«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն բանակցություններ են տանում Նիկոլ Փաշինյանի հետ` ապագա կառավարության կազմում պորտֆելներ ունենալու հարցով: Ասել է, թե Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու համար աջակցություն հայտնած ուժերը ցանկանում են «փայ» ունենալ ապագա կառավարությունում եւ այժմ քննարկում են, թե որ նախարարությունն ում պետք է տրվի: Սակայն երկու կուսակցություններից էլ հերքում են այս լուրերը: «Նման քննարկում չի եղել: Այդպիսի տեղեկություն ինձ հայտնի չէ:
«Ծառուկյան» դաշինքն առանց նախապայմանների իր աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանին»,- նշեց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Դաշնակցությունը եւս հերքում է նման խոսակցությունները: «Չենք հավակնում եւ չենք պատրաստվում մտնել կառավարության կազմի մեջ: ՀՅ դաշնակցության հարաբերությունները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ քաղաքական ուժերի հարաբերություններ են, եւ մենք պատրաստ ենք կրկին աջակցել Նիկոլ Փաշինյանին: Այս առումով ոչինչ չի փոխվել»,- ասած ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: