ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Թունելի Հակոբը, վարդենիկցիներին խոստացել է մայիսի 8-ին քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին: Վարդենիկցիները միայն այս խոստման դիմաց են համաձայնել ժամանակավորապես դադարեցնել պատգամավորի բիզնեսի նկատմամբ սահմանած պատժամիջոցները եւ բացել նրա ՀԷԿ-ի ջուրը, որը փակել էին մայիսի 1-ի քվեարկությունից հետո:
«Ժողովուրդ»-ին հայնտի դարձավ, որ Հակոբ Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկելու մասին արդեն հայտնել է նաեւ իր կուսակիցներին` ասելով, թե հակառակ դեպքում վնասներ կկրի: Մեր տեղեկություններով` Հակոբյանը հնարավոր է` մայիսի 8-ին ելույթ ունենա, քննադատական տողեր հնչեցնի Նիկոլ Փաշինյանի հասցեին, սակայն վերջում հայտարարի, թե լսելով իր ընտրողներին, գյուղացիներին` քվեարկելու է Նիկոլ Փաշինյանի օգտին:
Ընդգծենք, սակայն, որ Հակոբ Հակոբյանը ոչ թե սեփական ցանկությամբ, այլ փաստորեն վախից դրդված է այդպես վարվում՝ մտածելով սեփական կաշին փրկելու մասին: Այս օրերին լրատվամիջոցներում տարածվել է նրա մտքի հերթական գլուխգործոցը. «Մայիսի 1-ին ՀՀԿ-ն դեմ քվեարկեց Փաշինյանին, որ մայիսի 8-ին կողմ քվեարկի»: