ՀՀԿ անդամները շտապել են րոպե առաջ ազատվել զբաղեցրած պաշտոններից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուն անմիջապես հետո հաջորդեց հրաժարականների ու պաշտոնանկությունների շարքը: Ընդ որում, պաշտոնանակությունները եղան ոչ թե Փաշինյանի ձեռամբ, այլ վարչապետի` արդեն նախկին պաշտոնակատար, նախկին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի հրամանագրերով: Եվ եթե ըմբռնելի եւ հասկանալի կարող ենք համարել դեռեւս Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց հետո նշանակված նրա խորհրդականների աշխատանքից ազատվելը, ապա կարեւոր պաշտոններ զբաղեցնող անձանց շտապողականությունն այնքան էլ ընդունելի չէ:

Խոսքը մասնավորապես առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի եւ պաշտպանության փոխնախարարների պաշտոնակատարներ Արտակ Զաքարյանի եւ Արտակ Դավթյանի մասին է: Հասկանալի է, որ լինելով ՀՀԿ անդամներ` նրանք շտապել են րոպե առաջ ազատվել զբաղեցրած պաշտոններից, որպեսզի այդ ամենը չանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եւ իրենք էլ գեթ մեկ վայրկյան չհանդիպեն եւ ի պաշտոնե չհամագործակցեն:

Նշենք, որ ըստ Սահմանադրության` նորընտիր վարչապետը հինգօրյա ժամկետում պետք է նախագահին ներկայացնի առաջին փոխվարչապետի եւ փոխվարչապետների պաշտոնների համար թեկնածուներ, որից հետո տասնհինգօրյա ժամկետում էլ ձեւավորի կառավարություն: Հիմա մինչեւ մայիսի 13-ը Փաշինյանը պետք է այդ առաջադրումներն անի: Կարապետյանի քայլը բնական է՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո նա փորձեց իրենով անել իշխանությունը ռուսաստանահայ գործարարների աջակցությամբ, նույնիսկ մերժեց Փաշինյանի հետ իշխանությունը հանձնելու շուրջ բանակցությունների գնալը, չստացվեց. «Մերժիր Սերժին» կարգախոսը վերածվեց «Մերժիր ՀՀԿ-ին», «Մերժիր Սերժի Կարենին»: Այնպես որ, նա «աչքով աչք չունի տեսնելու» Փաշինյանին, թեեւ հրաժարականի դիմում ներկայացնելիս, նաեւ հայտարարություն է տարածել՝ մաղթելով «լավ տրամադրություն», նաեւ խորհուրդներ է տվել:

Իսկ ահա ՀՀ պաշտպանության նախարարի եւ երկու փոխնախարարների քայլը անհասկանալի է: Չնայած փաստացի ՀՀ ԶՈւ-ն համակարգում է գլխավոր շտաբը, եւ Սերժ Սարգսյանի հրաժարականին հաջորդած անիշխանության այս օրերին ԶՈՒ-ն իր առաջ դրված խնդիրները կատարեց ըստ արժանվույն, սակայն նախարարի եւ միանգամից երկու փոխնախարարի բացակայությունը խնդրահարույց է: «Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում գրել էր, որ պաշտպանության նախարարն ու երկու փոխնախարարները հրաժարականների դիմումները գրել էին դեռ մայիսի 4-ից, եւ միայն երեկ հրապարակայնացրին այդ փաստը: Բայց պատճառաբանությունը, թե նրանք քաղաքական իրավիճակի փոփոխության պատճառով են լքում պաշտոնները, մի տեսակ անընդունելի է, հատկապես այս ոլորտի պաշտոնյայի դեպքում:

Ի վերջո, ՊՆ-ում աշխատելով` նրանք պարտավոր էին մինչեւ վերջ ծառայել երկրին, իսկ եթե քաղաքական իրավիճակի փոփոխության պատճառով շտապում են հրաժարական ներկայացնել, նշանակում է՝ նրանց պաշտոնն էական չէր, նրանք էական ֆունկցիաներ չունեին, եւ նրանց գնալով կամ մնալով որեւէ բան չէր փոխվում: Որոշակի վերապահումներ կան Վիգեն Սարգսյանի դեպքում, քանի որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելուց հետո հայտարարել է կադրային փոփոխությունների, այդ թվում` հենց պաշտպանության նախարարին փոխելու մասին, եւ Վ.Սարգսյանը` իմանալով, որ իրեն ազատելու են պաշտոնից, ինքն է ազատվել:

Այժմ Նիկոլ Փաշինյանի առաջնային գործերից մեկն էլ հենց թափուր մնացած պաշտոններում համապատասխան անձանց նշանակումն է, ի վերջո, այդպիսի պաշտոնները երկար ժամանակ չեն կարող առանց ղեկավար մնալ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս