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Արման Սահակյանը ցածր գներով իր մերձավորներին է վաճառել օպտիմալացման ծրագրի արդյունքում գերատեսչությունների կողմից դուրս գրված եւ պետական գույքի կառավարման վարչությանը հանձնված ծառայողական մեքենաները: Դրանք պետք է վաճառվեին աճուրդով: Սակայն ըստ որոշ տեղեկությունների` բարվոք վիճակում գտնվող մեքենաները գնվել են հենց աճուրդի մեկնարկային ցածր գնով: Սակայն այս տեղեկությանը ի պատասխան` պետական գույքի կառավարման վարչությունից հայտնել էին, որ բոլոր աճուրդները տեսաձայնագրվում են. կարելի է դրանց միջոցով տեսնել ու լսել ցանկացած աճուրդի ընթացք: Իսկ օպտիմալացման արդյունքում վաճառքի ներկայացվող մեքենաները հիմնականում մեծ մաշվածություն ունեն, դրանցից մի ստվար խումբ ընդհանրապես պիտանի չէ շահագործման:
Ըստ ՀՀ վերահսկիչ պալատի` մասնավորեցման ծրագրում ընդգրկված պետական մասնակցությամբ որոշ ընկերությունների գույքը եւ դրամական միջոցները տնօրինվում եւ կառավարվում են ոչ արդյունավետ: Օրինակ` «Ձիասպորտի կենտրոն» ՓԲԸ-ն, «Երեւանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ն, «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ն, «Ավտոմատիկա» ՓԲԸ-ն: Նշենք, որ «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից փոխանցվել են վարչությանը: Իսկ ընկերությունը ընդգրկված է պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ցանկերում: Ամբողջ գույքը տրամադրված է վարձակալության «Հրազդան մարզահամալիր վարձակալական ձեռնարկություն» ՓԲԸ-ին: Բայց ընկերությունը հայտնվել է ֆինանսատնտեսական ծանր վիճակում, քանի որ մուտքերը պետք է ապահովվեին գույքի վարձավճարներից գոյացած միջոցներից: Իսկ գույքի վարձակալը` «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ընկերությունը, հանդիսանալով «Հրազդան մարզահամալիր վարձակալական ձեռնարկություն» ՓԲԸ-ի իրավահաջորդը, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի հունիսի 26-ի վճռով սնանկ է ճանաչվել:
«Ձիասպորտի կենտրոն» ընկերության գույքը 2004 թվականին կնքված վարձակալության պայմանագրով 23 տարի 11 ամիս ժամկետով տրվել է «Վերածնունդ Հայրապետյան» ՍՊԸ-ին: Այս ընկերությունը պարտավորվել է 5 տարվա ընթացքում հողամասի կառուցապատման, առողջարարական եւ կանաչապատման աշխատանքների իրականացման նպատակով ներդնել 2 մլն դոլարին համարժեք դրամ:
Ըստ պայմանագրի` ներդրված գումարն ամբողջությամբ փոխհատուցելուց հետո միայն պետք է իրականացվի վարձակալական գումարների վճարում ստացված մաքուր շահույթի 20 տոկոսի չափով: Բայց ընկերությանը վարձավճարներ չեն վճարվել, քանի որ «Վերածնունդ Հայրապետյան» ՍՊԸ-ի կողմից ներդրված շուրջ 2.9 մլն դոլարին համարժեք գումարը չի փոխհատուցվել: Արդյունքում ընկերությունը հայտնվել է ֆինանսատնտեսական ծանր վիճակում, քանի որ մուտքերը պետք է ապահովվեին գույքի վարձավճարներից, ինչը չի կատարվել: Նույնիսկ տնօրենին աշխատավարձ չի հաշվարկվել եւ չի վճարվել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մասնավորեցման, օտարման եւ վարձակալության 39 պայմանագրերով ստանձնվել են ներդրումային եւ աշխատատեղերի ստեղծման պարտավորություններ: Սակայն մեկ գնորդի` «Ագրոհոլդինգ Արմենիա» ընկերության կողմից չի կատարվել 100 հազար դոլարի ներդրում, որի նկատմամբ հաշվարկվել է 20 հազար դոլարի տույժ, եւ գործը գտնվում է դատական վարույթում: Չեն կատարվել նաեւ 3 գնորդների` «Բիզնես Լայն», «Բիզնես-պլաս» ընկերությունների եւ քաղաքացի Վահան Այվազյանի կողմից ստանձնած 52 մլն 916 հազար դրամի ներդրումները, որի նկատմամբ եւս հաշվարկվել է 10 մլն 583 հազար դրամի տույժ:
Իսկ «Նյուտեք-Շին» ընկերության կողմից չի կատարվել ծառայությունների մատուցման` պայմանագրով նախատեսված «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ի շինարարական եւ վերանորոգման աշխատանքների կատարման պարտավորությունը, եւ գործը գտնվում է դատարանում:
Հ.Գ. Արման Սահակյանի ղեկավարած կառույցն այս առնչությամբ պարզաբանում է ուղարկել, որը ներկայացնում ենք ստորև. «Տեղեկացնում ենք, որ Պետական գույքի կառավարման վարչությանն օտարման նպատակով հանձնված բոլոր ավտոմեքենաները գտնվում են այդ նպատակով հատկացված պահառության վայրում /Երևան, Հաղթանակ, 2-րդ փ. 79/: Վարչությունն, իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, իրականացնում է նաև պետական այլ գերատեսչություններին ամրացված գույքի օտարման գործընթացը, որի շրջանակներում տրանսպորտային միջոցները ևս տեղափոխվել են պահառության վայր, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց տեղափոխումը նպատակահարմար չէ, քանի որ մեքենաներն անսարք են եղել կամ դրանցից մի մասը գտնվել է մարզերում և տեղափոխումը կապված է լրացուցիչ ֆինանսական ծախսերի հետ, որոնք նախատեսված չեն բյուջեով:
Հիշեցնենք, որ պահառության վայրը ստեղծվել է երկու տարի առաջ՝ շարժական գույքի աճուրդային վաճառքն ավելի հրապարակային դարձնելու համար, ինչը լիարժեք հաջողվել է և այդ մասին են վկայում վաճառքի մրցակցային արդյունքները:
«Վաճառված մեքենաների մի մասը պետական գրանցում չի ստացել
Աճուրդի մասնակիցները, օտարման ենթակա տրանսպորտային միջոցների հրապարակային ծանուցմամբ, ինչպես նաև աճուրդը սկսվելուց առաջ, իրազեկվում են, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասինե ՀՀ օրենքի համաձայն, գնորդը պարտավոր է գրանցել սեփականության իրավունքը Ճանապարհային ոստիկանությունում՝ գործարքը ստորագրելու օրվանից՝ 15 օրյա ժամկետում: Գույքի վաճառքից հետո հետագա գործընթացն արդեն դուրս է Վարչության իրավասությունից:
Այնուամենայնիվ, հաշվի առնելով հանգամանքը, որ ՀՀ Վերահսկիչ պալատի կողմից օտարված և սեփականության իրավունքը ճանապարհային ոստիկանությունում գրանցած տրանսպորտային միջոցների թվաքանակի անհամապատասխանություն է արձանագրվել, Վարչությունն այսուհետ տրանսպորտային միջոցները օտարելու դեպքում աճուրդի արդյունքների վերաբերյալ հավելյալ կտեղեկացնի նաև ՀՀ ոստիկանությանը:
Սյունէ Համբարձումյան