Հայաստանի երկրորդ քաղաքի` Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը բավական լուրջ ունեցածքի տեր է: Նա բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրել է տարեկան հայտարարագիրը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքապետ Բալասանյանն անցած տարեվերջի դրությամբ ուներ 2.2 մլն դրամ եւ 12 հազար 100 դոլար: Իսկ որպես եկամուտ հայտարարագրել է ստացած աշխատավարձը, որը ամսական կազմում է 296 հազար դրամ, եւ մոտ 13 հազար դրամ կենսաթոշակը: Մինչդեռ 2016 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագրում գյումրեցի քաղաքապետը նշել է, որ ունի արտադրական եւ հասարակական նշանակության մեկական շինություն, երեք հատ անհատական բնակելի տուն, մեկ հողամաս եւ հողին ամրակցված մեկ շինություն:
Իսկ ահա 2012 թվականին պաշտոնը ստանձնելու ներկայացրած հայտարարագրում նշված է, որ Սամվել Բալասանյանն ունի բազմաբնակարան շենքի ոչ բնակելի 4 հատ տարածք եւ մեկ «Մոսկվիչ-2140» մակնիշի ավտոմեքենա: Հավանաբար, քաղաքապետը տարիների ընթացքում վաճառել է ունեցած միակ ավտոմեքենան` «Մոսկվիչը»: Բալասանյանի տիկնոջ` Ռենատա Գեւորգյանի դրամական միջոցները անցած տարում կազմել են 300 հազար դրամ եւ 1500 դոլար: Բացի այս, քաղաքապետի տիկինը նախորդ տարի եկամուտ չի ունեցել:
Նշենք, որ քաղաքապետի ներկայացրած հայտարարագրում նշված չէ գարեջրի երկու գործարանների մասին: Չէ՞ որ «Գյումրի» գարեջրի սեփականատերը քաղաքապետի ընտանիքն է: Նա ժամանակին գարեջրի գործարան էր կառուցել նաեւ հարեւան Վրաստանում` Ախալքալակի տարածաշրջանում: Գյումրիի սիմվոլներից առաջինը` G-ն, Սեւ Բերդն է, որը պատկանում է հենց քաղաքապետի որդուն: Բացի այս, դեռեւս 2016 թվականին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի դուստրը` Ադելինա Բալասանյանը, ամուսնու հետ Պրահայում գնել է մի ընկերություն: Ավելին` Բալասանյաններին է պատկանում Գյումրիում «Անուշարան» ընկերությունը, որը զբաղվում է հրուշակեղենի արտադրությամբ: Քաղաքապետի դուստրը 2006 թվականին Երեւանում հիմնադրել է հացի արտադրությամբ զբաղվող «Ուրարտու-Ադելինա» ՍՊԸ-ն:
Սյունէ Համբարձումյան