«Ժողովուրդ» օրաթերթին Հայաստան 105 կգ հերոին ներկրելու քրեական գործից մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվում է` Հայաստան hերոին անցկացնողին գայթակղել է 8000 ԱՄՆ դոլարի վարձավճարը:
Ինչպես հայտնի է` 2017 թվականի նոյեմբերին Մեղրիի սահմանային անցակետում ՊԵԿ աշխատակիցները Իրանից Հայաստան ժամանած Թուրքիայի քաղաքացի Ֆերդի Օզդեմիրիի վարած, Վրաստանում գրանցված «Օմերտրանսպորտ» ՍՊԸ-ին պատկանող սառնարանային բեռնատար ավտոմեքենայի մանրակրկիտ զննության արդյունքում բեռնախցիկում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերել էին 105 կգ հերոին տեսակի թմրանյութ:
Այս արարքի համար ԱԱԾ-ն Ֆերդի Օզդեմիրին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի առաջին կետի ապօրինի թմրամիջոցներ իրացնելու հատկանիշներով եւ 267.1 4-րդ մասի առաջին կետի` Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով մաքսանենգության հատկանիշներով:
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել հերոինը Հայաստան տեղափոխելու գործընթացից եւ կալանավորված անձի ցուցմունքից:
Եվ այսպես` պարզեցինք, որ առաջադրված մեղադրանքում Ֆերդի Օզդեմիրին իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն եւ ցուցմունք տվել «Բնույթով հանցագործ չեմ, որպես վարորդ աշխատել եմ «Օմեր Տրանսպորտ» ընկերությունում եւ վարել այդ կազմակերպության սեփականությունը հանդիսացող ու լիազորագրով միայն վարելու համար ինձ վստահված ԴԱՖ մակնիշի բեռնատարը:
Դրանով իրականացրել եմ միջազգային բեռնափոխադրումներ: Իրանում` Թեհրանից մոտ 100 կմ հեռավորության վրա, պատահաբար հանդիպել եմ երեք քրդի, ովքեր իմանալով, որ իմ ավտոմեքենան դատարկ է, առաջարկել են, որ այն տրամադրեմ իրենց` ապրանք բարձելու եւ Հայաստանով Վրաստան տեղափոխելու համար: Վրաստանում նրանցից մեկը կամ նրանց կողմից ուղարկված մարդը պետք է դիմավորեր եւ դատարկեր ավտոմեքենան: Դրա դիմաց առաջարկվել է 8000 ԱՄՆ դոլար:
Մտածելով, որ միեւնույն է` «Օմեր Տրանսպորտի» բեռը տեղափոխել է, ավտոմեքենան դատարկ հետ է տանում Վրաստան, որեւէ վատ բան չի լինի, եթե այդ քրդերին օգնի, միաժամանակ էլ գումար աշխատի եւ գայթակղվելով գումարի չափին` համաձայնել է: «Տեղյակ չեմ եղել, թե բեռնատարի կցորդում ինչ են դրել, իմացել եմ միայն, որ այն պետք է տեղափոխի` մաքսային հսկողությունից թաքցնելով: Այն մասին, որ ապրանքը թաքցված է կցորդի տակ, այլ ոչ թե դրված բեռնախցիկում, իմացել եմ, երբ ավտոմեքենան քրդերը հետ են բերել: Նրանք ասել են, որ փոքր քանակությամբ բեռ է, ու այն թաքցրել են ավտոմեքենայի կցորդի աջ մասի ներքեւի հատվածում: Մտածել եմ, որ դա արվել է` վճարումներ չկատարելու համար: Երբ Հայաստանի իրավապահները ստուգել են ավտոմեքենան եւ ցույց տվել ինչ-որ փոշենման զանգված, նրանց հայտնել եմ, որ չգիտեմ, թե դա ինչ է»:
Տեղեկացանք` երբ մաքսատան վարորդները տեսել են փոշին, թուրք վարորդին ու ավտոմեքենան բերել են Երեւան: Այնտեղ ավտոմեքենան ամբողջությամբ ստուգել են եւ դրա միջից հանել այդ թմրամիջոցի նշված քանակությունը:
Ինչեւէ, գոքրծով ցուցմունք են տվել եւս այլ անձինք, որոնց ցուցմունքները հակասել են գործով կալանավորված թուրք մեղադրյալի ցուցմունքին:
Մասնավորապես գործով ցուցմունք տված ՀՀ ԿԱ ՊԵԿ Սյունիքի բաժնի Մեղրիի բաժանմունքի հերթափոխի պետ Արթուր Սամվելյանը հայտնել է` երբ ստուգել է Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Ֆերդի Օզդեմիրինի մեքենան, վարորդին հարցրել է, թե ավտոմեքենայում ինչ կա, վերջինս ասել է, որ ոչինչ չկա` ավտոմեքենան եւ կցորդը դատարկ են: Կասկածելի զանգվածի մասին տեղյակ է պահել մաքսակետի ղեկավարությանը: Նրանք հանձնարարել են բավարար հիմքեր ունենալու դեպքում բացել կցորդի համապատասխան մասը: Բացել են կցորդի թաքստոցը եւ հայտնաբերել փաթեթներ: Հանել են փաթեթներից մեկը, բացել եւ պարզել, որ դրա մեջ փոշենման զանգված է: Հարցրել են Ֆերդի Օզդեմիրին, թե դա ինչ է, նա պատասխանել է, որ հաշիշ է եւ այն 1000 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց պետք է ՀՀ-ով տեղափոխեր Վրաստան:
Նախաքննությամբ Արթուր Սամվելյանը ցուցմունք էր տվել, որ Ֆերդի Օզդեմիրը մինչեւ թաքստոցը բացելն է ասել, որ թաքստոցում թմրամիջոց է եւ այն վարձատրության դիմաց պետք է ՀՀ-ով տեղափոխեր Վրաստան:
Ինչեւէ: Սյունքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոելոն Օհանյանը հրապարակել է այս գործով վճիռը եւ Ֆերդի Օզդեմիրի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանել ազատազրկում 14 տարի ժամկետով:
Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո իրեղեն ապացույց ճանաչված եւ ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության իրեղեն ապացույցների պահման սենյակում պահվող հերոին տեսակի թմրամիջոցը թողնել ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությանը` այս գործով շարունակվող քրեական գործին կցելու համար: Ասել է, թե ԱԱԾ-ում դեռես շարունակվում է հայտնաբերված 105 կգ հերոինի գործով նախաքննությունը, եւ միայն թուրք մեղադրյալի մասով էր գործը անջատվել եւ ուղարկվել դատարան: Ինչ ճակատագրի կարժանա 105 կգ հերոինը, սպասենք զարգացումներին, եւ ինչ նոր բացահայտումներ կանի ԱԱԾ, դեռեւս դժվար է ասել:
Հիշեցնենք, որ 5 տարի առաջ` 2013թ դեկտեմբերին, կրկին Մեղրիի անցակետով փորձ էր արվել ներկրել 1 տոննա հերոին: Հարուցված քրեական գործով 2015թ. արձակվեց դատավճիռը, եւ 2015թ. հունիսի 6-ին, ըստ պաշտոնական հաղորդագրության, Արարատի ցեմենտի գործարանի վառարանում 1 տոննա հերոինը ոչնչացվել էր: Սակայն իրավապահների կողմից այդպես էլ հիմնավոր ապացույցներ չբերվեցին հերոինի ոչնչացման մասին:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