Armenian text to speach

Մնացել է վերջին փամփուշտը` հրաժարվել քվեարկել Փաշինյանի օգտին ու իրավիճակը հանգեցնել արտահերթ ընտրությունների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօրը Հայաստանի Երրորդ Հանրապետության թերեւս ճակատագրական օրերից մեկն է, երբ վերջապես իրավական առումով կհաստատվի ժողովրդի ընտրությունը։ Այսօր վերջին 20 տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի ղեկավար կդառնա ժողովրդի ընտրյալը` կատարված փաստին իրավական ամրագրում հաղորդելով: Սկսված հեղափոխությունն իր տրամաբանական հաջորդ հանգրվանին պետք է հասցվի Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի կոնսենսուսով, որը բացառիկ իրադարձություն է թերեւս 1991թ. առաջին նախագահի ընտրությունից հետո:

Համաժողովրդկան այս շարժմանն իր տարբեր փուլերում արձագանքել են Հայաստանի գրեթե բոլոր ուժերը: Հրապարակում մարդկանց ներկայության շարունակական աճի հետ ավելացել է նաեւ շարժման սատարող կուսակցությունների բանակը: Վերջին օրերին հրապարակի թեկնածուին կողմ քվեարկելու պատրաստակամություն հայտնեցին նաեւ խորհրդարանում ներկայացված ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն` իրավիճակը կրկին հանգեցնելով «կոնսենսուս մինուս ՀՀԿ» բանաձեւին: Կարեն Կարապետյանի տապալված խռովությունից հետո, սակայն, թվում է` ՀՀԿ-ն նույնպես իրավիճակին մոտենում է ողջախոհությամբ, ինչի վկայությունն էր նախ եւ առաջ թեկնածու չառաջադրելու որոշումը: Անշուշտ, ՀՀԿ-ի ու իշխանության հանդեպ թերհավատություն ունեցող մեր հայրենակիցներից շատերն ունեն լիովին հիմնավոր մտավախություն, որ վերջին պահին ՀՀԿ-ն կարող է տապալել վարչապետի ընտրությունն ու փաստի առաջ կանգնեցնել Շարժմանը: Իհարկե, ՀՀԿ-ն թե՛ այդպիսի փորձ ունի, թե՛ տիրապետում է խորհրդարանի կոճակների «հսկիչ փաթեթին», առանց որի պարզապես հնարավոր չէ վարչապետ ընտրել:

Սակայն արդյո՞ք ՀՀԿ-ն այդքան կտրված է իրականությունից, որ հանդգնի նման անխոհեմ քայլի դիմել ու բառի իսկական իմաստով կազմաքանդել պետությունը: Որքան էլ ոմանք կարոտով հիշեն Ռոբերտ Քոչարյանի ժամանակաշրջանն ու փափագեն մեկ հարվածով վերջ տալ այս համաժողովրդական շարժմանը, իրավիճակի հետ հաշվի չնստել չեն կարող: Քոչարյանն այդ հիմա է ետին թվով հոխորտալով ինքնասիրության ակնարկներ անում, թե ինքը «շանտաժի» չէր տրվի: Հայաստանում Քոչարյանի 10-ամյակից հետո հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել առաջին հերթին մարդկանց հոգեբանության մեջ, եւ հին ու փտած գործիքները այլեւս աշխատող չեն: Ի վերջո, Սերժ Սարգսյանը ապրիլի 22-ին տապալված բանակցություններից հետո գնաց հենց քոչարյանական ճանապարհով, երբ հրահանգեց ձերբակալել իր ընդդիմախոսին: Պարզապես իշխանության ռեսուրսները չբավականացրին գործընթացը մարտի 1-ին հասցնելու համար, թե չէ Քոչարյանը Սերժ Սարգսյանից ո՛չ ուժեղ էր, ո՛չ էլ խելացի:

