Մենք ունեինք ընդհանուր նպատակ եւ դրա ֆոնին առանձնանալն ինձ համար անընդունելի է. Լուլուն՝ բեմերից ելույթներ չունենալու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռադիո եւ հեռուստահաղորդավարուհի Լուսինե Բադալյանի հետ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած համաժողովրդական շարժմանը շոուբիզնեսցիների մասնակցության եւ եվրատեսիլյան թոհուբոհի մասին:

Լուսինեն նշեց՝ շարունակում է մնալ այն կարծիքին, որ ժողովրդական շարժմանը հայտնի եւ անհայտ մարդկանց մասնակցության հարցը չպետք է զատվի. «Մենք ունեինք մեկ ընդհանուր նպատակ, եւ դրա ֆոնին առանձնանալն ինձ համար անընդունելի է: Ես էլ իմ ձեւով եմ երեւացել, օրինակ՝ գրառումներ անելով, հաղորդումներ պատրաստելով, բայց ոչ մի անգամ ինձ թույլ չեմ տվել բեմ բարձրանալ եւ այնտեղից կոչեր հնչեցնել: Բայց սա սուբյեկտիվ կարծիք է, բեմ բարձրացողներից շատերն իմ ընկերներն են, եւ նրանք այլ տեսակետ ունեն: Եվ ես, թեեւ ինքս չէի անի, բայց միաժամանակ ընդունում եմ, որ հայտնի մարդկանց կոչերը կարող են ոգեւորիչ լինել, եւ չեմ մեղադրում ոչ ոքի»:

Անդրադառնալով եվրատեսիլյան թեմային՝ Լուսինեն շեշտեց, որ միջազգային այս մրցույթում Հայաստանին խանգարում է պաթոսը. «Լավ բան է հայրենասիրությունը, բայց «Եվրատեսիլը» դրա տեղը չէ: Այստեղ հարկավոր է ներկայանալ միջազգային չափանիշներին համապատասխան երգով, գործիքավորմամբ, շոուով: Քո լեզուն, քո ազգային-ազատագրական ոգին, ենթատեքստը այդ մրցությում հաջողություն չի բերում, ավելին՝ խանգարում է: Ես հավանություն եմ տալիս Սեւակ Խանաղյանի վոկալային տվյալներին եւ «Քամի» երգին, բայց ինձ համար ընկալելի չէ, որ այդ երգը «Եվրատեսիլում» ներկայացվում է հայերեն»:

Ամեն դեպքում, Լուսինեն կարեւորեց այդ մրցույթին Հայաստանի մասնակցությունը՝ նկատելով, որ այդպիսով հնարավոր է լինում գրավել զբոսաշրջիկների. ««Եվրատեսիլին» տարիներ շարունակ հետեւելուց հետո անձամբ ինձ մոտ ցանկություն է առաջացել գնալ Շվեդիա, որովհետեւ ինձ հետաքրքրել է, թե ինչպես է ամեն անգամ այդ երկիրը ներկայանում եվրատեսիլյան բեմից»:

Հիշեցնենք, որ այս տարի եվրատեսիլյան բեմում Հայաստանը ներկայացնում է երգիչ Սեւակ Խանաղյանը: Մրցույթն անցկացվում է Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում:

Աննա Բաբաջանյան




Լրահոս