Կյանքը բումերանգ է. ՀՀԿ-ականները ստանում են այն, ինչ արել են 2008-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն բանից հետո, երբ ՀՀԿ-ն տապալեց վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությունը, բողոքի մեծ ալիք բարձրացավ` համեմված անհանդուրժողականության տարբեր դրսեւորումներով: Քաղաքացիները որպես բողոքի նշան մայիսի 2-ին շրջափակել էին պատգամավորների տները, որոշ դեպքերում խորհրդանշական թաղումներ էին կազմակերպում, ծաղկեպսակների վրա պատգամավորների նկարները փակցրած` ցուցադրաբար շրջում: Եւ ՀՀԿ խմբակցության պատգամավորները խիստ վիրավորած են իրենց հանդեպ նման անհանդուրժողական վերաբերմունքից, նվաստացուցիչ քայլերից:

Բայց արի ու տես, որ ՀՀԿ-ականներն այսօր հնձում են այն, ինչ ցանել են: Տասը տարի առաջ՝ 2008թ. նախագահական ընտրությունների թոհուբոհում, իշխանությունների պատվերով մի խումբ մարդիկ վրաններ էին տեղադրել նախագահի ընդդիմադիր թեկնածու՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առանձնատան մոտ, հայհոյախառն արտահայտություններ պարունակող պաստառներ փակցրել: Նույնպիսի վրան խփել էին նաեւ Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մոտ:

Ու այն ժամանակ ոստիկանությունն այդպես էլ չփորձեց որեւէ մեկին հեռացնել այդ տարածքից: ՀՀԿ-ականներն էլ որեւէ քայլ չարեցին` անհանդուրժողականության նման դրսեւորումներին վերջ տալու համար, այլ ընդհակառակը, նրանք հրճվում էին կատարվածով, ոմանք նույնիսկ աջակցություն էին ցուցաբերում: Ու հիմա, փաստորեն, հասարակությունն այսօր ՀՀԿ-ականներին պատասխանում է նույն ոճով` կիրառելով այն մեթոդները, որ ՀՀԿ-ականները խրախուսում էին իրենց ընդդիմադիրների դեմ պայքարում: Իզուր չեն ասում,որ կյանքը բումերանգ է:




Լրահոս