Ինչ պետություն էր կերտում Սերժ Սարգսյանը. Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այժմ կանգնում է ամենակարևոր հարցի առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը թեւակոխեց զարգացման մի նոր շրջափուլ, որից մեկնարկում է պետության աղճատված կերպի արմատական վերանայումը: Նախորդ 20 տարիներին` 1998թ. սկսած, Հայաստանը պարզապես բզկտվել է իշխանության ինքնանպատակ էության պատճառով, երբ իշխանությունը ծառայեցվել է բացառապես մի քանի հոգու անձնական շահերի սպասարկմանը: Ասվածում, դժբախտաբար, որեւէ չափազանցություն չկա, ինչի վկայությունն առաջին հերթին այսօրվա, բառի բուն իմաստով, համազգային ցնծությունն է:

20 տարի առաջ` փետրվարին, Հայաստանում տեղի ունեցած պալատական պետական հեղաշրջմամբ անշեղորեն խզվեց Հայաստանի զարգացման ընթացքը: Պատմությունը երբեւէ չի հիշում դեպք, որ պալատական հեղաշրջումը աղետալի հետեւանքների հասցրած չլինի: Մեր պարագայում դրա անխուսափելի հանգրվանը դարձավ Հոկտեմբերի 27-ը` գլխատելով ՀՀ իշխանության ներսում պետականամետ հոսանքը: Այդ պահից ի վեր Հայաստանում սկսեց հաստատվել բրգաձեւ քրեաօլիգարխիկ մի համակարգ, որը տարիներ ի վեր ավելի մոնոլիտ էր դառնում` համախմբվելով կոնկրետ անձի շուրջ:

Ռոբերտ Քոչարյանը քայլ առ քայլ վերածվում էր հայկական «Պուտինի», որը նախագահությունից հետո անցում պիտի կատարեր վարչապետի պաշտոնին` իր ձեռքում կենտրոնացնելով ամբողջ իշխանությունը: Սակայն 2008թ. մարտի 1-ի իր արկածախնդրությամբ Քոչարյանը անվերադարձ փակեց քաղաքականություն վերադառնալու դուռը` բրգաձեւ իշխանության հետագա ճարտարապետ կարգելով Սարգսյանին: Վերջինս բավականին ուշիմ ուսանող դուրս եկավ, քանի որ ոչ միայն հաջողեցրեց խաղից դուրս թողնել իր երբեմնի զինակցին, այլեւ լիովին ամայացման հասցնել Հայաստանի քաղաքական դաշտը: Սարգսյանը չկարողացավ խուսափել իր նախորդի` սեփական անձնական իշխանության հավերժացման գայթակղությունից:

Սակայն ի տարբերություն Քոչարյանի` նա կարողացավ հնարամտորեն փոխել Սահմանադրությունը, իր քաղաքական հակառակորդներին ստիպել հրաժարվել քաղաքական գործունեությունից, քաղաքական դաշտը լցնել արհեստավարժ հաճախորդներով ու համատարած աղմուկի պայմաններում սկսել կառավարման երրորդ ժամկետը: Այդ երրորդ ժամկետին Սերժ Սարգսյանը գնաց լիովին ինքնավստահ` առանց կասկածելու իր ծրագրի հաջողության մեջ: Ունենալով արտաքին ուժային կենտրոնների համաձայնությունը, ներհայաստանյան գործընթացներում չեզոքացնելով իր գրեթե բոլոր իրական հակառակորդներին` Սարգսյանին, թվում էր, ոչինչ չէր կարող խանգարել: Սակայն մարտի 1-ի ուժով հարկադրաբար քուն մտած ժողովրդական հրաբուխը ժայթքեց` Սերժ Սարգսյանին թողնելով ձեռնունայն:

