ՊՈԱԿ-ը 2 մլն դրամի զուգարանի թուղթ է գնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական գույքի կառավարման վարչության ենթակայությամբ գործող «Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ը պետական միջոցները չի խնայում անձնական խնամքի պարագաների գնման համար: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ միայն ռուլոնով զուգարանի թղթի համար պետբյուջեից նրանք ծախսել են 2 մլն 130 հազար 150 դրամ:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ գնվել է 12 հազար 910 հատ ռուլոնով զուգարանի թուղթ: Իսկ ահա 10 հատ թղթե անձեռոցիկի համար ծախսվել է 3000 դրամ: Հիշեցնենք, այս ՊՈԱԿ-ն իրականացնում է նույն գործառույթները, ինչ պետգույքի կառավարման վարչությունը, եւ այս կառույցը գոյություն ունի շնորհիվ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի. բանն այն է, որ ՊՈԱԿ-ի ղեկավար Ստեփան Ստեփանյանը Սահակյանի բակային ընկերն է, ուստի նրա համար հատուկ ստորաբաժանում է ձեւավորվել:

Հ.Գ. Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն ՊՈԱԿ-ն այս առնչությամբ պարզաբանում են ուղարկել, որը ներկայացնում ենք ստորև. «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն ՊՈԱԿ-ը, բացի իր կողմից զբաղեցված տարածքներից (ք. Երևան, Զաքիյան փ. 10 և ք. Երևան, Հաղթանակ,  2-րդ փ. 79), իրականացնում է նաև շուրջ 60.0 հազ. մ2 ընդհանուր մակերեսով Կառավարական թիվ 2 ու թիվ  3 շենքերի (որոնցում աշխատում է շուրջ 3000 մարդ) և պետական սեփականություն հանդիսացող՝  ավելի քան 20.0 հազ. մ2 ընդհանուր մակերեսով մի շարք այլ (ք. Երևան, Արշակունյաց 4, ք. Երևան, Իսահակյան 28, ք. Երևան, Արմենակյան 129, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 և այլ շենքերի, որոնցում աշխատում է շուրջ 1800 մարդ) շահագործումն ու սպասարկումը:

Սպասարկման տիրույթում են նշված շենքերի սանհանգույցներն ու լիարժեք մաքրության ապահովումը:  Մասնավորապես 2.130.150 ՀՀ դրամով 12910 հատ զուգարանի թղթի գնման ընթացակարգով  (1 հատը՝ 165 դրամով) կազմակերպությունը  նշված ապրանքի դիմաց վճարել է ընդամենը 1.587.930 ՀՀ դրամ (1 հատը՝ 123 ՀՀ դրամ), հետևաբար միայն զուգարանի թղթի գնման ընթացակարգով տնտեսվել է 542.220 ՀՀ դրամ:

Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալությունը,  բացի սպասարկման  ծառայություններից,  իրականացնում է նաև անվանման մեջ հիշատակվող՝ գույքագրման և գնահատման ծառայություններ՝ ամբողջ հանրապետությունում, հետևաբար ոչ թե կրկնում է Վարչության գործառույթները, այլ ՊԳԿՎ ստորաբաժանումներից մեկն է՝ իրեն վերապահված ծառայություններով ու գործառույթներով:  Ընդ որում, գործակալությունը ոչ թե նոր է ստեղծվել, այլ  գործում է Վարչության կազմում 2000 թվականից»:




Լրահոս