Ֆիլմերի արտադրության համար պետբյուջեից հատկացվել է 600 միլիոն դրամ. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» թերթը գրում է. «Ըստ հանրապետության կինոարտադրող երեք կազմակերպություններից ստացված վիճակագրական հաշվետվությունների ամփոփ տվյալների՝ 2014թ. թողարկվող 37 ֆիլմերից 2017թ. ավարտվել է 28–ի արտադրությունը: Այդ կազմակերպություններում շարունակվում է 9 ֆիլմի արտադրությունը, որոնց ավարտը նախատեսված է 2018–2019թթ.: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքում տեղ գտած հրապարակումից:

Նշված 28 ֆիլմերից չորսը լիամետրաժ են, ինը՝ փաստավավերագրական, հինգը կարճամետրաժ, ևս հինգը՝ կարճամետրաժ դեբյուտային, ուսանողական, իսկ չորսն էլ՝ անիմացիոն: Այս բոլոր ֆիլմերի արտադրական ծախսերն ամբողջությամբ վերցված կազմել են 599 միլիոն 729 հազար դրամ, որից 505 միլիոն 630 հազար դրամը կատարվել է նախորդ տարի: Պատճառը ֆիլմերի մեծամասնության՝ 24–ի, նախորդ տարի թողարկվելն է:

Նշված 28 ֆիլմերից ամենածախսատարն է եղել 2014 թ. թողարկված լիամետրաժ «Քարվաճառը», որի նկարահանման ծախսերը կազմել են 75 միլիոն դրամ: Երկրորդ տեղում է այս առումով 2016 թ. թողարկված կրկին լիամետրաժ «Վերադարձողները» ֆիլմը: Այս ֆիլմի վրա ընդհանուր առմամբ ծախսվել է 55 միլիոն դրամ: Ամենից մատչելին էլ այս դեպքում կարճամետրաժ «Միմի» ֆիլմն է, որի կյանքի կոչման համար անհրաժեշտ է եղել միայն 600 հազար դրամ:

Այս պահին անավարտ են մնացել ինը ֆիլմեր, որից մեկը կարճամետրաժ «Ավելորդն» է («Ճանապարհ» ֆիլմաշարից), անիմացիոն «Օլիմպիկոսն» ու «Ջազը»: Դեռ ընթացքի մեջ են նաև մեկ փաստավավերագրական՝ «Ասատուր Գյուզելյան» ֆիլմի նկարահանումները, ինչպես նաև լիամետրաժ «Տատիկիս վարսերը», «Սպիտակ», «Ձյունանուշ», «Տարօրինակ հեքիաթ» և «Անխելք մարդը» ֆիլմերը: Այս անավարտ ֆիլմերի մեծ մասը նույնպես թողարկվել է նախորդ տարի, բացառություն են «Օլիմպիկոսը», «Տատիկիս վարսերը» ու«Տարօրինակ հեքիաթը»: Սրանցից առաջինը թողարկվել է 2015 թ., իսկ մնացած երկուսը՝ 2016–ին:

Ի դեպ, այս ինն անավարտ ֆիլմերի համար արդեն իսկ ծախսվել է 333 միլիոն 454 հազար դրամ, որից 221 միլիոնը՝ միայն նախորդ տարի:

Ֆիլմերի ֆինանսավորման մեծ մասն իրականացվել է պետական բյուջեի միջոցների հաշվին, ինչը կազմել է 653 միլիոն 531 հազար դրամ: Իսկ ընդհանուր առմամբ ֆիլմերի ստեղծման նպատակով կատարված ֆինանսական մուտքերը կազմել են 774 միլիոն 763 հազար դրամ: Եղել են նաև նվիրատվություններ, որոնք կազմել են 105 միլիոն 222 հազար դրամ:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս