Ինչ է լինելու Վիգեն Սարգսյանի նախաձեռնած ծրագրերի ճակատագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ցանկացած մարդ, ով իր կյանքից որոշակի ժամանակահատված նվիրել է երկրի պաշտպանության կազմակերպման գործին, պետք է առնվազն ոչ ադեկվատ լինի, որպեսզի չերազի, որ իր հաջորդն իրենից ավելի արդյունավետ լինի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին պաշտպանության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարի լիազորությունները վայր դնելու մասին հայտարարած Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է լինելու իրենց նախաձեռնած ծրագրերի ճակատագիրը ու արդյոք կան պայմանավորվածություններ նոր կառավարության հետ դրանք շարունակելու վերաբերյալ:

«Մենք այժմ պաշտպանության նախարարության անձնակազմով անում ենք մի վարժություն, որը մինչ այս երբևէ չի արվել: Պատրաստվում ենք մոտ 10 ժամանոց բրիֆինգ նոր նախարարի և իր թիմի համար՝ ըստ ուղղությունների, խնդիրների, ծրագրերի: Մենք յուրաքանչյուր ծրագրի տակ գիտենք իրավական դաշտի ներկա կարգավորումներն ու անելիքները, գիտենք ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց հետագա ճիշտ գործադրման ուղղությունները, շատ լավ հասկանում ենք այն առաջնորդությունը, որն անհրաժեշտ է ծրագրերի իրականացման համար և ամեն ինչ անելու ենք, որպեսզի նոր թիմը, նոր նախարարը հաջողեն, քանի որ դա կլինի մեր ընդհանուր հաղթանակը»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Նրա համոզմամբ՝ որևէ մարդ, ով գոնե 1 օր, 1 շաբաթ, 1 ամիս, 1 տարի նվիրել է երկրի պաշտպանության կազմակերպման գործին, պետք է առնվազն ոչ ադեկվատ լինի, որպեսզի չերազի, որ իր հաջորդն իրենից ավելի արդյունավետ լինի: «Դա բացարձակ անձնական ամբիցիայի խնդիր չէ, դա մեր հասարակության, երկրի, պետության անվտանգության հարցն է, այդ թվում և իմ ընտանիքի, երեխաների, նրանց ընտանիքների և այլն: Ես ամեն ինչ անելու եմ, որ անկախ քաղաքական հայացքներից՝ ով էլ հետագայում լինի նախարար, անպայման հաջողի: Չգիտեմ ինչքանով իմ խորհրդի կարիքը կլինի, բայց միշտ պատրաստ եմ լինելու այդ խորհուրդը տալու բոլոր ապագա նախարարներին՝ ոչ թե որովհետև ես բանակն ավելի լավ գիտեմ, քան իրենք իմանալու են կառույցը ղեկավարելուց 1 տարի անց կամ նախկին իրենց փորձից, այլ որովհետև դա միշտ կուտակային տեղեկատվություն է, որով պետք է կիսվել»,- ընդգծեց նա:

Վիգեն Սարգսյանը հույս հայտնեց, որ իրենց նախաձեռնած ծրագրերը շարունակություն կունենան: «Դրանք կարևոր ծրագրեր են: Դրանք բացարձակ մեր կուսակցական կամ քաղաքական հայացքների դրսևորման արդյունք չեն, դա փոքր երկրում մեծ բանակ ունենալու հետևանքով ավելի ստեղծագործ մոտեցմամբ ներդրված ծրագրեր են: Ես հատուկ դրանց մասին չեմ խոսել նախընտրական ծրագրերի ժամանակ՝ դրանք չշահարկելու նպատակով: Այդ ծրագրերի մասին հայտարարել եմ 2017 թվականի ապրիլին՝ ընտրություններից հետո «Ազգ-բանակ» համաժողովում և դա արվել է միտումնավոր, որովհետև ես համարել եմ, որ դրանք վերկուսակցական ծրագրեր են:

Ծրագրերը մանրամասն քննարկել եմ խորհրդարանի բոլոր խմբակցությունների հետ, որովհետև չեմ համարում, որ երկրի պաշտպանությունը պետք է լինի միայն մեկ կուսակցության կամ մեծամասնության խորհրդարանական գործառույթը: Եվ այդ հարցում ակնկալում էի վերկուսակցական մոտեցում, սակայն միշտ չէ, որ աջակցություն էի ստանում խորհրդարանում, որի համար կարծիքս հայտնել եմ հանրայնորեն և մնում եմ նույն տեսակետին՝ պատերազմող երկրում պետք է լինեն հարցեր, որտեղ հասարակությունն ունի կոնսենսուս, որը միտված է դրական արդյունք գրանցելուն, այլ ոչ թե չեղած տեղը խնդիր որոնելուն»,- նշեց Սարգսյանը:




Լրահոս