Երեկ ԱԺ-ում մշակութային գործիչների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում «Ելք» խմբակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նշել է, թե կա կառավարության կազմի մի քանի տարբերակ, իսկ թե որ տարբերակը կիրագործվի, կախված է կոնկրետ քաղաքական իրավիճակից: Նրա խոսքով, կառավարությունը քաղաքական իրավիճակի արտացոլումը պիտի լինի:
Հարցին` բացառում եք, որ ՀՀԿ-ից եւս լինեն նոր կառավարության կազմում, նա արձագանքեց. «Ես ասել եմ, որ իմ վարչապետ ընտրվելու պարագայում մենք կարձանագրենք քաղաքական իրավիճակը եւ այդ իրավիճակի վրա կփորձենք ձեւավորել համաձայնության կառավարություն»: Մեկ այլ հարցի` եթե փոփոխությունները լինեն, Դուք պատրա՞ստ եք հենց այդ պահին էլ հրաժարական տալ և գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, եթե տեսնեք անհրաժեշտ և բավարար հիմքեր, նա պատասխանեց.
«Իմ՝ վարչապետ ընտրվելու պարագայում, այն պահին, երբ որ տեսնեմ, որ կան լիարժեք պայմաններ իսկապես ժողովրդավարական, օրինական, թափանցիկ և լեգիտիմ ընտրություններ անցկացնելու, այո՝ ես հրաժարական կտամ»,-նշեց Փաշինյանը: