«Բաղրամյան 26-ն է նրա թիկունքին». ՀՀԿ-ական ռեկտորն պաշտոնանկ է արել ՀՀԿ-ական պատգամավորի քրոջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի պետական համալսարանում կրքերը գնալով թեժանում են: Երեկ աշխատանքից ազատվել է պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը: Վերջինս արդեն 28 տարի աշխատում է Շիրակի պետական համալսարանում՝ 8 տարի որպես պրոռեկտոր:

«Բուհում երկրորդ անգամ կառուցվածքային փոփոխություններ են իրականացվում: Ես մշտապես բարձրացրել եմ խնդիրները, բայց միայն հանրության առաջ չեմ խոսել՝ հաշվի առնելով, որ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրն եմ, եւ շատ հնարավոր էր` իմ բարձրացրած խնդիրները օբյեկտիվ չընդունվեին: Առաջին խնդիրը, որի մասին ես խոսեցի հանրույթի առաջ՝ դա մեր երկու դասախոսների ապօրինի հեռացման հարցն էր՝ Համբարյան Գագիկի եւ Հովհաննես Խորիկյանի: Դրանից հետո, որպես վրեժխնդրություն, ռեկտորը որոշեց ինձանից էլ ազատվել: Կառուցվածքային փոփոխության մասին նախագիծն ու որոշումը նա գիտխորհրդին հանձնեց վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը եւ արագ-արագ սկսեց գործել: Այն տպավորությունն էր, որ ձեռքերն արդեն փրփուրներից է գցել: Մեկ օր առաջ տալիս է ինձ ծանուցում, որ վաղը ազատում է աշխատանքից: Ծանուցման մեջ նշված է, որ համապատասխան կառուցվածքում իմ հմտություններին համապատասխան հաստիք չկա: Մյուս պրոռեկտորը, որը նշակավել է վերջերս, իր ընկերն է, բուհում որեւէ պաշտոն չի զբաղեցրել, ընդամնեը մի քանի ժամ դաս է պարապել, վերջին տարիներին էլ ընդհանրապես բուհում չէր աշխատում, բերեց, նախ` նշանակեց դեկան, հետո` պրոռեկտոր, այսօր էլ, երբ հաստիքներ է բաժանում, հասկանում է, որ Ֆարմանյան Անահիտի համար գործ չկա»,- ասում է Անահիտ Ֆարմանյանը:

Նկատենք, որ Սահակ Մինասյանի ու Անահիտ Ֆարմանյանի միջեւ հարաբերությունները մշտապես եղել են լարված: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Անահիտ Ֆարմանյանն ինքն է ցանկացել դառնալ այս բուհի ռեկտոր` առավել եւս, թիկունքում ունենալով եղբոր՝ ՀՀԿ ԳՄ անդամ պատգամավորի աջակցությունը: Սակայն չի հաջողվել. իշխանության ներսում այդ պաշտոնի համար պայքարում հաղթել է ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը, ում թիկունքին էլ կանգնած է ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Արման Սահակյանը: Ասում են` Ֆարմանյանն է կանգնած նաեւ Մինասյանի դեմ երկու դասախոսների բողոքի ակցիաների թիկունքում:

Անահիտ Ֆարմանյանը հերքում է ռեկտոր դառնալու ցանության մասին լուրերը` ասելով, թե դա Մինասյանի հորինվածքն է. «Ռեկտորի պաշտոնը զբաղեցնելը ինձ համար երկրորդական է: Ես ընդամենը 45 տարեկան եմ եւ չեմ շտապում նստել այդ աթոռին: Պրոռեկտորի պաշտոնում էլ ցանկացած մարդ կարող է ասել, որ ես բանվորի դերն եմ ավելի շատ կատարել»,- նշում է նա:

ՀՀԿ-ական պատգամավորի անկուսակցական քույրը, սակայն, պնդում է, որ Մինասյանն իրեն ստիպել է անդամագրվել ՀՀԿ-ին, բայց վերջինս հրաժարվել է. «Արման Սահակյանի օգնությամբ, երբ փողեր էր բաժանում, ես կրիկին դեմ եմ եղել: Ես կուսակցական չեմ եղել, նույնիսկ իմ եղբայրը ինձ երբեք ոչ մի անգամ չի խնդրել դառնալ կուսակցական: Ես քաղաքականացված անձ չեմ եւ չեմ կարող: Ինքը միշտ բարձրաձայնել է, որ անձեռնմխելի է. Բաղրամյան 26-ն է նրա թիկունքին: Նրա անարդարությունը արդեն ցինիզմի է հասնում»,- ասում է նա:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություններ ստանալ նաեւ ռեկտոր Սահակ Մինասյանից, սակայն նրա հեռախոսահամարը անհասանելի էր: Շիրակի պետական համալսարանից էլ հայտնեցին, որ աշխատանքի չի եկել, որեւէ պարզաբանում ստանալ մեզ չհաջողվեց: Գյումրիում էլ լուրեր են շրջանառվում, որ Միանսյանի պաշտոնավարմանը օրեր են մնացել: Ամենայն հավանականությամբ, նա կվերադառնա նախկին աշխատանքին՝ կգլխավորի մարզպետարանի կրթության վարչությունը, իսկ ներկայիս պետ Հրայր Կարապետյանը կնշանակվի թիվ 23 դպրոցի տնօրեն:
Ի դեպ, Շիրակի պետական համալսարանի ուսանողները պատրաստվում են բողոքի ցույցեր անել՝ պահանջելով Սահակ Մինասյանի հրաժարականը:

Շուշանիկ Օհանյան




Լրահոս