Մայիսի 8-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող, ԱԺ ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց Հայաստանի վարչապետ: ԱԺ հատուկ նիստում Փաշինյանի օգտին քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր: Նրա առաջնորդած շարժմանը մեկ ամսվա ընթացքում աջակցություն են հայտնել մշակույթի մի շարք գործիչներ: Թեմայի շուրջ զրուցել ենք նրանցից մի քանիսի հետ: Ներկայացնում ենք բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանի մտորումները:
Նիկոլայ Ծատուրյան-Նախկինում մտահոգություն ունեի, որ հանրապետականները մայիսի 8-ին կարող են ինչ-որ բան ձեռնարկել՝ Փաշինյանի ընտրությունը տապալելու համար: Բայց, փառք Աստծո, դա տեղի չունեցավ: Ես ուսումնասիրել եմ Նիկոլի մարդ տեսակը, տեսել եմ նրան ընտանիքում եւ կարող եմ ասել, որ նա շատ լավ տղա է: Միայն թե վախենում եմ՝ ժողովուրդը չփչացնի նրան, որովհետեւ հենց որ ինչ-որ մեկին կուռք են դարձնում, վերջինս վերածվում է դիկտատորի: Ժողովուրդը թող հավատա նրան, սիրի, բայց չաստվածացնի: Մարդուն կարող է փոխել նաեւ նրա շրջապատը: Ես այնքան կարգին մարդկանց եմ ճանաչում, որոնք ղեկավար պաշտոններ ստանձնելուց հետո փչացել են, հետո հենց նրանց գործից հանել են, էլի մեջների մարդն արթնացել է:
Մեզ դեռ սպասվում են հիասթափություններ, որովհետեւ Նիկոլը գլուխ է կանգնում լիովին քայքայված մի պետության, որը դեռ պետք է ուշքի բերել: Ժողովուրդը չպետք է սպասի, որ աշխատավարձերը, թոշակները կտրուկ բարձրանալու են, հետո թող հանկարծ չասի. «Բա մենք գնացինք իր ետեւից, ինքը դա չարեց»: Ամեն ինչ միանգամից չի լինելու: Ժողովուրդը կարող է պաշտել ու հետո ատել: Բայց հիմա ժամանակն է, որ ամեն մեկս լծվենք մեր աշխատանքին: Եթե ոմանք նախկինում ծուլանում էին, մտածում էին՝ հարուստների գրպաններն են լցնելու, հիմա արդեն պետք է մտածեն, որ պետության բյուջեն են լցնելու: Հայրենիք սիրելը բաժակաճառ չէ. զրկանք է, տառապանք, նվիրում, դա զոհաբերություններ է պահանջում: Բայց ես վստահ եմ, որ ամեն բան դեպի լավն է գնում, պարզապես տարիներ են պետք: Աստված առաջ:
Աննա Բաբաջանյան