Շարժումը տապալելու ուղղությամբ Սերժ Սարգսյանը փորձել է գրեթե ամեն ինչ: Վարչապետ կարգվելու շրջանում նա անտարբերությամբ էր նայում հրապարակի պայքարին` մտածելով, որ անուշադրության մատնելով` այն կմարի ու կվերջանա: Երբ տեսավ, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, փորձեց մանր-մունր զիջումներ կատարել` առաջացած բողոքը զսպելու համար, ինչը կրկին չհաջողեց։ Բանակցությունների ճանապարհով շարժման առաջնորդին վարկաբեկելու քաղաքականությունը ոչ միայն չստացվեց, այլեւ բումերանգի էֆեկտով հարվածեց հենց իրեն` Սարգսյանին: Վերջապես գործի դրվեց պետական մեքենան` ձերբակալելով շարժման ղեկավարությանը, ինչը հույս էր տալիս, որ մարդիկ կվախենան: Սակայն ապարդյուն: Փողոցները հեղեղած քաղաքացիների դեմ պայքարի միայն մեկ տարբերակ էր մնացել, որը ենթադրում էր օտար պետության զորքերի ներգրավածություն: Բարեբախտաբար, Ռուսաստանը ընկալեց այդօրինակ զարգացման աղետալիությունն ու չգնաց որոշ հայտնի շրջանակների արկածախնդրության` չուզենալով հարաբերությունները փչացնել ո՛չ հայ ժողովրդի, ո՛չ էլ գերտրությունների հետ, առավել եւս, երբ դեռ չի մարսել ուկրաինական դեպքերը, խնդիրներ կան սիրիական ճակատում, եւ հետո` ՀՀ-ում է տեղակայված ռուսական ռազմաբազան, որից տխուր հիշողություններ կան: Այնպես որ, իշխանությունը հրապարակի դեմ փորձարկեց իր բոլոր զենքերը` որեւէ արդյունքի չհասնելով:

Մնացել է վերջին փամփուշտը` հրաժարվել քվեարկել Փաշինյանի օգտին ու իրավիճակը հանգեցնել արտահերթ ընտրությունների: Այդպես օգտագործելով իր փամփուշտը` ՀՀԿ-ն անդառնալի ինքնասպանության կգնա: Քանի որ նախ` կուսակցությունը շուտափույթ անցկացվելիք ընտրություններում որեւէ շանս չունի հաջողության հասնելու` անկախ իր տիրապետած վարչական ռեսուրսի, ապա եւ երկիրը կմատնի երկամսյա քաոսի: Ավելի քան երկու շաբաթ է, ինչ պետական ապարատը ամբողջովին կազմալուծված վիճակում է: Անպատկերացնելի է, թե ինչ կկատարվի մեր պետականության հետ, եթե բողոքի գործողություններն ու ընդվզումները շարունակվեն եւ այն էլ երկու ամիս: Չհաշված, որ Հայաստանը լրաջագույն տնտեսական դժվարությունների կբախվի, իսկ պետական համակարգը անընդունակ կլինի նորից բնականոն ռեժիմի վերադառնալու, առաջին հերթին կսասանվի զինված ուժերի մեջքը:

Հայոց բանակը չի կարող հայացքը մեկ թիկունք, մեկ առաջնագիծ հառել, ինչ է, թե ՀՀԿ-ն չի ցանկանում զիջել իշխանության արդեն իսկ կորցրած դիրքերը: ՀՀԿ-ի յուրաքանչյուր պատգամավոր իր քվեարկության պահին պետք է մտովի հիշի, թե ինչպես էր ժողովուրդը ցնծում Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը: Պետք է դրվագ առ դրվագ հիշել, թե ինչպես Նիկոլ Փաշինյանի մեկ կոչով ապրիլի 25-ի առավոտյան լեփ-լեցուն էր Հանրապետության հրապարակը Կարեն Կարապետյանի նախաձեռնած ձախողակ հեղաշրջման ժամին: Անպայման պետք է հաշվի առնել նաեւ այն ցնծագին ընդունելությունը, որին արժանացավ Շարժման ղեկավարը Գյումրի ու Վանաձոր մեկնելիս: ՀՀԿ-ի ցանկացած պատգամավոր չի կարող հաշվի չառնել այս իրողությունները:

Ն.Հովսեփյան




Լրահոս