Սարգսյանի համար իշխանության կորուստը թերեւս առաջին հերթին անձնական ողբերգություն է: 2008թ. պատասխանելով իր հրաժարականի հնարավոր ժամկետների մասին հարցին` նա ինքնավստահ տոնով հայտարարում էր, որ երբեք հրաժարական չի տալու: Եվ այդ նշանաբանով էլ առաջնորդվում էր` պետության ամբողջ ներուժը ծառայեցնելով սեփական իշխանությունն ամրապնդելուն, ուժեղացնելուն ու հավերժացնելուն: Սարգսյանն ամբողջ կյանքում եղել էր իշխանության աստիճանակարգության մեջ, իսկ ՀՀ անկախության հռչակումից հետո մշտապես եղել որոշումներ կայացնող ամենանեղ շրջանակում: Պետական կառավարման բնագավառում հաստատելով իր անձնական ներկայության փաստական պարտադրանքը` Սահմանադրության փոփոխությամբ Սարգսյանն իրավական առումով էլ իրենց դարձրեց անփոխարինելի: Մերօրյա քաղաքական ճգնաժամի պայմաններում անթաքույց դրսեւորվեց գործող Սահմանադրության բացարձակ անկատարությունը` ցույց տալով, որ Սարգսյանն այն կարել էր բացառապես իր չափերով:

Այստեղ նա ուղղակի խեղաթյուրել է ՀՀ պետականության հիմնասյուները` Սահմանադրությունը դարձնելով իրավիճակին անհամարժեք փաստաթուղթ: Նա իր անվերապահ վերահսկողությունն էր հաստատել ՀՀ տնտեսության նկատմամբ` վերջինս դարձնելով մի քանի ընտանիքի սեփականությունը, որն անձամբ էր տնօրինում: Քաջ գիտակցելով, որ միայն խոշոր տնտեսությունն է բացարձակ կառավարելի, Սարգսյանն ամբողջացրեց Քոչարյանի օլիգոպոլ տնտեսության մոդելը` անձամբ երաշխավոր լինելով դրա կենսունակությանը: Պետական կառավարման ու տնտեսական բնագավառներում Սարգսյանն իր անձը դարձրել էր անփոխարինելի եւ այդ ուղղությամբ նա աշխատել է վերջին 10 տարվա յուրաքանչյուր օր:

Այսօր Հայաստանում այլեւս նոր իշխանություն է, որ ձեւավորվել է համաժողովրդական համերաշխության միջոցով: 20 տարվա մեջ առաջին անգամ Հայաստանում իշխանության առաջին դեմքի ընտրությունը տեղի ունեցավ առանց փշալարերի ու ոստիկանական պատնեշների, որոնց փոխարեն ժպտուն երիտասարդությունն էր ողողել Հանրապետության հրապարակը: Այսօրվանից Հայաստանն ազատված է իշխանության դելեգիտիմության խարանից, եւ այդ ազատագրումը պետք է շարունակվի մինչեւ վերջ` Հայաստանում արդար ու ազատ ընտրությունների միջոցով նոր խորհրդարան ու իշխանություն ձեւավորելով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այժմ կանգնում է ամենակարեւոր հարցի առաջ` ինչպիսի իշխանություն եւ դրանից բխող` պետություն է ցանկանում կառուցել: Սերժ Սարգսյանը ստեղծում էր անձնական օգտագործման պետություն, եւ նրա մոտ կարծես ստացվում էր:

Մինչդեռ այժմ տասնապատիկ բարդ եւ լուրջ գործ է սպասվում. մի կողմից` դիմակայել Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ-ի սաբոտաժին, մյուս կողմից` կառուցել քաղաքական հենարան ու ձեռնամուխ լինել, բառի բուն իմաստով, իրական պետության կերտմանը: Սա չափազանց դժվարին գործ է, որը մեկնարկում է մաքսիմալ իրատեսական հաշվարկներ կատարելուց, հստակ քաղաքական առաջնահերթություններ սահմանելուց եւ կադրային սթափ քաղաքականությունից: Մեկ անգամ մեր պետական-ազգային զարթոնքի ընթացքը շեղվել է, ինչի կրկնությունը թույլ տալու ճոխություն չի կարող ունենալ ո՛չ նորընտիր վարչապետը, ո՛չ էլ նրա հաղթանակի երաշխավոր ժողովուրդը:

Ն. Հովսեփյան




Լրահոս