Ես ժողովրդական շարժմանը միացել եմ ավելի վաղ, ուղղակի սելֆի չեմ արել և ուղիղ եթեր չեմ մտել. Սամվել Գրիգորյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանի առաջնորդած համաժողովրդական շարժմանն այս ընթացքում միացել են մշակույթի մի շարք գործիչներ եւ շոու-բիզնեսի ներկայացուցիչներ: Սակայն նրանցից ոմանք շարժմանը միացան վերջին օրերին միայն, երբ ակնհայտ էր, որ շարժումը հաջողել է: Հանրության շրջանում եղան քննարկումներ վերջերս, երբ Հանրապետության հրապարակում ժողովրդական շարժման մասնակիցների համար կազմակերպված համերգային ծրագիրը վարում էր հաղորդավար, երգիչ Սամվել Գրիգորյանը, ով, ի դեպ, նախկինում վարել է նաեւ ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավի շրջանակում կազմակերպված միջոցառումներ:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, Սամվելը պարզաբանեց, որ վերջին օրերին չէ, որ միացել է շարժմանը. «Շարժմանը ավելի վաղ եմ միացել, ուղղակի սելֆիներ չեմ արել, ուղիղ եթեր չեմ մտել, լուսանկարներ չեմ հրապարակել: Կարող եմ նույնիսկ փաստեր ներկայացնել, որ ավելի շուտ եմ միացել ժողովրդին, բայց չեմ կարծում, թե դրա կարիքը կա»:
Հարցին, թե սկզբում հավատո՞ւմ էր, որ շարժումը կհաջողի, մեր զրուցակիցը պատասխանեց. «Նույնիսկ հիմա, երբ ամեն բան արդեն պարզ է, հավատս չի գալիս: Նախկին իշխանությունները այնպես էին արմատավորվել, որ դժվար էր պատկերացնել նման զարգացում: Հիմա արդեն տեսնում եմ, որ վաղը լուսավոր է լինելու: Հայաստանում ոչ միայն ռեժիմ է փոխվել, այլեւ հոգեվիճակ, մարդիկ բարիացել են: Մի ժամանակ մտածում էինք՝ ինչ չար են մարդիկ, հիմա հասկացանք, որ չար չեն. նրանց չարացրել էին»:

Մենք զրուցեցինք նաեւ շարժման ընթացքում հանրապետականների անունով քաղաքում հայտնված սեւ ժապավենների եւ ծաղկեպսակների մասին. «Միանշանակ դեմ եմ այդ ամենին: Ես չեմ ասում, որ ես ծնվել եմ ընդդիմադիր: Ոչ: Եղել են դեպքեր, երբ վարել եմ Հանրապետական կուսակցության քարոզարշավի միջոցառումներ: Թույլ տվեք չմոռանալ: Հանրապետականների մեջ ունեմ իսկապես շատ լավ ընկերներ, ո՞վ ասաց, որ բոլորը չարիք են: Ես չեմ հրաժարվում իմ ընկերներից: Սա հեղափոխություն է ռեժիմի դեմ, ոչ թե անհատների: Նրանցից շատերը հետագայում գուցե նպաստեն Հայաստանի բարգավաճմանը»,-եզրափակեց Սամվել Գրիգորյանը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս