ՀՅԴ-ն չի դադարում ապշեցնել իր պահվածքով. Արմեն Ռուստամյանի հայտարարության հետքերով. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ-ն չի դադարում ամեն քայլափոխի ապշեցնել իր պահվածքով: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով ՀՀԿ-ի հետ ներկոալիցիոն հարաբերություններին եւ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչո՞ւ այն ժամանակ չէին բարձրաձայնում խնդիրների մասին, որոնք վնասում են երկրին, մի քանի անգամ կրկնել է միտքը, թե իշխանության ներսում կաշկանդված են եղել: Ավելին` Ռուստամյանը հասկացրել է, որ շատ հարցերի վերաբերյալ ներկոալիցիոն քննարկումներում իրենք խոսել են, սակայն ՀՀԿ-ն, միեւնույնն է, իրենն է արել: «Մենք, ունենալով որոշակի կաշկանդումներ կոալիցիոն հուշագրի շրջանակներում, այն հարցերը, որոնք քննարկել ենք ներսում, դրանք չենք հրապարակել, բայց մենք առիթից առիթ դրա մասին հստակ ասել ենք»,- պնդել է Ռուստամյանը:

Այնպիսի տպավորություն է, թե ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ «ծանոթացել է» միայն կոալիցիա կազմելուց օրեր առաջ, իսկ մինչ այդ որեւէ հեռավոր պատկերացում անգամ չի ունեցել ո՛չ այդ քաղաքական ուժի, ո՛չ նրա գործելաոճի մասին: Տպավորություն է, թե ՀՅԴ-ում միայն կոալիցիոն համաձայնագիր կնքելուց, երկու տարի աշխատելուց հետո նոր են բացահայտել, թե ո՞ւմ հետ գործ ունեն, ի՞նչ պայմաններում են աշխատում եւ այսպես շարունակ: Համաձայնեք` իսկապես զավեշտի ժանրից է: Առավել եւս, երբ ժամանակին ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ էլի կոալիցիա էր կազմել` 2008թ. նախագահական ընտրություններից հետո` մարտի 1-ի սպանդից մեկ օր առաջ:

Ուստի նախորդ փորձը ՀՅԴ-ին պետք է հուշեր, թե որքան են կաշկանդվելու կոալիցիոն համագործակցության ժամանակ: Եւ բացի այդ` 2016թ. փետրվարին, երբ նոր էին սկսվել ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունները, նույն Արմեն Ռուստամյանը հայտարարել էր, թե ՀՀԿ-ն ժողովրդի աչքին հեղինակազրկված է, անգամ ՀՅԴ հեղինակությունն է տուժելու այդ համագործակցությունից, սակայն այդքանից հետո իրենք, միեւնույն է, իշխանության մաս կազմեցին` այդ իշխանության համար ստանձնելով ամբողջական պատասխանատվություն: Համաձայնեք` ՀՅԴ-ի արդարացումները, թե իրենք կաշկանդված են եղել, մեղմ ասած, հեռու են իրականությունից: Չգիտեի՞ն` ում հետ են համագործակցելու, չգիտեի՞ն, որ կաշկանդվելու են, այն էլ մի իրավիճակում, երբ ՀՀԿ-ն խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ուներ, հետեւաբար կարող էր միայնակ ձեւավորել իշխանություն: Թե՞ գիտեին, բայց հանուն պաշտոնների գնացին այդ ճանապարհով, ու եթե իրենք, այնուամենայնիվ, կաշկանդվել են, ապա կաշկանդվել են, որովհետեւ ՀՀԿ-ն, Սերժ Սարգսյանը թվում էին անպարտելի, ուստի դեմ դուրս գալով` նրանք կարող էին պաշտոնները կորցնել:




Լրահոս