
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը համատեղ հայտարարություն են տարածել Հայաստանի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրության առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԵՄ պաշտոնական կայքը, նրանք ընդգծել են, որ Հայաստանի խորհրդարանը վարչապետ ընտրեց Նիկոլ Փաշինյանին Սահմանադրությանը համապատասխան կարգով:
«Եվրամիությունն ակնկալում է աշխատել նրա և նրա կառավարության հետ նախորդ տարվա նոյեմբերին ստորագրված Եվրամիություն-Հայաստան համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի կյանքի կոչման շուրջ՝ հանուն ժողովրդավարության հետագա ամրապնդման, օրենքի գերակայության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի՝ ի շահ Հայաստանի բոլոր քաղաքացիների ստեղծելու բարգավաճ և ճկուն երկիր:
Հանուն այս նպատակների իրագործման՝ շարունակում է առանցքային մնալ համապարփակ երկխոսությունը Հայաստանի բոլոր քաղաքական կողմերի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության միջև»,- ասվում է հայտարարության մեջ:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում կայացած անվանական, բաց քվեարկությամբ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: Փաշինյանի օգտին կողմ քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր: