Օրերս ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հանդիպել էր մշակույթի գործիչների հետ, քննարկել որոտին առնչվող խնդիրներ: Արդյունքում, սակայն, որոշ արվեստագետներ, որոնք ներկա չէին քննարկմանը, դժգոհ էին մնացել, նրանք հարցրին, թե ինչու իրենց էլ չեն հրավիրել հանդիպմանը, եւ ինչ սկզբունքով են ընտրվել հրավիրված գործիչները: Դրանից հետո արդեն Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց՝ նախաձեռնողները տեղեկացրել են, որ մի խմբով ցանկանում են հանդիպել իր հետ, ինքն էլ, բնականաբար, չի մերժել:
Այնուամենայնիվ, պարտավորվում եմ՝ վարչապետ ընտրվելու պարագայում հանդիպում կազմակերպել Հայաստանի մշակութային ողջ դաշտը ներկայացնող ներկայացուցչական պատվիրակության հետ եւ քննարկել մշակույթի ոլորտի ընթացիկ եւ ռազմավարական խնդիրներն ու դրանց լուծումներըե,-նշել էր նա: Թեմայի շուրջ ,Ժողովուրդե օրաթերթը զրուցել է այդ հանդիպման մասնակիցներից ճարտարապետ Արսեն Կարապետյանի հետ:
-Արսե՛ն, հետեւելով ուղիղ հեռարձակմանը` նկատեցինք, որ անդրադարձաք ոչ միայն մշակութային ընդհանուր քաղաքականությանն առնչվող, այլեւ մասնավոր, ոլորտային խնդիրներին, այո՞:
-Ես այդ հանդիպումից այնպիսի ազդակ ստացա, որ ապագա կառավարությունը պատրաստ է լսել մշակույթի խնդիրները եւ զբաղվել դրանցով: Ի դեպ, կցանկանայի նշել, որ ես քննարկմանը հայտնվել եմ ,Քաղաքացիական պայամանագիրե կուսակցության անդամ ընկերներիս հրավերով եւ որեւէ ճարտարապետի չեմ ներկայացրել. ինձ ոչ ոք այդ լիազորությունը չէր տվել: Դա ուղղակի ճանաչողական հանդիպում էր. որեւէ լուրջ հարց չի քննարկվել եւ չէր էլ կարող քննարկվել այդ ֆորմատով: Պարզապես հասկացա, որ եթե մենք մեր մասնագիտական համքարություններում պատրաստ ենք առաջարկություններ անել, իրենք էլ պատրաստ են դրանք լսել:
-Նիկոլ Փաշինյանը պատրաստակա՞մ էր երկխոսության: Դուք այլ պաշտոնյաների հետ եւս նախկինում հանդիպումներ եք ունեցել: Եթե համեմատեք նրանց մոտեցումները, ի՞նչ եզրահանգումների կարող եք գալ:
-Այո, այս ձեւաչափում հանդիպել եմ ՀՅԴ խմբակցության անդամների, Տիգրան Սարգսյանի, Կարեն Կարապետյանի հետ, երբ վերջինս քաղաքապետ դարձավ: Կարեն Կարապետյանի հետ խոսակցության փորձն, օրինակ, շատ տհաճ էր, որովհետեւ երկխոսությունն ընդհանրապես չստացվեց: Երեւի Նիկոլ Փաշինյանն առաջինն էր, որ փորձեց լսել մեզ եւ առաջինն էր, որ խոստովանեց՝ դա իր բնագավառը չէ: Նա նշեց, որ ուզում է՝ այդ հարցերով զբաղվեն մասնագետները:
-Ներկաներն էլ այդ տպավորությունն ունեի՞ն:
-Չեմ կարող ասել, բայց կցանկանամ մի բանի մասին խոսել: Քննարկմանը ներկա էին ժամանակակից արվեստի ներկայացուցիչներ, որոնք երկար տարիներ հեղինակում են նախագծեր, բայց իրենց քչերն են ճանաչում: Նրանք երբեւէ պետական աջակցության, լսվելու հնարավորություն չեն ունեցել պետական ատյաններում, եւ, ամենակարեւորը, որ շեշտեցին նաեւ հանդիպման ժամանակ, չեն էլ ակնկալում որեւէ օգնություն. նրանք եկել էին զուտ այն պատճառով, որ մշակութային ընդհանուր քաղաքականության մասին խոսեին:
-Եվ վերջում՝ ինչպե՞ս եք վերաբերվում այն արվեստագետների դժգոհությանը, որոնք ներկա չէին քննարկմանը:
-Այդ դժգոհությունը տեղին չէ, որովհետեւ առաջինը արվեստագետներն իրենք պետք է հավաքվեն, ինչ-որ հարթակ գտնեն՝ միասին որոշում կայացնելու համար, հետո նոր դիմեն կառավարությանը, որպեսզի այդ ծրագրերը հնարավոր լինի իրականացնել: Հաջորդ անգամ պետք չէ, որ մեզ կանչեն. մեր մասնագիտական միավորումները պետք է կարողանան ինքնակազմակերպվել: Չէ՞ որ այս հեղափոխությունը ցանցային պայքարի արդյունք էր. մենք էլ պետք է պատրաստ լինենք ապակենտրոնացված աշխատանքի: Ինքներս պետք է կոնսեսուսի գանք եւ ինչ-որ ծրագրեր առաջարկենք: Սա է ճանապարհը:
Աննա Բաբաջանյան