Կարծում եմ՝ հումորային հոլովակներ նկարահանելու համար թեմաները չեն սպառվի. Սերգեյ Դանիելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 8-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող, ԱԺ ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց Հայաստանի վարչապետ: ԱԺ հատուկ նիստում Փաշինյանի օգտին քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր: Նրա առաջնորդած շարժմանը մեկ ամսվա ընթացքում աջակցություն են հայտնել մշակույթի մի շարք գործիչներ: Թեմայի շուրջ զրուցել ենք նրանցից մի քանիսի հետ: Ներկայացնում ենք դերասան Սերգեյ Դանիելյանի մտորումները:

Սերգեյ Դանիելյան-Այն, որ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ, շատ լավ է, բայց դա գործի մի մասն է, ընդ որում՝ էմոցիոնալ մասը: Հիմա Փաշինյանը պետք է իրեն շրջապատի լավ, պարկեշտ մասնագետներով: Մենք նախկինում տեսել ենք, թե ինչ է տեղի ունեցել ազնիվ մղումներով մարդկանց հետ, որոնք եկել են իշխանության, բայց իրենց կողքին հավաքել են աղբ. արդյունքում ժողովրդի ոգեւորությունը փոխարինվել է ապատիայով:

Այս տեսլականն է, որ ինձ մտահոգում է, բայց չի վախեցնում. ի վերջո, Փաշինյանը վայելում է ժողովրդի աջակցությունը: Կարծում եմ՝ հումորային հոլովակներ նկարահանելու համար թեմաներն, այնուամենայնիվ, չեն սպառվի (ծիծաղում է): Հիմա քաղաքացիները պետք է շարունակեն անել իրենց քայլը, ինչպես անում են Գյումրիում: Բոլոր կաշառակերներին պետք է կամաց-կամաց չեզոքացնել, բոլոր «ավտարիտետները», որոնք խանգարում են ապրել, պետք է հեռանան: Քաղաքացին արդեն զարթնել է եւ գիտի, որ այս երկրի տերն է ու վերջ:




Լրահոս