ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը վերջին օրերի Հայաստանում կատարվածը հեղափոխություն չի համարում: Նա այս մասին նշեց լրագրողների հետ հանդիպմանը:
«Ինչու չեմ համարում, որովհետև հեղափոխությունը պետաիրավական համակարգի փոփոխություն է, իսկ մեզ մոտ տեղի է ունեցել իշխանափոխություն, խորհրդարանական մի խմբակցության ներկայացուցիչը վարչապետի պաշտոնում փոխարինել է մեկ այլ խմբակցության ներկայացուցչի: Այն եզրույթը, որ օգտագործվում է՝ փոքրամասնության կառավարություն, սխալ է: Դա հնարավոր է, երբ խորհրդարանում ոչ ոք չունի մեծամասնություն, և փոքրամասնության խմբակցություններից մեկն իր վրա վերցնում է պատասխանատվություն կոորդինացնելու այլ խմբակցությունների հետ յուրաքանչյուր որոշման շուրջ կոնսենսուս ձեռք բերելը: Այն, ինչ ունենք հիմա, իրավական առումով անհասկանալի մոդել է: Մենք ունենք խորհրդարանական մեծամասնություն, դրա հետ մեկտեղ փոքրամասնություն ներկայացնող վարչապետ, որը վտանգներով լի է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքով, ամեն անգամ, երբ մեծամասնության որոշումը ձեռք չտա փոքրամասնության վարչապետին և կառավարությանը, ապա նրանք պետք է մարդիկ դուրս բերեն փողոց և ճնշում գործադրեն պատգամավորների վրա, որպեսզի իրենց կամքին դեմ քվեարկեն: Ըստ նրա՝ դա ամեն ինչ է, բացի ժողովրդավարությունից և վտանգներով լի ձև է:
«Ինչու, որովհետև գտնվելու է մարդ, ով ավելի շատ մարդ կարող է փողոց դուրս բերել այլ իրավիճակում, այլ ժամանակներում և մենք շատ արագ կարող ենք հայտնվել տարօրինակ վիճակում: Լինում են ծայրահեղ իրավիճակներ, երբ խորհրդարանը չի արտացոլում իրական պատկերը: Կարող է մի քիչ էքստրեմալ հնչել, բայց այդ դեպքում, իմ պատկերացմամբ, նախընտրելի է ազնվորեն ասել, որ խորհրդարանը չի ներկայացնում ոչինչ, հռչակվել դիկտատոր և որոշումներ կայացնել հրապարակում: Հարցնել ժողովրդին, թե ինչպես կքվեարկի այս կամ այն հարցում, և ինչպես քվեարկի ժողովուրդը այդպես էլ օրենքներ, հրամանագրեր ընդունել, մինչև ձևավորվի նոր խորհրդարան»,-ասաց Վիգեն Սարգսյանը: Նրա խոսքով, այդպիսի փորձ աշխարհում շատ է եղել և այն աշխատել է:
Անդրադառնալով այն թիմի պատասխանատվությանը, որի անդամ է նաև Վիգեն Սարգսյանը՝ նա նշեց, որ այն շատ մեծ է: «Սրված իրավիճակ էր, վիրաբուժական միջամտություն է եղել, պետք է սպասել, վիճակը հանդարտվի, կայունանա, բոլոր բնականոն ռիթմերը վերականգնվեն, որից հետո պետք է բուժել խրոնիկ հիվանդությունները, պատճառները, որոնք ծնել են այս իրավիճակը»,-հավելեց նա: