«Ֆիոնա Ֆլորա» ընկերությունը բողոք է ներկայացրել ՀՀ գնումների բողոքարկման խորհուրդ` ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի: Մասնավորապես քաղաքապետարանն անտեսել է գեղարվեստական կոմպոզիցիաների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր կնքել «Ֆիոնա ֆլորա» ընկերության հետ այն դեպքում, երբ վերջինս բավական ցածր գնային առաջարկ է ներկայացրել: Փոխարենը քաղաքապետարանը «Ձեւավորում» ՓԲԸ-ի հետ է այդ պայմանագիրը կնքել, եւ սա այն դեպքում, երբ այս ՓԲԸ-ն շատ ավելի բարձր գին էր առաջարկել իր ծառայությունների համար:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետարանը իր կարիքների համար գեղարվեստական կոմպոզիցիաների ձեռքբերման նպատակով կազմակերպել է մրցույթ, որին մասնակցելու հայտ է ներկայացրել նաեւ «Ֆիոնա Ֆլորա» ընկերությունը: Ի դեպ, տեղեկացնենք, որ այս ընկերության ներկայացրած գնային առաջարկը կազմել է 6 մլն 40 հազար 650 դրամ: Ավելին` «Ֆիոնա Ֆլորա» ընկերությունը որպես մասնակցության հայտի ապահովման գումար նշել է 302 հազար 100 դրամ: Սակայն մրցույթի գնահատող հանձնաժողովը արձանագրել է, որ ընկերության կողմից ներկայացված վճարման պահանջագիրը չի համապատասխանում հրավերով սահմանված պահանջներին: Այսինքն` նշված գումարը գերազանցում է հրավերով սահմանված 5 տոկոսի չափը: Ինչի արդյունքում գնահատող հանձնաժողովը մերժել է ընկերության հայտը եւ առաջին տեղ զբաղեցնող մասնակից ճանաչել «Ձեւավորում» ՓԲԸ-ին:
Իսկ «Ձեւավորում» ընկերության ներկայացրած գնային առաջարկը կազմում է 7 մլն 975 հազար դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը վերջերս գրել էր, որ քաղաքապետարանն արդեն մի քանի տարի է, ինչ այս ընկերության հետ պայմանագիր է կնքում` նման ծառայություններ իրականացնելու համար: Իսկ 350 հատ ապօրինի տեղադրված գովազդային վահանակի համար քաղաքային բյուջեից ծախսել էր 4 մլն 950 հազար դրամ: Եւ ապամոնտաժման ծառայությունները իրականացրել է հենց «Ձեւավորում» ՓԲԸ-ն: Անգամ ամանորյա տոնածառի տեղադրման աշխատանքներն է իրականացրել: Ասել է, թե այս ընկերության համար մենաշնորհ է հաստատվել հենց Տարոն Մարգարյանի ղեկավարած կառույցի որոշմամբ:
Փաստորեն ստացվում է, որ գնահատող հանձնաժողովը «Ֆիոնա Ֆլորա» ընկերության հայտը մերժել է այն պատճառով, որ ներկայացված հայտի ապահովման գումարը 67.5 դրամով գերազանցել է հրավերով սահմանված հայտի ապահովման չափը` 5 տոկոսը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ գնահատող հանձնաժողովը անգամ հաշվի չի առել այն հանգամանքը, որ «Ֆիոնա Ֆլորա» ընկերության գնային առաջարկը 1 մլն 934 հազար 350 դրամով ցածր է եղել «Ձեւավորում» ՓԲԸ-ի ներկայացրած գնային առաջարկից:
Մինչդեռ «Ֆիոնա Ֆլորա» ընկերությունը գտնում է, որ գնահատող հանձնաժողովը իրենց հայտը մերժելով` խախտել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով, «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 40-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված պահանջները, քանի որ ընկերությունը, հայտի ապահովումը 67.5 դրամով ավել ներկայացնելով, բավարարել է հրավերով սահմանված հայտի ապահովման ներկայացման չափի նվազագույն պահանջը:
Ապա ընկերությունը, դիմելով ՀՀ գնումների բողոքարկման խորհուրդ, պահանջել է դադարեցնել հանձնաժողովի «Ֆիոնա Ֆլորա»-ի հայտը մերժելու եւ «Ձեւավորում» ՓԲԸ-ին առաջին տեղ զբաղեցնող մասնակից ճանաչելու մասին որոշումը: Նաեւ` խնդրել է գնահատող հանձնաժողովին պարտավորեցնել մրցույթի առաջին տեղ զբաղեցնող մասնակից ճանաչել «Ֆինոա Ֆլորա» ընկերությանը:
Ի դեպ, տեղեկացնենք, որ գնումների բողոքարկման խորհուրդը դիմել է քաղաքապետարան եւ խնդրել ներկայացնել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի պատճենները եւ գրավոր դիրքորոշումը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քաղաքապետարանից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները տրամադրվել են, սակայն բողոքի վերաբերյալ գրավոր դիրքորոշում այդպես էլ չի ներկայացվել: Չնայած սրան` խորհուրդի նիստերին քաղաքապետարանի կողմից լիազորված ներկայացուցիչ է մասնակցել եւ ընդունել այն փաստը, որ ընկերության հայտը մերժել է վերջինիս կողմից ներկայացված տուժանքի գումարը 67.5 դրամով հայտի ապահովման չափը` 5 տոկոսը գերազանցելու հիմնավորմամբ: Ապա հայտարարել է, որ որոշումն ընդունելիս ղերկավարվել է բացառապես ընթացակարգի հրավերով սահմանված պահանջներով:
Այնուամենայնիվ, խորհուրդն ուսումնասիրել է ընկերության բերած բողոքը, ապա արձանագրել, որ «Ֆինոա Ֆլորա» ընկերության կողմից հայտով ներկայացված տուժանքի մասին համաձայնագրին կից վճարման պահանջագրում նշված գումարի չափը գերազանցում է ընթացակարգի հրավերով սահմանված հայտի ապահովման չափը: Բայց չնայած սրան` խորհուրդը գտել է, որ հայտի ապահովման չափը հավասար է հայտով առաջարկվող գնի հինգ տոկոսին, իսկ «Ֆինոա Ֆլորա» ՍՊԸ-ն ըստ էության ապահովել է սահմանված պահանջը: Այսինքն` վերջինիս կողմից ներկայացված հայտի ապահովումը պակաս չի եղել հայտով առաջարկվող գնի հինգ տոկոսից: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խորհուրդը բավարարել է ընկերության բերած բողոքը: Ավելին` պահանջել է դադարեցնել գնահատող հանձնաժողովի «Ֆիոնա Ֆլորա» ընկերության հայտը մերժելու եւ «Ձեւավորում» ՓԲԸ-ին առաջին տեղ զբաղեցնող մասնակից ճանաչելու մասին համապատասխան որոշումը: Նաեւ պարտավորեցրել է գնահատող հանձնաժողովին ընդունել «Ֆինոա Ֆլորա» ընկերության մրցույթի առաջին տեղ զբաղեցնող մասնակից ճանաչելու մասին որոշումը:
Տեղեկացնենք, որ «Ձեւավորում» ՓԲԸ-ն հիմնադրվել է քաղաքապետարանի կողմից, ասել է, թե Տարոն Մարգարյանի որոշմամբ մենաշնորհ է հաստատված այս ոլորտում: Երեւի նրանք ատկատների հարցում պարոն Մարգարյանի հետ լավ են համագործակցում:
Սյունէ Համբարձումյան