«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոր սահմանադրության հեղինակները հոգացել են, որպեսզի Հայաստանում հնարավորինս բացառեն ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը: Ըստ այդմ, Սահմանադրությամբ ԱԺ լիազորությունների վաղաժամ դադարեցման համար բավական խրթին ընթացակարգեր են սահմանված, այն էլ իրավաբանական առավել քան խճճված ձեւակերպումների տեսքով:
Ինչպես հայտնի է` ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, ում մայիսի 8-ին կընտրեն վարչապետ, պահանջում է նաեւ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացում: Նա հայտարարել է, թե ԱԺ-ն պետք է քաղաքական պայմանավորվածության համաձայն` չընդունի ժամանակավոր կառավարության ներկայացրած ծրագիրը, եւ իրավունքի ուժով ԱԺ լիազորությունները դադարեն, անցկացվեն նոր ընտրություններ:
Բայց արի ու տես, որ Սահմանադրությամբ նախատեսված է, որ կառավարության ծրագիրը չընդունելուց հետո ոչ թե իրավունքի ուժով արձակվում է ԱԺ-ն, այլ կառավարությունն է հրաժարական տալիս: Կրկին պետք է անցկացվեն վարչապետի ընտրություններ` Սահմանադրության 149-րդ հոդվածի երրորդ եւ չորրորդ կետերի համաձայն, եւ եթե այս դեպքում էլ չի ընտրվում վարչապետ, ԱԺ-ն արձակվում է: Սահմանադրությունն այսքան խճճելն ու արտահերթ ընտրությունների անցկացման ճանապարհին դժվարություններ ստեղծելն արվել է մի բանի՝ հնարավորինս բացառել իշխանափոխության տարբերակները` ապահովելով ՀՀԿ իշխանության հավերժացումը: Ահա, թե ինչու ՀՀԿ-ն որոշակի դիմադրությունից հետո «հանձնվեց»` հայտարարելով ԱԺ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուն օգնելու որոշման մասին:
Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: