Այսօր կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև Հայաստանի ու Արցախի միավորման հեռանկարների մասին։ Նա նշել է, թե դրա ուղիներից մեկն էլ Արցախի միջազգային ճանաչումն է։ «Երբ Արցախը միջազգայնորեն ճանաչված կլինի, Հայաստանի ու Արցախի ժողովուրդները կարտահայտեն իրենց դիրքորոշումը»,–նշել է Փաշինյանը:
Անդրադառնալով միջազգային ճանաչման հնարավորությանը` Փաշինյանը հայտարարեց, թե դրա լավագույն միջոցներից մեկն Արցախի խնդրի էության ներկայացումն է միջազգային հանրությանը: «Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստակամություն են հայտնել բանակցել Մադրիդյան սկզբունքների հենքի վրա, բայց մենք չպետք է առաջնորդվենք կարծրատիպերով, այլ պետք է հասկանանք, որ նպատակը ոչ թե բանակցություն է, այլ խնդրի լուծում: Մենք պետք է կարողանանք փնտրել ու գտնել խնդրի լուծման արդյունավետ գործիքներ», – նշեց նա:
Նա նաև հավելել է, թե Արցախի հետ հարաբերությունները կունենան նոր դրսեւորումներ եւ նոր շունչ կտրվի Արցախի միջազգային ճանաչմանը: «Մենք բոլորս համոզվեցինք, որ Արցախի եւ Հայաստանի անվտանգության ապահովման վերաբերյալ կլինի արդյունավետ համագործակցություն: Այդ խնդիրները լինելու են կառավարության ուշադրության կենտրոնում: Մենք հանդիպում ենք ունեցել ՊԲ-ում բարձրագույն հրամկազմի հետ, նաեւ ՊԲ հրամանատարի եւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ: Ես լսել եմ նրանց զեկույցները: Մենք պայմանավորվել ենք, թե ինչ քայլերով ենք գնալու առաջ»,-հայտարարեց Փաշինյանը: Նա նաև ընդգծեց, թե Ստեփանակերտը պետք է նորից դառնա բանակցությունների մասնակից: