Վերջին օրերին բավական թվով անձինք հրաժարվում են ՀՀԿ անդամատոմսերից` հայտարարելով կուսակցությունից դուրս գալու մասին: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀԿ նախագահի տեղակալ պատգամավոր Գալուստ Սահակյանի հետ:
-Պարո՛ն Սահակյան, վերջին օրերին մի շարք անձինք հրաժարվում են ՀՀԿ անդամ լինելուց, ոմանք հրապարակայնորեն ետ են տալիս կամ պատռում կուսակցության անդամատոմսը: Ստացվում է` կուսակցությունը մեծ խնդիրների առջեւ է կանգնելու:
-Ես այդպես չեմ էլ հետեւում, թե ովքեր են գնում: Սովորաբար միշտ թույլերը հեռանում են: Մարդկության պատմությունն է այդպիսին: Այսօր մենք խոսում ենք ազատ Հայաստանի մասին` չմտածելով, թե այդ անկախությունը որտեղի՞ց եկավ Հայաստան, ովքե՞ր արեցին այդ անկախությունը, ո՞նց կարողացանք անկախ դարձնել: Մարդիկ լրիվ մոռացել են:
-Դուք հիշեցրեք: Ո՞վ է անկախությունն իրականացրել:
-Դա հետագայում, երբ ժամանակը գա, կհիշեցնենք:
-Դառնալով կուսակցությունից դուրս եկողների թեմային, ըստ Ձեզ` ի՞նչն է հիմնական պատճառը, որ դուրս են գալիս:
-Բնականաբար, տարբեր պատճառներով կարող է` չմասնակցեն, կարող է` գնան, կարող է` նաեւ գնան, ինչ-որ ժամանակ գա, նորից գան: Բայց կուսակցությունն ունի իր հզոր անդամները, որոնք մշտապես գործելու են եւ մնալու են կուսակցության մեջ: Ընդհանրապես ասեմ` Հանրապետական կուսակցությունը, եթե նայեք մեր կանոնադրությունը, բավական լուրջ կանոնադրություն եւ ծրագիր ունի Հայաստանի պետության եւ ազգապահպան երեւույթների հավերժության նկատմամբ: Մենք այդ ճանապարհով ենք գնում: Այ, որ օրինակի համար ելույթներ են ունենում, բերում են ժողովրդավարության հետ կապված ցուցանիշներ, որոնք տարբեր առիթներով տարբեր տեղերում նշվել է միջազգային արենայով, այսօր մատուցում են մեր ժողովրդին: Ես, օրինակ, լսեցի Փաշինյանի ճառը, բավականին հետաքրքիր ճառ էր, բայց այնտեղ, համենայնդեպս, չտեսա մեր ազգը, մեր հոգեբանությունը, մեր մոտեցումները: Ասվում էին խոսքեր, որոնք վերաբերում էին ընդհանրապես ժողովրդավարությանը: Թե այդ ժողովրդավարությունը որտեղ պիտի որոնեն եւ որտեղ պիտի գտնեն, կարծում եմ` ծրագրի ընթացքում, երբ կբերի Փաշինյանը, այնտեղ արտահայտված կլինեն:
-Կոնկրետ ի՞նչն էր պակասում Փաշինյանի ելույթում:
-Կարծում եմ` մեր կանոնադրությունը պիտի կարդար եւ ասեր` դա մեր ազգի համար ամենակարեւոր գործոնն է, որն, ըստ էության, ոչ միայն մեր հնարածն է, այլ պատմության զարգացումն է` հայ ժողովրդի պատմության եւ նրա ազգի եւ պետության հետագա հեռանկարներն ապահովելու համար: Այս մասին պիտի խոսք ասեր:
-Այսինքն` Փաշինյանը պետք է ՀՀԿ կանոնադրությո՞ւնը կարդար:
-Չգիտեմ: Ինչ ուզում է` թող կարդան, բայց գաղափարախոսությունը պիտի ունենան:
-Ներկայիս խնդիրներով Հանրապետական կուսակցությունը որքանո՞վ կարող է հաջողություն ունենալ, եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն:
-Այս պահին ընտրություններ չկան: Դեռեւս մենք չգիտենք` ծրագիրը հաստատելու ենք, չենք հաստատելու:
-Իսկ ի՞նչն եք կարեւորում կառավարության ծրագրում:
-Այդ ծրագրի ամենակարեւոր մասն ազգային անվտանգությունն է:
-Պարո՛ն Սահակյան, եթե ստացվի այնպես, որ մի քանի հազար անձ լքի կուսակցության շարքերը, ՀՀԿ-ն ի՞նչ ռեսուրսով է մասնակցելու, օրինակ, արտահերթ ընտրություններին:
-Չեմ կարծում, որ մի քանի հազար անձ կուսակցության շարքերը կլքի: Միշտ մտածեք… այսօր ասում են` հարյուր հազար, երկու հարյուր հազար, երեք հարյուր հազար մարդիկ են մասնակցում ցույցերին: Սովորաբար տվյալ կուսակցությանը մոտավորապես 52, 56 տոկոս ձայն է հասնում: Մնացածները դեմ են: Այնպես որ այդ դեմը կարող է 300.000 լինի: Մարդիկ միշտ մեզ ասում են` բա Ձեր կուսակցականներն ո՞ւր են, մտածում են` մենք էլ մերոնց պիտի հանենք, մեր ժողովրդի առջեւ կանգնեցնենք եւ մեկը մյուսին ոտնահարելով` ճանապարհ բացենք: Մենք այդ ճանապարհով, իհարկե, չգնացինք: Մենք գնում ենք այն ճանապարհով, որը ստեղծել ենք հենց սկզբից, Արցախի պատերազմի առումով, եւ անկախական, որոնք կարողացել են Սովետական շրջանում անկախության գաղափարը տարածել, այդ մարդկանց շնորհիվ ստեղծել ենք այս կուսակցությունը:
-Հիմա վտանգ չե՞ք տեսնում, որ կուսակցությունը կարող է պառակտվել: Եվ գործարար պատգամավորները, եթե այլեւս գումար չտրամադրեն, խնդիրներ կարող են առաջանալ:
-Ոչ, ոչ: Կուսակցությունը մշտապես գործելու է եւ ունենալու է իր կարեւորագույն տեղը մեր հասարակության մեջ:
Հ.Գ. Մի քանի օր է` «Ժողովուրդ» օրաթերթը փորձում է կապ հաստատել ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանի հետ` պարզելու համար, թե քանի անձ է կուսակցությունից դուրս եկել: Սակայն Թադեւոսյանն այդպես էլ զանգերին չի պատասխանում: Միայն մեկ անգամ հեռախոս վերցրեց եւ լսելով, որ իրեն լրատվամիջոցից են զանգահարում, վրդովված ձայնով ասաց, թե զբաղված է եւ շտապ անջատեց հեռախոսը:
Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